Փետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միացյալ Թագավորության Խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։
Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձ կատարեց Հայաստանի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրներին, Արցախից բռնի տեղահանված հայորդիների իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման հարցերին։
Նորին Սրբությունը ցավով արձանագրեց, որ հակառակ բանակցային գործընթացին՝ Ադրբեջանի կողմից շարունակվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգությունները, սահմանին տեղ են գտնում սադրիչ գործողություններ, որոնց հետևանքով զոհվում և վիրավորվում են քաջարի հայորդիներ։ Առկա իրադրության մեջ Հայոց Հայրապետը կարևորեց միջազգային հանրության կողմից առարկայական ջանքերի գործադրումը Ադրբեջանի ռազմատենչ և ծավալապաշտական նկրտումների կասեցման համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը բերեց ներկաներին Հայաստանի հիմնախնդիրների հանդեպ ուշադրության և բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած զորակցության համար։
Կարդացեք նաև
Իր հերթին Սըր Ջոն Ուիթինգդեյլը Նորին Սրբությանը տեղեկացրեց Ջերմուկ քաղաք պատվիրակության այցի և Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքների հետ հանդիպման տպավորությունների մասին, անդրադարձ կատարեց հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք առնչվում էին Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, Հայաստանյայց Առաքելական և Քույր Եկեղեցիների փոխհարաբերություններին, ինչպես նաև տարբեր ոլորտներում Հայոց Եկեղեցու գործունեությանը։
Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ