Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաէական գործոնը հիմա ժամանակն է, որ պետք է գերռացիոնալ օգտագործել. Արամ Սարգսյան

Փետրվար 16,2024 12:52

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ամենաէական գործոնը հիմա ժամանակն է, որ պետք է գերռացիոնալ օգտագործել

2023-ի սեպտեմբերից մի քանի հարցազրույցներում ասել եմ, որ Ադրբեջանը, անկլավները իր տարածքը համարելով, փորձելու է որոշակի գործողություններ անել, ասենք, կտրել Տիգրանաշենը հետևից և վերացնել անկլավությունը։ Նման նպատակ կար, իհարկե ոչ Տիգրանաշենի, որ ռազմական առումով բարդ է, այլ Տավուշի մարզի անկլավներից մեկի մասով: Չստացվեց, քանի որ կարողացանք մոբիլիզացնել ԱՄՆ-ին և ԵՄ-ին: Նրանց պատժամիջոցների սպառնալիքներով Ադրբեջանը հրաժարվեց անկլավներ մտնելու գաղափարից ու հիմա խոսում է այդ անկլավներ գնալ- գալու համար անհրաժեշտ արարողակարգ` սերվիտուտ, ձևավորելուց։ Քանի որ այդ տարբերակը փակվեց, Ադրբեջանը ՌԴ դրդմամբ փորձում է շփման գծում դիրքային մարտերով նախ ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, երկրորդ՝ վարկաբեկել եվրադիտորդների առաքելությունը տարածաշրջանում ու պարտադրել Հայաստանին գնալ առավելագույն զիջումների՝ ներառյալ միջանցքի մասով։

Միջանցք պոկելու միակ տարբերակը այսօր ՀՀ իշխանության համաձայնությունն է մնացել։ ՌԴ-ում համոզված են, որ նոր պատերազմի պարագայում, կանգնեցնելու համար ՀՀ վարչապետը ստիպված կլինի միջանցքը տալ, այլապես հանրային ընդվզմամբ, ինչպես ռուսամետների, այնպես էլ արևմտամետների, կհեռացվի իշխանությունից։ Բայց խնդիրն այն է, որ պատերազմողը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանը վախենում է պատժամիջոցներից: Հակառակ դեպքում 3 օր առաջ հրետանի կօգտագործեր և չէր դադարեցնի կրակելը: Էրդողանն էլ այս փուլում հակված է բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, ոչ թե փչացնել։ Չի բացառվում նաև, որ Ներքին Հանդում տեղի ունեցածը փորձարկում էր՝ արձագանքները ճշտելու նպատակով: Բնական է, որ այս ամենին ՀՀ ԱԳՆ-ն պետք է արձագանքի՝ խոսքը ուղղելով ոչ միայն Բաքվին, այլ առաջին հերթին արտաքին աշխարհին: Համոզված եմ, որ նման տեսակետների բարձրաձայնմամբ կառավարությունն ունի ինչպես իրազեկման, այնպես էլ կանխարգելիչ նպատակ՝ Նիկոլ Փաշինյանը պարզ ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաների մասնակցությամբ ձեռք բերված ու համաձայնեցված պայմանավորվածությունից և չի ցանկանում սահմանազատման գործընթաց միջազգային նորմերով և բանակցությունների միջոցով։ Իլհամ Ալիևը սահմանազատումը փորձում է իրականացնել ռազմական ագրեսիայով, որը սահմանայինից կարող է վերածվել լայնամասշտաբի, այդ վտանգի դեմ է պայքարում միջազգային հանրությունը, որ կարող է լուրջ գլխացավանք լինել տարածաշրջանի համար:

Իմ կարծիքով՝ նման զարգացումները կանխելու նպատակով է ՀՀ վարչապետը բարձրաձայնում և հորդորում կառուցողական դաշտ բերել Ադրբեջանին, որպեսզի Ալիևը միջազգային դերակատարների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածություններով սկսի իրականացնել սահմանազատման գործընթացը, որում ՀՀ-ն պատրաստ է անգամ տեղային` մարզ առ մարզ տարբերակի…

Հ.Գ. Այս պարագայում կառավարության նիստում վարչապետի հայտարարության առաջին հասցեատերը ԱՄՆ-ը և ԵՄ-ն են, ինչպես նաև ՌԴ-ն, ում ասվում է, որ որևէ իրավիճակում ՀՀ իշխանությունը չի հրաժարվելու 1991-ին հաստատված ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու օրինական սկզբունքից։

Ամենաէական գործոնը հիմա ժամանակն է, որ պետք է գերռացիոնալ օգտագործել՝ ՀՀ ինքնիշխանության, բոլոր առումներով՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, ներքին զարգացումների, պաշտպանունակության բազմապատկման համար: Ճիշտ այն ժամանակը, որ այլևս գործում է ոչ միայն 2020-ի էյֆորիան չհաղթահարող, այլև Արցախում էթնիկ զտման ու Արցախի հայաթափման պատասխանը չտված Իլհամ Ալիևի դեմ: Սա անիվը հետ գլորելու մեր ժամանակն է…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829