Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթի հայերի ցեղասպանության զոհերի թիվն ավելի շատ է, քան հրապարակվել է. Էլեանորա Ծատրյան

Փետրվար 15,2024 21:01

Սումգայիթում 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում հայերի ցեղասպանությունը նախապես ծրագրված և մշակված էր: Այդ մասին բազմաթիվ փաստեր կան: Մեր կողմից իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքված նյութերը և վկայություններն ևս ապացուցում են, որ Սումգայիթում հայերի ցեղասպանությունը մանրամասն կազմակերպված է եղել: Պարբերաբար տարբեր հետազոտական աշխատանքների շրջանակներում այդ վկայությունները հրապարակել ենք:

Այժմ ընթերցողին ենք ներկայացնում հերթական ականատեսի վկայությունը։ Հարցազրույցը Էլեանորա Ծատրյանի հետ գրի ենք առել 2011 թվականին Երևանում: Է. Ծատրյանի հետ մեր հաջորդ հարցազրույցը 2020 թվականի նոյեմբերին էր, որը հրապարակել ենք վերջերս:

1988 թվականի փետրվարի 20-ին Էլեանորա Ծատրյանն ամուսնու հետ գնացել էր ազգականի տուն և մի քանի օր հետո ականատես եղել Սումգայիթում հայերի ցեղասպանությանը: 2011 թվականին նա մեզ պատմեց, որ իր ազգականի որդին աշխատում էր ոստիկանությունում։

Վերջինիս վկայությամբ` 1988 թվականի հունվարի սկզբին իրենք հրահանգ են ստացել հաշվառել Սումգայիթում գտնվող բեռնատար մեքենաները, իսկ իրեն աշխատանքից ազատել են փետրվարի սկզբին:

Ցեղասպանությունից մեկ օր առաջ հայերի բնակարանների դռների վրա նկատել էին խաչեր: Իսկ ցեղասպանության օրերին բեռնատար մեքենաների շարժը մի քանի անգամ ավելացել էր:

Հարցազրույցի վերջում մեր զրուցակիցը նշեց, որ Սումգայիթի հայերի ցեղասպանության զոհերի թիվն ավելի շատ է, քան հրապարակվել է: Նման վկայություները բազմաթիվ են, որոնց հրապարկումը կարևոր նշանակություն կունենա Սումգայիթում հայերի ցեղասպանությունը ուսումնասիրելու համար:

 

Արցախի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել