Հարցազրույց բուլղարացի ճանաչված բաս, ռեժիսոր Օրլին Անաստասովի հետ
Այս օրերին Երեւանի օպերային թատրոնում վարպետության դասեր է անցկացնում Օրլին Անաստասովը։
Իրականում վարպետության դասերը անփոխարինելի եւ գրեթե միակ միջոցն են երիտասարդ երգիչների համար կարճ ժամանակահատվածում համաքայլ ընթանալու համաշխարհային խիստ արագընթաց փոփոխություններին։ Ընդ որում, արագության եւ ճկունության առումով ոչ մի այլ տիպի կրթական մեթոդ ավելի արդյունավետ չէ, քան վարպետության դասերը։
– Մաեստրո, օպերային արվեստի ոլորտի շատ քննադատներ ձեզ անվանում են «երկրորդ Գյաուրով»՝ համեմատելով ձեր հայրենակից, 20-րդ դարի մեծագույն բաս Նիկոլայ Գյաուրովի հետ։ Ձեր բեմական գործունեությունը հաշվվում է շուրջ քառորդ դար։ Մամուլից տեղեկացված ենք, որ արդեն 28 տարեկանում հանդես էիք եկել բառացիորեն աշխարհի բոլոր հեղինակավոր թատրոններում, մեծագույն դիրիժորների եւ ռեժիսորների հետ։ Չթվարկենք, քանի որ երկար ժամանակ կպահանջվի դրա համար։ Միայն մեկ օրինակ՝ դուք պատմության մեջ ամենաերիտասարդ բասն եք, ով 23 տարեկանում բեմ է բարձրացել «Լա Սկալայում», Դոն Բազիլիոյի դերերգով՝ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայում։ Թեկուզ կրկնվենք, բայց կարելի է պատկերացնել, թե ձեր եւ Նիկոլայ Գյաուրովի միջեւ հավասարության նշան դնելը ինչ պարտավորեցնող է ձեզ համար։
Կարդացեք նաև
– Մշտապես զարմանում եմ, որ արվեստագետներին համեմատում են։ Այդ բեռն ինձ վրա դրվել է հենց կարիերայիս սկզբից։ Բայց պետք է խոստովանեմ, որ նույն այդ բեռը լայն հնարավորություններ բացեց իմ առջեւ՝ որպես օպերային երգիչ։ Մյուս կողմից, այո, դա իսկապես անասելի պարտավորեցնող է։ Երբեք չեմ երգել Գյաուրովի հետ նույն բեմում՝ օբյեկտիվ պատճառներով, բայց, ասենք՝ 17 տարեկանում լսելով նրա ձայնագրությունները, եկա միանշանակ համոզման, որ գոնե ինձ համար նա օպերային երգչի չափանիշ է, օպերային երգեցողության իդեալ, որին ես միշտ ձգտել եմ։ Ավելին, հենց այդ լեգենդար երգիչն է պատճառը, որ ես երգում եմ…
– Կներեք, իսկ գոնե երիտասարդ տարիքում ձգտե՞լ եք ընդօրինակել նրան։
– Գյաուրովն այն քիչ երգիչներից է, ում կարելի է ամբողջությամբ ընդօրինակել, քանի որ նա ցուցադրում է բացառիկ բելկանտո։ Իսկ նրա ձայնագրություններն ինձ օգնում են հարստացնել սեփական վոկալ գունապնակս նոր տեմբրային գունավորմամբ, օգնել գտնել այս կամ այն կերպարին բնորոշ նոր հատկանիշներ։
– Անձամբ ծանո՞թ եք եղել լեգենդար երգչի հետ։
– Գյաուրովը երեք անգամ ներկա է եղել ելույթներիս, հաշվել եմ (ժպտում է- Ս. Դ.)։ Հետո հրավիրել է իր տուն։ Մեր հանդիպումները ձգվել են մի քանի ժամ, խոսել ենք ամեն ինչից, հասկանալի է, չէ՞, ոչ միայն երգարվեստից։ Ասեմ, որ նա չափազանց բարեհամբույր էր, ոչ հավակնոտ ու անկեղծ։ Զրույցների ընթացքում մենք կարող էինք մի քանի ժամ տրամադրել մեր ընդհանուր հոբբիին՝ ձկնորսությանը…
– Պլասիդո Դոմինգոյի 1999թ. հիմնած «Օպերալիա» մրցույթի առաջին մրցանակակիր եք, իսկ մրցույթից օրեր անց կայացել է ձեր դեբյուտը «Լա Սկալայում»։ Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։
– Ոչ թե օրեր անց, այլ մեկ ամիս անց «Լա Սկալայում» հանդես եկա Բազիլիոյի դերերգով։ Մրցույթում ինձ լսել էր մաեստրո Ռիկարդո Շայլին եւ հրավիրել։
– Նկարահանվել եք նաեւ Անդրեյ Կոնչալովսկու նկարահանած «Բորիս Գոդունով» ֆիլմ-օպերայում՝ համանուն կերպարով։
– Կոնչալովսկին արտասովոր վարպետ է, նա ուղղորդում է արտիստին, նրբանկատորեն «հրում» դեպի ցանկալի արդյունք։ Մինչ նկարահանումները, երկար փորձաշրջանի ընթացքում նա ինձ ասաց՝ մի երգիր, պարզապես շարժվիր։ Հենց դա ինձ թույլ տվեց բառացիորեն աճել՝ ձեռք բերելով այդ դերի համար պահանջվող պլաստիկությունը։ Ի դեպ, նա յուրաքանչյուր արտիստի է անհատական մոտեցում ցուցաբերում։
– Մեր օպերային թատրոնում եք մաեստրո Կարեն Դուրգարյանի հրավերով։ Կուզեինք ձեր կարծիքը լսել մեր մեներգիչների մասին։
– Օպերային արվեստը ավելին է, քան գեղեցիկ ձայնն ու գերազանց տեխնիկան։ Պիտի ասեմ, որ ունեք հիանալի վոկալ դպրոց, որի հետ առաջին առնչությունս Գեղամ Գրիգորյանի հետ էր. Պերուում մենք խաղընկերներ էինք Վերդիի «Ճակատագրի ուժը» ներկայացման մեջ։ Համոզված եմ, որ ձեր այն երգիչները, որոնց հետ վարպետության դասեր եմ վարում, հիանալի ապագա ունեն։ Նրանց տեմբրը շատ հարուստ է, գեղեցիկ ու ականջահաճո եւ տարբերվում է բազմաթիվ ազգերի իրենց գործընկերներից։
– Մաեստրո, ցանկություն չունե՞ք մեր թատրոնում բեմադրություն իրականացնել։ Գիտենք, որ վերջին շրջանում հանդես եք գալիս որպես ռեժիսոր նույնպես: Համաշխարհային օպերային գրականության նմուշներից բեմադրություններ եք հեղինակել Բուլղարիայում, Ռուսաստանում, Իտալիայում եւ այլն:
– Նման առաջարկ արդեն ստացել եմ մաեստրո Դուրգարյանից։ Այսքանը։
– Հասկանալի է՝ ցանկություն չունեք այս պահին փակագծեր բացել, բայց գոնե բարձրաձայնեք, թե ինչ գործ եք բեմադրելու։
– Համառն եք։ Ու հենց դրա համար կբարձրաձայնեմ՝ իրականացնելու եմ Պուչինիի «Բոհեմը» իտալացի դիրիժորի ընկերակցությամբ։ Երկար չեք սպասի (ժպտում է- Ս. Դ.), դա կլինի մոտ ժամանակներս։
Զրույցը՝
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
15.02.2024