Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ ուզում ես համեղ սնվել, բայց բժիշկներն արգելում են չարաշահել աղը

Փետրվար 16,2024 09:30

Աղի չարաշահումը սիրտ-անոթային հիվանդությունների ու զարկերակային բարձր ճնշման պատճառներից մեկն է համարվում, և աշխարհի տարբեր երկրներում աղի օգտագործման հետ կապված տարատեսակ սահմանափակումները միտված են խնդրի թեթևացմանը։ Սակայն այդ սահմանափակումներից շատերը, օրինակ՝ սննդի հանրային կետերում սեղանին աղաման չդնելու որոշումը, չեն կարող խնդրի լուծում դառնալ, քանի որ համային նախասիրություններից զատ, մարդիկ շատ հաճախ այսպես կոչված «թաքնված» աղ են օգտագործում, որը ինչպես և շաքարը, բավականին մեծ քանակով պարունակվում է վերամշակված մթերքների կազմում։ 

Սրտաբանության ամերիկյան քոլեջի ամսագրում փետրվարի 12-ին հրապարակված հոդվածում նկարագրվում են վերջերս անցկացված հետազոտության տվյալները, որոնց համաձայն նորմայից բարձր զարկերակային ճնշում ունեցող տարեց մարդիկ, որոնք օգտագործել են աղի փոխարինիչներ, ավելի քիչ են ունեցել զարկերակային բարձր ճնշման խնդիր համեմատած այն անձանց հետ, որոնք կերակրի սովորական աղ են օգտագործել։ 

Կերակրի աղը կազմված է մոտ 40% նատրիումից և  60% քլորիդից։ Հետազոտությունում կիրառվել է աղի փոխարինիչ՝ հետևյալ բաղադրությամբ՝  62,5% նատրիումի քլորիդ,  25% կալիումի քլորիդ, 12,5%  սննդային չոր համեմունքներ (սունկ, կիտրոն, խոտաբույսեր, ջրիմուռներ և այլն)։

Մինչ հասանելի կլինեն նման բաղադրությամբ աղի փոխարինիչները նաև մեզ մոտ, որոշեցինք առանձնացրել այն տարբերակները, որոնք սննդում կարող են աղի այլընտրանքային տարբերակ լինել՝ ընդգծելով ուտելիքի համային հատկանիշներն ու թույլ տալով կրճատել աղի քանակը սննդակարգում։ 

1․ Սխտոր

Սխտորը կծու համեմունք է, որն ընդգծում է ուտելիքի համը՝ թույլ տալով կրճատել աղի քանակը սննդում։ Ընդ որում, սխտորն ինքնին օգտակար մթերք է, որում պարունակվող միացությունները նպաստում են իմունիտետի ամրացմանը, գլխուղեղի առողջության պահպանմանն ու  զարկերակային ճնշման նվազեցմանը։

2․ Կիտրոնի հյութն ու կեղևի քերուկը

Ցիտրուսայինները, մասնավորապես կիտրոնի հյութն ու կեղևի քերուկը աղի հրաշալի փոխարինիչ են։ 

3․ Աղացած սև պղպեղ

Սև պղպեղը ոչ միայն ընդգծում է ուտելիքի համը, այլև օժտված է հակաբորբոքային ազդեցությամբ։

4․ Սամիթ

Սամիթի թարմ համը, որն ունի նեխուրի համի նրբերանգներ, աղի բուրավետ փոխարինիչ է։ Սամիթը հատպապես լավ է համադրվում ձկան, կարտոֆիլի ու վարունգի հետ, և այս մթերքները պատրաստելիս սամիթի օգտագործումը թույլ կտա նվազեցնել աղի կիրառումը։

5. Չորացրած սոխ կամ սոխի փոշի

Ինչպես և սխտորը, սոխն ուժեղացնում է գրեթե ցանկացած ուտեստի համը։ Չորացրած սոխն ու սոխի փոշին ավելի լավ են ընդգծում ուտելիքի համը, քան թարմ սոխը։

6․ Բալզամիկ քացախ

Բալզամիկ քացախն ունի կծու, տտիպ ու մի փոքր քաղցր համ։ Այն ընդգծում է սննդի բնական համը՝ թույլ տալով նվազեցնել աղի կիրառումը։ 

7․ Ծխեցրած քաղցր պղպեղ, կարմիր կծու պղպեղի փաթիլներ

Ծխեցրած քաղցր կարմիր պղպեղի կամ կծու պղպեղի փաթիլների օգտագործումը ոչ միայն ընդգծում ու հարստացնում է սննդի համը, այլև հակաքաղցկեղային ազդեցություն է գործում իր մեջ պարունակվող կապսիացին նյութի շնորհիվ։

8․ Տրյուֆելի յուղ

Տրյուֆելի յուղը սնկի ընդգծված հողային համ ունի, որը յուրահատկություն է հաղորդում սննդին՝ թույլ տալով նվազագույնի հասցնել աղի կիրառումը։

9․ Հազրեվարդ

Հազրեվարդը թարմ կամ չորացրած վիճակում կիրառվելով՝ հետաքրքիր ու յուրահատուկ համ է հաղորդում ամենատարբեր ուտեստներին։ 

10․ Կոճապղպեղ

Իր կծու և քաղցրավուն համի շնորհիվ կոճապղպեղը նույնպես աղի լավ փոխարինիչ է, դրանից բացի, ունի նաև հակաբորբոքային ազդեցություն։ 

11․ Կորիանդր (գինձ) 

Գինձը ստանում են համեմի սերմերից։ Այն ավելացնում են սննդին ամբողջական կամ մանրացված վիճակում։ Գինձը ոչ միայն յուրահատուկ համ է հաղորդում սննդին, այլև, լինելով հարուստ հակաօքսիդանտներով, բարելավում է իմունային համակարգն ու ընդհանուր առողջությունը։

12․ Խնձորի քացախ

Խնձորի՝ քաղցր ու տտիպ համ ունեցող քացախը աղի հարմար փոխարինիչ է։ Այն կարող է կիրառվել որպես մարինադ մսի համար, ինչպես նաև համեղ հավելում է բանջարեղենային աղցանների համար։ Խնձորի քացախը նաև նպաստում է խոլեսթերինի մակարդակի նվազեցմանը՝ կրճատելով սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը։ 

13․ Դարչին

Դարչինը տարածված համեմունք է, որը հիմնականում կիրառվում է թխվածքներ կամ այլ քաղցր ուտեստներ պատրաստելիս, սակայն այն կարող է օգտագործվել  նաև հիմնական ուտեստների մեջ՝ յուրահատուկ համ հաղորդելով հավի, հնդկահավի մսին, տարատեսակ ապուրներին  ու թանձրուկներին, լոբով կամ ոսպով ուտեստներին։ 

14․ Եղեսպակ

Եղեսպակը ցիտրուսային ու նվենու համ ունեցող խոտաբույս է, որի չորացրած տարբերակը աղի հրաշալի փոխարինիչ է։ Այն շատ լավ է համադրվում դդմի, քաղցր կարտոֆիլի, բրնձի հետ։

15․ Թարխուն

Չորացրած թարխունը ևս սննդի համն ընդգծելու և աղի օգտագործումը նվազեցնելու լավ տարբերակ է։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Journal of the American College of Cardiology, Healthline

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829