Փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ պետական թանգարանում մասնակցել է «Էրեբունիի անկյունը Էրմիտաժում» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Պետական Էրմիտաժի համագործակցության շրջանակներում։
Բարձր գնահատելով միջոցառման կարևորությունը՝ դեսպան Հարությունյանը նշել է, որ ներկայացված նմուշները հնարավորություն են ընձեռնում ծանոթանալու Հայաստանի՝ որպես մարդկության զարգացման օրրաններից մեկի հնագույն պատմությանը։
«Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում հաշված րոպեների ընթացքում կարելի է խեղաթյուրել արյամբ և մարդկային սխրանքներով կերտված ժողովուրդների պատմությունը։ Դա վերաբերում է նաև Հայաստանի իրական հնագույն պատմությանը, որն այսօր որոշ երկրներ, ելնելով սեփական շահերից, փորձում են խեղաթյուրել էժանագին գործիքակազմերի միջոցով»,- հավելել է դեսպան Հարությունյանը։
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով Էրմիտաժ թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջմշակութային երկխոսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար՝ ՀՀ դեսպանը հանձնել է նրան Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալը։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանություն