«Այսօր տեսանք շատ ողորմելի պատկեր։ Երբ նայում էի՝ ինչպես է դատախազն ընթերցում ըստ էության այն, ինչ ուզում էր ասել, հասկանում էի, որ այդ մարդը կրակն էր ընկել։ Իր բերած փաստերից ոչ մեկը գոնե դահլիճում նստածների համար համոզիչ չէր»,- ՀՀ դատախազության կողմից ՀՀ ոստիկանության պետի նախկին խորհրդական, «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի՝ «Չաուշեսկուի» գործ անվանումը ստացած գործով առաջին ատյանի դատարանի վճռի բողոքարկման դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստների» կուսակցության փոխնախագահ, վերլուծաբան Նատալյա Սաղիյանը։
Ըստ նրա՝ դատախազի պնդումներն այն իմաստով համոզիչ չէին, որ նա մեջբերում էր եվրոպական, միջազգային ատյանների կողմից ընդունված որոշումները և կարգավորումները, որտեղ ասվում է, որ բեմադրությունը կարող է դիտվել՝ որպես բռնության կոչ․ «Բայց այն գործը, որի համար Նարեկ Մալյանին բերել են դատարան, պատմական փաստ է․ դատավճռի հիման վրա իրենք ճանաչվել են հանցագործ և գնդակահարվել։ Դա Նարեկի անձնական մտահղացումը չէր, իր երևակայության արդյունքը չէր, այլ բեմադրված էր պատմական փաստը։ Իշխանությունը հանգիստ չի կարողանում քնել այդ առիթով։ Նարեկին նորից բերում են Վերաքննիչ դատարան։ Մենք կարող ենք արձանագրել, որ ուրեմն իշխանությունն իր հանգիստը կորցրել է։ Սա ընդդիմությանը վախեցնելու գործիք է։ Մեր երկրում դատարանները դարձել են ընդդիմադիրների մի մասին պատժելու միջոցով մյուսներին վախեցնելու և լռեցնելու գործիք»։
Հիշեցնելով, որ վերջին հարցումները փաստում են, որ քաղաքացիների կեսից մի քիչ ավելին հայտարարում է, որ իրենք համաձայն են այն թեզի հետ, որ երկրում կան քաղբանտարկյալներ, վերլուծաբանն ասաց․ «Մարդիկ հոգնել են այս իրավիճակից։ Արդեն ավելի ակտիվ են տեղեկանում երկրի ներքաղաքական կյանքին, հասկանում, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ՝ չնայած՝ իշխանությունն ամեն հնարավոր դեպքում դա հերքում է»։
Նատալյա Սաղիյանն ասաց՝ վատ լուր ունի իշխանության համար․ «Ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, որ ընդդիմությունը դադարեցնի պայքարը, երբ մենք այսօր կանգնած ենք նոր Սահմանադրություն ընդունելու, հանրաքվեի շեմին, որն անընդունելի է։ Այստեղ այո-ոչ հարց չպետք է լինի մեզ համար, այլ առհասարակ պետք է այդ հանրաքվեն թույլ չտանք, քանի որ և′ այո-ի, և′ ոչ-ի դեպքում վատ է լինելու։ Պետք է հասկանանք, որ սա հակահայկական պրոյեկտ է, որը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի ու իր վարչախմբի հակահայկական պարադիգմայի շրջանակում։ Պետք է աշխատել մարդկանց հետ, ինչպես հասցրել ենք նրան, որ նրանց կեսից ավելին հասկացել է, որ այո, մեզ մոտ կան քաղբանտարկյալներ, սա աշխատանքի արդյունք է։ Շատ մարդիկ հասկացել են, թե ինչպես են սխալվել 2018-ին։ Այսօր նրանք պետք է խոսեն այդ մասին, նույնը պետք է անենք հանրաքվեի հարցով․ պետք է շարունակենք մեր բացատրական աշխատանքը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ