Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Որոշումը հրապարակեց Հակակոռուպցիոն դատարանը։
«Նոր նախարար նշանակե՞լ են»,–լրագրողներին հարցրեց դատարան եկած Վահան Քերոբյանը։ Նա հաստատեց, որ իրեն աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է առաջարկել հրաժարական տալ։
Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի՝ «պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը», 2-րդ մասի 4-րդ կետով՝ «մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Վահան Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում:
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի խումբ պաշտոնատար անձինք, կանխակալ որոշում ունենալով մրցույթում «Սիներջի» ընկերությանն ամեն գնով հաղթող ճանաչելու վերաբերյալ, այդ նպատակի իրագործման համար խմբի կազմում Ընկերության տնօրենի և աշխատակիցների օժանդակությամբ կատարել են գործողություններ՝ ուղղված մրցակցության սահմանափակմանն ու «Սիներջի» ընկերության մրցակցին մրցույթից հեռացնելուն:
Կարդացեք նաև
Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Սիներջի» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ նրանց տրամադրել մրցակից «Հարմոնիա» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը և նրանց օժանդակությամբ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց Հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով նրան հեռացնել մրցույթից:
Նախաքննությամբ առերևույթ հիմնավորվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նախքան մրցույթի գնահատման հանձնաժողովի նիստը, «Սիներջի» ընկերության տնօրենին հստակ հայտնել ու վերահաստատել են «Հարմոնիա» հիմնադրամին մրցույթից հեռացնելու և «Սիներջի» ընկերության հաղթանակն ապահովելու՝ իրենց դիրքորոշումը, ինչից հետո ընկերության աշխատակիցներին են հանձնել նրանց մրցակից «Հարմոնիա» հիմնադրամի կողմից ներկայացված փաստաթղթերի փաթեթն ու դրանց հիման վրա ստացել ընկերության եզրակացությունը՝ Հիմնադրամի՝ մրցույթի պայմաններին չհամապատասխանելու վերաբերյալ, որի հիման վրա էլ գնահատող հանձնաժողովի նիստում Հիմնադրամը հեռացվել է մրցույթից:
Մանրամասն՝ ավելի ուշ