Լրահոս
Օրվա լրահոսը

«Կերած-հետ տված» պատերին հուշաքարն ասես կծկվի, ավելորդ դառնա. ֆոտոմեղադրանքներ

Փետրվար 16,2024 13:30

Երեւան քաղաքի զարգացման ծրագրերում ներառվում է քաղաքում տեղադրվելիք հուշարձանների, հուշաքանդակների համար մրցույթների հայտարարումը, արտաքին ձեւավորումն ու գովազդային վահանակների տեղադրման կարգը:


Պարբերաբար «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ են կատարվում, շենք-շինությունների պատերին համայնքային մարմինների որոշմամբ, որոշակի ժամկետներով տեղադրվում են թույլատրելի ցուցավահանակներ, հուշաքանդակներ:

Հուշաքանդակների տեղադրումը հաճախ համընկնում է անվանի մարդկանց փողոցների անվանակոչման հետ, երբ փողոցն է անվանակոչվում, միաժամանակ այդ փողոցի շենքերից մեկում, ուր որոշակի ժամանակահատվածում ապրել է մինչ իր մահը հայազգի անվանի անձը, տեղադրվում է քանդակը:

Մերօրյա երեւանյան անխնամ փողոցներին, պուրակներին, շենքերի համապատկերում «մոռացության» են տրվել դիմաքանդակները, հուշաքարերը, որոնք տեղադրվում են շենքերի պատերին:

Դեռ անցյալ տարվա մարտին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշմանը, որը վերաբերում էր «փոքր ճարտարապետական ձեւերի» կառուցման, տեղադրման հետ կապված հարցերին, դրանց ներկայացվող պահանջներին»:

Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ հանրապետության ողջ տարածքով, առանց որեւէ ընթացակարգերի եւ լիազոր մարմինների համաձայնությունների, իրականացվում են հուշաքարերի, խաչքարերի, խաչերի եւ ճարտարապետական փոքր այլ ձեւերի տեղադրման աշխատանքներ, խախտվում էր քաղաքի արտաքին տեսքը, գեղագիտական ու անվտանգային կանոնները:

Նախագիծը նախապես պետք էր համաձայնեցվեր քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ: Սակայն հակառակն էր:

Ամեն օր շրջելով Երեւան քաղաքի տարբեր համայնքներում, կարող ենք տեսնել լուսանկարներումս պատկերված վիճակին. հուշաքարի տակն ավելորդ գովազդային վահանակներ են, անմաքուր պատեր՝ տարատեսակ ներկերով գրառումներով, «կերած- հետ տված» պատերին հուշաքարն, ասես, կծկվի, ավելորդ դառնա…

Շատ հուշաքանդակներ մի կերպ են տեղադրվել պատերին, սովետական նավթալինոտ օդորակիչների պատճառով:

Ժամանակն է, սահմանվի կարգ. եթե հուշաքար է տեղադրված, ապա գովազդային որեւէ ցուցանակ այդ նույն պատին չամրացվի, ամրացնողի նկատմամբ կիրառվի վարչական պատասխանատվություն, այնպես, ինչպես պատերին հուշաքանդակի տակ հայհոյախառն գրություններ անողների նկատմամբ…

Երբեմն զավեշտի է հասնում հուշաքարը, երբ այն պատահաբար հայտնվում է մթերային խանութի պատի վերեւում, մասնավոր ընկերությունը գովազդում է իր ապրանքը՝ գրելով «թարմ»…ու երբ «թարմ» բառի կողքը գրված ապրանքը «փակվում է», ստացվում է պատերին «թարմ» Անդրանիկն է, Պերճն է, Մհերն է…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Նկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
15.02.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829