Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ պետք չէ, որ պատճառաբանեն, էդ էն պահն է, որ եթե ուրախ չեն իմ աշխատանքի համար, մի վայրկյան ավել չեմ մնա. Վահան Քերոբյան

Փետրվար 16,2024 14:36

Նախքան Հակակոռուպցիոն դատարանն այսօր կհրապարակեր էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի վերաբերյալ խափանման միջոցի մասին որոշումը, լրագրողները մի շարք հարցեր ուղղեցին նախկին նախարարին:

«Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին»․ այս մասին իր ազատման մասին հայտարարության մեջ նշել էր Քերոբյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ անհամաձայնությունների մասին է խոսքը, ի պատասխան ասաց՝ մեկը կարող եք գրել, որ ԱԺ արտահոսքն է, երբ փակ դռների հետեւում ինքը ելույթ է ունեցել, ապա հավելեց՝ բայց դա միակը չէր:

Դիտարկմանը, թե յուրային չէի՞ք համարվում ՔՊ-ում, նախկին նախարարն արձագանքեց, որ բազմաթիվ ընկերներ ունի ՔՊ-ում:

Ապա հույս հայտնեց, որ իրեն հաջորդող նախարարն ավելի լավ կաշխատի:

Չնայած նա մի քանի անգամ շեշտեց, որ իրեն առնչվող գործը քաղաքական չէ, բայց դժվարացավ պատասխանել հարցին՝ արդյոք հնարավոր է, որ վաղն իրեն էլ քաղբանտարկյալ հռչակեն, միայն հավելեց՝ հասնենք կամրջին, նոր կտեսնենք:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Քերոբյանի եւ Մհեր Գրիգորյանի փոխհարաբերություններով. լա՞վ են, թե՞ վատ հարաբերությունները հարցին ի պատասխան՝ նա մի քանի անգամ կրկնեց՝ աշխատանքային: Իսկ արդյոք Գրիգորյանը կուզե՞ր, որ ազատվեիք աշխատանքից, նախարարը դժվարացավ պատասխանել:

Անդրադառնալով իր պաշտոնազրկմանը, նախկին նախարարն ասաց, որ ազատվելու մասին դիմում գրելու մասին իրեն ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ինչից հետո ինքը նամակով շնորհակալություն է հայտնել վարչապետին համատեղ աշխատանքի համար, վարչապետը՝ նույնպես: Նախկին նախարարը ընդգծեց, որ երախտապարտ է, որ իրեն այդ պաշտոնում աշխատելու հնարավորություն է ընձեռվել:

Հարցին՝ իրեն պատճառաբանե՞լ են, թե ինչու են ուզում, որ ազատման դիմում գրի, նախկին նախարարը պատասխանեց՝ ինձ պետք չէ, որ պատճառաբանեն, էդ էն պահն է, որ եթե ուրախ չեն իմ աշխատանքի համար, մի վայրկյան ավել չեմ մնա, եթե իմ աշխատանքն այլեւս պահանջված չէ:

Հիշեցնենք, որ նախկին նախարարը հրաժարական տվեց օրեր առաջ, նրան մեղադրանք է առաջադրվել առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող քրեական վարույթով:

Նիստից հետո Քերոբյանն ասաց, որ կարծում է՝ կբողոքարկեն դատարանի որոշումը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829