Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե հանձնվելու պատրաստակամությունը, այլ դիմադրելու վճռականությունն է նվազեցնելու նոր պատերազմի հավանականությունը․ «ՉԻ»

Փետրվար 16,2024 09:00

Նիկոլ Փաշինյանը միտումնավոր մեր հանրությանը կեղծ երկընտրանքի առջև է կանգնեցրել․ իբր «կամ հասնում ենք խաղաղության՝ թեկուզ նվաստացման գնով, կամ չենք համակերպվում նվաստացման հետ, ընդվզում ենք և ստանում լայնածավալ պատերազմ»։ Իսկ ինչո՞ւ է այս երկընտրանքը կեղծ։ Լավագույն ձևակերպումը Չերչիլինն է․ «եթե որևէ երկիր նվաստացման և պատերազմի միջև ընտրում է նվաստացումը՝ կստանա և՛ նվաստացում, և՛ պատերազմ»։ Այլ կերպ ասած՝ նվաստացումն անխուսափելիորեն հանգեցնում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։ Ի դեպ՝ Չերչիլին է պատկանում նաև այս թեմայով երկրորդ հայտնի արտահայտությունը․ «երբ ինձ հարցնում են, թե ինչի՞ համար է պետք պատերազմել, ես պատասխանում եմ՝ եկեք հանձնվենք, այն ժամանակ կհասկանաք, թե ինչի համար էր պետք պատերազմել»։

Մի խոսքով՝ այնպես չէ, որ նվաստացման դեմ ընդվզողները պատերազմի կողմնակիցներ են, իսկ համակերպվողները՝ խաղաղության։ Որևէ ողջամիտ մարդ, բնականաբար, չի կարող պատերազմի կողմնակից լինել։ Բայց իշխանական քարոզիչները հարցը հենց այդպես են ներկայացնում, ու երբ որևէ մեկը (քաղաքական կամ հասարակական գործիչ, շարքային քաղաքացի) դեմ է արտահայտվում Նիկոլ Փաշինյանի գետնաքարշ քաղաքականությանը՝ անմիջապես չորս կողմից վրա են տալիս, թե «էդ ո՞ւմ արյան հաշվին ես պատերազմ քարոզում», «իսկ դու քո երեխային կուղարկեի՞ր առաջնագիծ», և այլն։ Մեծ հաշվով՝ լեգիտիմ հարցադրում է, բայց ուրիշ հարց է՛լ կա․ իսկ որևէ շարքային ադրբեջանցի պատրա՞ստ է իր երեխային ուղարկել առաջնագիծ՝ զոհվելու։ Ինչո՞ւ է մեզ թվում, թե Ադրբեջանի ժողովուրդը հրապարակները լցված՝ իր իշխանություններից Հայաստանի դեմ նոր պատերազմ է պահանջում։

Հետո՞ ինչ, որ ադրբեջանական բանակը, հնարավոր է, այս պահին մեր բանակից մի քիչ ավելի հզոր է, բայց ռազմական գործողությունների ժամանակ՝ և՛ 44-օրյա պատերազմում, և՛ սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմում, մեզանից շատ զոհեր է տվել, իսկ զոհվածների հարազատների համար, մեծ հաշվով, միևնույն է՝ իրենց զավակը հաղթակա՞ն պատերազմում է զոհվել, թե՞ պարտված։ Առավել ևս՝ որ 44-օրյա և մեկօրյա պատերազմները, նրանց տրամաբանությամբ, «ազատագրական» էին, այսինքն՝ ինչ-որ մոտիվացիա կար, իսկ Հայաստանի դեմ պատերազմը բացահայտ զավթողական է լինելու։ Ու դրա արդյունքում ոչ միայն հազարավոր ադրբեջանցիներ են կորցնելու իրենց զավակներին, այլև Ադրբեջանն է լրջագույն պրոբլեմներ ունենալու՝ որպես պետություն։

Այլ կերպ ասած՝ այնպես չէ, որ Ալիևը կարող է մի օր արթնանալ ու հրամայել հարձակվել Հայաստանի վրա, ադրբեջանական բանակն էլ քայլերթով կմտնի Հայաստան ու մի քանի օրում կգրավի։ Այո, եթե նախապես խոստանանք, որ չենք դիմադրելու՝ չի բացառվում, որ հենց այդպես էլ վարվի, հետևաբար՝ ոչ թե հանձնվելու պատրաստակամությունը, այլ դիմադրելու վճռականությունն է նվազեցնելու նոր պատերազմի հավանականությունը։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում

Լուսանկարում՝ Բաքվում 2021 թթ․ սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներին, քաղաքացիական անձանց և անհետ կորածներին նվիրված երթը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829