Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ դատախազությունը բողոքարկում է ՀՀ ոստիկանության պետի նախկին խորհրդական, «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի՝ «Չաուշեսկուի» գործ անվանումը ստացած գործով առաջին ատյանի դատարանի վճիռը։
Դատախազը պահանջում էր մեկուկես տարի ազատազրկում՝ Չաուշեսկուի գնդակահարության ներկայացումը բեմադրելու համար, սակայն առաջին ատյանի դատարանն այս գործով արդարացման վճիռ էր կայացրել։
Դատարանի դահլիճում դատախազը մեջբերում էր Եվրոպական դատարանի տարբեր գործեր, նախադեպեր։ Մի գործի մասին խոսելով նա նշեց․ «Ապշեցուցիչ է հիշատակումը Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարների և նացիստների սպանության պրակտիկայի մասին, որը պետք է դատապարտել։ Մասնավորապես, հոլոքոստը վերապրածները և նրանք, որոնք փախել են Օսվենցիմից, կարող են վիրավորվել։ Այդ կապակցությամբ դատարանը նշում է, որ հոլոքոստը վերապրածների իրավունքի պաշտպանությունը ներպետական դատարանի կողմից երբեք առաջ չի դասվել դիմումատուի դատապարտման պատճառների թվին։ Այն խոսքը, որ օգտագործում է դիմումատուն, որը վերաբերել է Օսվենցիմում կյանից զրկված անձանց, դատարանը դա դատապարտելի է համարում»։
Դատախազը նաև նշում է․ «Եվրոպական դատարանը նշում է, որ պետություն, եթե նույնիսկ դու տեսնում ես հավանականությունը, որ այդ բռնության կոչի արդյունքում կարող է բռնություն իրագործվել, դու պիտի դրան արձագանք տաս։ Դա նախատեսված է քրեական օրենսգրքով։ Կանոնները նշում են, որ պիտի հաշվի առնել համատեքստը, թե ինչ սոցիալական կամ ընդհանրապես ինչպիսի իրավիճակ էր տեղի ունենում այն երկրում, որտեղ այդ ենթադրյալ հանցագործությունը տեղի էր ունենում։ ՀՀ-ում բոլորին է հայտնի, որ այդ ժամանակ հետպատերազմյան իրավիճակ էր՝ կապված 2020-ին տեղի ունեցած ողբերգական պատերազմի հետ, որի ականատեսն ենք եղել։ Այդ իրադարձություններից հետո երկրում իրադրությունը լարված էր։ Մենք չպետք է վերացարկվենք ողջամիտ դատողություններից։ Ես ի՞նչը ապացուցեմ՝ հայտնի հանգամանքնե՞րը, որ 2020-2022-ի հետպատերազմական իրավիճակը լարված էր, և այդ լարվածության պայմաններում էլ մեկ այլ գործողություն է տեղի ունեցել․ ԱԺ նախագահի վրա հարձակում տեղի ունեցավ։ Դրան իրավական գնահատական չեմ տա, բայց իրադրությունը լարված էր։ Դա է ապացուցում համատեքստը, երբ եվրոպական չափանիշներն ասում են, թե այս ինչ համատեքստում է տեղի ունեցել։ Այդ համատեքստում է տեղի ունեցել այդ բռնության կոչը»։
Կարդացեք նաև
Դատախազի հայտարարությունների առիթով Նարեկ Մալյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր գրառմամբ նշել է․ «Խոսում էր բողոք բերած դատախազը։ Նա երկար-բարակ մեջբերումներ էր կատարում տարբեր եվրոփաստաթղթերից, փորձում էր ցույց տալ, որ Մալյանի արածը նույնական է այսինչ ու այնինչ նախադեպային գործերի փաստերին։ Մեկ էլ ականջս ծակեց մի միտք։ Ասում է՝ (միտքն եմ փոխանցում, ոչ թե բառերը) Մալյանը գովաբանել է ՖԱՇԻՍՏՆԵՐԻ հետ համագործակցած անձանց նկատմամբ հանրային պարսավանքի կոշտ միջոցների կիրառումը հետպատերազմական Ֆրանսիայում, ու դա համարում է Մալյանի «հանցանքը» հաստատող փաստ։ Պիտի շնորհակալ լինենք, որ Հայոց ցեղասպանության ժամանակ ջարդարարներին դիմադրություն ցույց տված հայերին գովաբանելը դեռ հանցակազմ չի պարունակում։ Դեռ։ Որ սենց գնա՝ կարծում եմ, շատ չի տևի»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ