Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություն-ընդդիմություն` միմյանց արժեն

Փետրվար 16,2024 12:00

Բոլորը խոսում են այն մասին, որ «բավական է խոսել»

Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակի հետեւանքով ունեցանք 4 զոհ, մեկ վիրավոր: Իշխանության ներկայացուցիչները, կարծես, որոշել են մեծ բարեբախտություն ներկայացնել փաստը, որ զոհերը ԵԿՄ անդամներ էին, ոչ թե ժամկետային զինծառայողներ։

Իրականում մենք հասել ենք մի կետի, երբ արդեն անիմաստ է վերլուծություններ անելը` ինչո՞ւ այդպես ստացվեց, ինչպե՞ս եղավ, ինչի՞ց հետո այդպես եղավ…

Եթե պատկան մարմինները Ներքին Հանդի դեպքից մեկ օր առաջ հաղորդագրություն են տարածում, թե` «Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է», ապա հավելում են` «այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության», պետք է գիտակցել, որ մեր պետության ինքնիշխան տարածքի հետ կարող են տեղի ունենալ ամենատարբեր զարհուրելի զարգացումները:

Մյուս կողմից էլ պարզ է, որ պաշտոնական Բաքուն սադրանքներից ու նույնիսկ ագրեսիայից չի խուսափելու: Ավելին, Ադրբեջանը «պատերազմ» է հայտարարել ԵՄ դիտորդական առաքելությանը եւ ցանկացած գնով ձգտում է հիմա էլ այս առաքելության գործունեությունը կասեցնել, ինչպես մինչեւ 2020թ. 44-օրյա պատերազմը` Բաքուն ու Անկարան արգելափակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը եւ որոշեցին ավելի կարճ ճանապարհով գնալ` պայմանավորվել Պուտինի հետ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ ԵՄ առաքելությունը «վտանգ է ներկայացնում ադրբեջանցի զինվորականների եւ քաղաքացիական բնակչության կյանքի համար»: Տեւական ժամանակ է՝ ադրբեջանական մամուլը քննադատում էր ԵՄ առաքելությանը: Եվ այս հարցում Բաքուն ու Անկարան միայնակ չեն, նրանց այս գործում հստակ աջակցում է Ռուսաստանը:

Խնդրի աշխարհաքաղաքական համատեքստը առավել քան պարզ է:

Սակայն պարզ չէ այլ բան: Եթե Հայաստանի իշխանությունը «խիստ կարեւորում» է մեր պետականությունն ու ինքնիշխանությունը` ինչպե՞ս է հետամուտ լինելու իր հռչակած սկզբունքների պաշտպանությանն ու կյանքի կոչմանը: Ներողություն հայցելու, զղջալու երանգներով պաշտոնական հայտարարություններ ուղղելով թշնամի երկրի՞ն: Ադրբեջանը, ցավոք, դեռ հակառակորդ չի, թշնամական պետություն է իր գործողություններով, դա մի երկիր է, որն, ինչպես ՀՀ իշխանություններն են բազմաթիվ անգամներ հայտարարել` «օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածքը»:

Հետեւաբար, մեր հասարակությունը կարող է միանգամայն սպասելի հարցեր ուղղել այս իշխանությանը. եթե մի քանի տարի իշխանությունը ի վիճակի չեղավ լուծել Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական օկուպացիայի հարցը` ինչո՞ւ են զարմանում Ներքին Հանդում տեղի ունեցածից: «Խաղաղության օրակարգին» հավատարիմ մնալը, ինչպես ցույց տվեց կյանքը, չի սաստում Ալիեւին, նրա հանդգնությունները շարունակական բնույթ են կրում եւ չեն նվազում Հայաստանին ուղղված նրա պահանջները:

Անհասկանալի, ավելի ճիշտ, արդեն զավեշտալի է հայաստանյան «քաղաքական» դաշտի պահվածքը: Փաշինյանի քաղաքականությանը հակադրվողները, «թող նա հեռանա, տեսնենք ինչ ենք անում»-ից բացի, որեւէ լուծում չունեն առաջարկելու հասարակությանը: Ու այդ` «թող նա հեռանա, տեսնենք ինչ ենք անում»-ը ենթադրում է ընդամենը հետեւյալը` «մենք Պուտինի հետ ավելի լավ կլինենք», ուրիշ ոչինչ:

Ընդդիմադիրները յուրաքանչյուրն իր «անկյունն» է զբաղեցրել ու պինդ պահում է այն: Բոլորը խոսում են այն մասին, որ «բավական է խոսել», ու սա շարունակվում է արդեն մի քանի տարի: Ոմանք որոշել են, որ քաղաքական յուրաքանչյուր իրադարձության մասին այդ իրադարձությունից ոչ ուշ, քան կես ժամ հետո պարտավոր են ֆեյսբուքում «ստատուս» գրել, որպեսզի ազգին լուսավորեն: Ոմանք նախընտրում են խորհրդարանում կառավարության անդամներին սուր հարցեր տալ:

Ոմանք ցանկացած աշխարհաքաղաքական թեմայով շաբաթը մի քանի անգամ մամլո ասուլիսի են շտապում, բոլոր հարցերի պատասխաններն ունեն, պարզապես չեն հասցնում մեկ մամուլի ակումբից մյուս ակումբը հասնել: Ոմանք նախընտրում են հյուրանոցային սրահներում քննարկումներում զեկույցներով հանդես գալը, իսկ քաղաքական թարմ իրադարձության պարագայում, որոնք նորմալ երկրում կարող էին «ֆորս-մաժորային» համարել, նրանք կրկին կոչ են անում հավաքվել նույն հյուրանոցային սրահում, խելք-խելքի տալ` «տեսնենք, ինչ ենք անում»:

Ու տարօրինակ է, թե ո՞ւմ են ուղղված նրանց հորդորները` «դե, մի բան արեք»… Իսկ նրանք, ում ուղղված են այդ հորդորները, ցանկանո՞ւմ են ինչ-որ «բան անել»…

Ավելի դյուրին չէ՞ արձանագրել, որ «նրանք» քաղաքական նպատակ չունեն որեւէ «բան անել», եւ դա վաղուց ակնհայտ է, եւ դրա համար, թերեւս, ունեն իրենց հիմնավոր պատճառները: Հետեւաբար` պետք է դադարել անիմաստ կոչեր հղել:

Բայց չէ, կոչեր հնչեցնողների պակաս մեր օրերում չի զգացվում: Ու, ցավալիորեն, հիմնականում նրանք քաղաքական դաշտում վաղուց սպառված, հասարակության աչքում մաշված, ձախողված, պարապուրդի մատնվածներն են, որոնք իրականում «աշխատանք» են փնտրում` աննկուն հորդորներ հնչեցնողի «հաստիքի» համար, որովհետեւ գիտակցում են, որ իրենց հորդորներով «Ազատության» հրապարակում կարող է հավաքվել 200-300 մարդ, լավագույն դեպքում: Որոշները սա, բարեբախտաբար, գիտակցել են, իսկ որոշ համառ «վճռականներ» սա էլ դեռ չեն գիտակցել:

Հայաստանյան իշխանությունն ու իրենց «ընդդիմադիր» համարողները, իրականում, միմյանց արժեն, նրանք երկուսն էլ վաղուց ձանձրացրել են մեր հասարակությանը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 15.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829