Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Արեգ Բադալյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄՄԿ-ի կողմից հունվարից իրականացվող նոր ծրագրի (ուղղված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանը) մանրամասներն ու բաղադրիչները։
«ՄՄԿ-ի փախստականների արձագանքման պլանի գործողությունները Հայաստանում» ծրագիրը մեկամյա է, ֆինանսավորվել է ԱՄՆ բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի կողմից, ու դրա իրականացման ընթացքում կազմակերպությունն ակնկալում է արդյունավետ համագործակցություն նաև մարզպետի աշխատակազմի հետ։
Պարոն Հարությունյանը ներկայացրեց թեմային առնչվող նախնական անհրաժեշտ տեղեկատվությունն ու համատեղ աշխատանքի այն շրջանակը, որում կողմերը կարող են փոխգործակցել, նաև առաջարկներ արեց։
Կարդացեք նաև
Ծրագրի նպատակն է արձագանքել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության կարիքներին՝ միաժամանակ նպաստելով իրենց ներկայիս բնակության համայնքների սոցիալական կայունությանը և տնտեսական բարեկեցությանը:
Մարզպետի տեղակալը շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզը ծրագրում ընդգրկելու համար և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնեց։
ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ