Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք խորհուրդ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հեռանա, քանի որ շատ լավ պատկերացնում ենք իր հեռանկարը, թե ինչ է լինելու իր հետ»․ Արամ Սարգսյան

Փետրվար 16,2024 14:01

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդը փետրվարի 20-ին՝ Արցախյան շարժման տարեդարձի օրը, Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք։ Այսօր հրավիրած ասուլիսում շարժման համակարգող Արամ Սարգսյանն ասաց, որ պահանջում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը եւ կառավարությունը վաղաժամկետ հրաժարական տան։ «Մենք դրա համար նաեւ հիմնավորում ենք պատրաստել՝ 100 պատճառ, որոնք կհնչեն հանրահավաքում, եւ գրքույկներ կբաժանվեն հանրահավաքի մասնակիցներին։ Եթե կարճ ասեմ, ապա մենք ուզում ենք օգնել Նիկոլ Փաշինյանին, որ նա ազատվի այս պատասխանատվությունից, որն իր ուսերի բեռը չէ, ինքը չի կարող այս բեռը տանել։ Ճիշտ կլինի, որ ժամանակից շուտ հեռանա, հասկանա, որ հետո պատասխանատվություն կրելը շատ ավելի դժվար է լինելու։ Հասկանա, որ այն, ինչ տեղի է ունենալու, երբ իրեն հեռացնեն այդ պաշտոնից, դա արդեն այլ մոտեցում է լինելու իր նկատմամբ։ Դրա համար մենք գտնում ենք, որ եթե ինքն այսօր ինքնակամ հեռանա, շատ ավելի ճիշտ կլինի»,- ասաց նա։

Ըստ Արամ Սարգսյանի՝ հանրահավաքին հրավիրել են մասնակցել նաեւ ԱԺ ընդդիմադիր 35 պատգամավորներին։ Ըստ նրա՝ անվստահության գործընթացը պետք է իրականացվի խորհրդարանում։ «Եվ եթե մեզ վստահի ժողովուրդը եւ մեզ հետ միասին այդ ճնշումը գործադրի, որպեսզի այսօրվա խորհրդարանն ընդունի այդ պահանջը, ապա մենք պատրաստ կինենք այլ քաղաքական ուժերի միասին ձեւավորել մի խորհուրդ, որը կքննարկի ժամանակավոր կառավարության կազմը»,- հավելեց նա։

Արամ Սարգսյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մեզ համար համահայկական նշանակություն ունեցող հարցի վերաբերյալ է նաեւ գերազանցել իր իրավասությունները՝ Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ «Այդ անձը, որն այսօր վարչապետի պաշտոնում է, դա չի նշանակում, որ նա իրավասու է ՀՀ անունից չեղյալ հայտարարել Արցախի Հանրապետության իրավական կարգավիճակը, որովհետեւ այն ձեռք է բերվել օրինական ճանապարհով։ Եվ այս ապագայում նա կատարել է հանցանք, խախտել է նաեւ Սահմանադրության բոլոր կանոնները, իրավունք չուներ ՀՀ անունից նման հայտարարությամբ հանդես գալ։ Ուզում եմ հիշեցնել, որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը ստեղծված է միայն մեկ պատճառով, որ Արցախի ժողովուրդն իրավունք ուներ ինքնորոշման իր իրավունքն իրացնել։ Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը, խոշոր պետություններն ընդունել են, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի անկախ ապրելու, Հայաստանի Հանրապետության վարչապետ կոչվածն ասում է՝ Արցախն Ադրբեջան է եւ դրանով ուզում է հարցը փակել։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ խայտառակ վիճակում ենք մենք։ Սա այն է, որ ազգը չպետք է հանդուրժի, ազգն իր ազգային արժանապատվությունը պետք է պահպանի։ Եթե այլ պատճառ էլ չլինի, միայն այս պատճառով նա պետք է հեռանա իշխանությունից, որովհետեւ սրանով Հայաստանի Հանրապետությունն է վերանալու»,- ասաց նա։

Արամ Սարգսյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց միանալ իրենց նախաձեռնությանը՝ նշելով, որ իրենք հավակնություններ չունեն, բաց են բոլոր, այդ թվում՝ Արցախի քաղաքական ուժերի հետ համագործակցելու համար։ Նա նաեւ ասաց, որ հանրահավաքները շարունակական են լինելու, փետրվարի 29-ին եւս հանրահավաք են նախատեսում։

«Մենք խորհուրդ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հեռանա, այսինքն՝ մենք շատ լավ պատկերացնում ենք իր հեռանկարը, թե ինչ է լինելու իր հետ, երբ ինքն ուզի թե չուզի, հեռանալու է։ Այն ժամանակ շատ ավելի լուրջ բաներ են իրեն սպասվում։ Երբ ինքն ընդունի իր մեղավորությունն ու ինքնակամ հեռանա, մենք դեռ ժամանակ ու հնարավորություն ունենք, շատ արագ հակաճգնաժամային ծրագիր կազմելով եւ ժամանակավոր կառավարություն ձեւավորելով, այս իրավիճակից դուրս գալ։ Եթե ինքն ինքնակամ չի գնում, դրա համար մենք ասում ենք՝ քաղաքական դաշտը պետք է կոնսոլիդացիայի ենթարկվի, ժողովրդին ներկայացնի իրական ծրագիր եւ նրան արդեն պարտադրի հեռանալ»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ 2020 թվականի պատերազմից հետո ընդդիմությանը չի հաջողվում մարդկանց համախմբել ու ոտքի հանել, Արամ Սարգսյանը պատասխանեց․ «Իհարկե, պարզ է, որ ընդդիմությունը պետք է կարողանար միասնաբար հանդես գալ, բայց պատճառները տարբեր են։ Դա մեր անցյալի, 35 տարվա պատմության հետ էլ կապված։ Բայց այս պահին մի քիչ այլ իրավիճակ է ձեւավորել։ Կարծում եմ՝ կարեւոր է հետեւյալը, թե երկրի առաջիկա ապագան ինչպե՞ս են ընկալում տարբեր ուժեր։ Դրա համար ենք մենք առաջարկում, որ այսպիսի հակաճգնաժամային ծրագիրը բոլորս միասին անենք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829