ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 15-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ: Օրակարգում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեման էր: Լսումներին մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, իրավասու գերատեսչությունների, կրթական հաստատությունների, ազգային փոքրամասնությունների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաեւ 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, եւ ամուսնացող մյուս անձն առնվազն 18 տարեկան է:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով նախատեսում է օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել: Հանձնաժողովի նախագահի տեղակալն արձանագրել է, որ որպես եզդիական համայնքի ներկայացուցիչ` ահազանգեր է ստանում հատկապես եզդիների շրջանում վաղ տարիքում ամուսնության վերաբերյալ, սակայն բազմաթիվ են դեպքերը նաեւ հայերի շրջանում:
Կարդացեք նաև
Ըստ Ռուստամ Բաքոյանի` ամուսնանալու ազատությունը չպետք է խոչընդոտի անձի պարտադիր կրթության, առողջության եւ մի շարք այլ իրավունքների իրացմանը: Պատգամավորը խոսել է անչափահասների ամուսնությունների առողջական, կրթական ու սոցիալական բացասական հետեւանքների մասին: Հանձնաժողովի փոխնախագահի համոզմամբ լիարժեք կրթություն չստացած մայրը չի կարող ապահովել իր երեխայի լիարժեք համակողմանի կրթությունն ու զարգացումը:
Ռուստամ Բաքոյանը վկայակոչել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` «Բռնի ամուսնությունների եւ երեխաների ամուսնությունների մասին» 2005 թվականի բանաձեւը, որում, մասնավորապես, նշված է. «Վրդովմունք է առաջացնում այն փաստը, որ առկա են իշխանություններ, որոնք գաղթական համայնքների մշակույթի եւ ավանդույթների նկատմամբ հարգանքի քողի լույսի ներքո հանդուրժողականություն են ցուցաբերում բռնի ամուսնությունների եւ երեխաների ամուսնությունների նկատմամբ` չնայած նրան, որ վերջիններս խախտում են յուրաքանչյուր զոհի հիմնարար իրավունքները»: Վեհաժողովն ընդգծում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձեւի կարեւորությունը, որով որոշ սովորույթները, ամուսնությանն ու ընտանիքին վերաբերող հնացած օրենքները եւ պրակտիկան անհամատեղելի են ՄԱԿ-ի կանոնադրությունում ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված սկզբունքներին:
«Ամուսնության տարիքային շեմի բարձրացումը կարեւորում եմ նաեւ մեր` եզդիական համայնքի ինքնության պահպանման առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից»,- փաստել է պատգամավորը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով վաղ ամուսնություններն առաջին հերթին ազդում են երեխայի` պարտադիր կրթությունից դուրս մնալու վրա: «Մեզ` որպես կրթության գերատեսչություն, անհանգստացնում է այս հարցը: Նախաձեռնությունը կարեւոր է, որ մենք կարողանանք լուծել կամ կանխարգելել բոլոր այն խնդիրները, որոնք առաջանում են վաղ ամուսնության հետեւանքով»,- նշել է նա:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ 2023-2024 թվականների ուսումնական տարվա դրությամբ հանրակրթական դպրոցներում սովորում է 1319 ազգությամբ եզդի աղջիկ: 2023 թվականի ընթացքում 171 սովորող դուրս է եկել կրթական համակարգից: Նշվել է, որ ազգությամբ եզդի երեխաների` կրթությունից դուրս մնալու շարժը զգալի է հատկապես ավագ դպրոցներում:
Խոսելով բուհերում տիրող իրավիճակի մասին` զեկուցողը փաստել է` վերջին երեք տարիների վերլուծությունը ցույց է տալիս, որ ազգությամբ եզդի ուսանողներից որեւէ աղջիկ չի սովորել մագիստրատուրայում: Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է բարձրագույն կրթության համակարգում սեռային անհամաչափ բաշխվածության խնդրին` ընդգծելով, որ շատ հաճախ աղջիկները հնարավորություն չեն ունենում ստանալու բարձրագույն կրթություն:
Ըստ փոխնախարարի` դպրոցներում արդեն ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը: Այն երեք տարի փորձարկվել է Տավուշի մարզում, այս տարի արդեն ներդրվել է հանրապետության բոլոր դպրոցների` 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում: Չափորոշչի ներդրման շրջանակում գործում է «Առողջ ապրելակերպ» անվանումով պարտադիր խմբակ, որտեղ առողջ ապրելակերպի շրջանակում երեխաներն ուսումնասիրում են նաեւ սեռական դաստիարակությանը վերաբերող թեմաներ: «Կարծում եմ` վաղ ամուսնությունների կանխարգելման հարցում նշանակալի ազդեցություն կունենա նաեւ առողջ ապրելակերպը»,- ասել է նա:
Փոխնախարարը խոսել է նաեւ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման մասին: Գերատեսչության ներկայացուցչի կարծիքով եթե 6 աշխատանքային օրերի բացակայությունների համար չեն ներկայացվում հիմնավոր պատճառներ, ապա երեխաներին դպրոց վերադարձնելու ուղղությամբ լրացուցիչ աշխատանք պետք է կատարվի: «Վստահ եմ` այս աշխատանքների կանոնակարգված իրականացումը հնարավորություն է տալու նաեւ կանխարգելել վաղ ամուսնությունները»,- նշել է փոխնախարարը:
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն էլ առողջապահական տեսանկյունից է խոսել վաղ ամուսնությունների բացասական հետեւանքների մասին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադարձել է ազգային փոքրամասնությունների, կանանց իրավունքների լիարժեք իրացմանը, այս հարցում պետության դերակատարությանն ու խնդիրների լուծման հարցում իրականացվող քայլերին: Ըստ զեկուցողի` օրենսդրական կարգավորումներից բացի մարդկանց աշխարհայացքը եւ մոտեցումները փոխելու ուղղությամբ բազմակողմ քայլեր պետք է իրականացվեն, ամբողջությամբ պետք է բարեփոխվի կրթական համակարգը, քանի որ կարծրատիպային մոտեցումներն առաջին հերթին տարածվում են այս սոցիալական հաստատությունների միջոցով:
Խնդիրների հաղթահարման հարցում Պաշտպանը կարեւորել է ծնողների հետ պատշաճ աշխատանքը, արդյունավետ հանրային իրազեկումը, խոսել օրենսդրական կարգավորման մասին: Անահիտ Մանասյանն ընդգծել է` խնդիրը պետք է նուրբ եւ զգայուն մեթոդաբանությամբ լուծվի. դրա համար անհրաժեշտ է պետության, քաղաքացիական հասարակության եւ համապատասխան համայնքների, այդ թվում` ազգային փոքրամասնության համայնքների միջեւ սերտ համագործակցությամբ իրականացվող աշխատանքը:
«Վաղ ամուսնությունը համարվում է գենդերային խտրականության օրինակ, քանի որ ավելի վնասակար է աղջիկների համար եւ ավելի տարածված է աղջիկների շրջանում»,- ընդգծել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը: Փոխնախարարի խոսքով երեխաների ամուսնության պրակտիկային վերջ դնելը դարձել է գենդերային հավասարության կարեւոր նպատակ միջազգային զարգացման օրակարգերում:
Պատգամավորների եւ քննարկման մասնակիցների հարցերը վերաբերել են ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրությանը, պարտադիր կրթությունից դուրս մնալը զսպող մեխանիզմներին, ընտանեկան բռնության հայտնաբերման, կանխարգելման գործում դպրոցի դերին ու այս հարցում միջգերատեսչական համագործակցությանը, կրթական հաստատություններում բուլինգի դրսեւորումներին: Ելույթների ու հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել սահմանված ժամկետում երեխային դպրոց ընդունելու կարեւորությանը, այս հարցում ծնողների պատասխանատվությանը, մի շարք հարցերում կարծրատիպային մտածողության բացասական ազդեցությանը, ծնողավարության արդյունավետ կազմակերպմանը, դպրոցներում «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի ուսուցանման նկատմամբ վերահսկողությանը, այդ առարկան ուսուցանող մասնագետների վերապատրաստմանը, վաղ ամուսնություններին նպաստող գործոններին ու դրանց դեմ պայքարի մեթոդներին, հանրության իրազեկման կարեւորությանը: Ամուսնության պարագայում միջնակարգ կրթությունը պարտադիր դարձնելու առաջարկ է արվել: Կարծիք է հնչել, որ ազգային փոքրամասնությունների կենցաղավարությունում նոր նորմերը պետք է առանձնակի զգուշավորությամբ ներմուծվեն, քանի որ դա զգայուն հարց է: Ռուստամ Բաքոյանի գնահատմամբ պետությունը պետք է համագործակցված աշխատի համայնքների հետ` խնդիրները փուլային տարբերակով լուծելու համար: Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Ռուստամ Բաքոյանի հետ այցելելու է եզդիական համայնքի դպրոցներ` արդյունավետ մեթոդաբանությամբ իրականացնելու հանրային իրազեկման աշխատանքներ:
Ռուստամ Բաքոյանը, արդյունավետ համարելով լսումները, շնորհակալություն է հայտնել ներկաներին ակտիվ մասնակցության համար: Պատգամավորը նշել է, որ ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ են ոչ միայն օրենսդրական փոփոխություններ, այլ նաեւ մի շարք գործիքների կիրառում, իրազեկման աշխատանքների իրականացում: Հանձնաժողովի փոխնախագահը հիշեցրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը բաց է կառուցողական առաջարկների համար եւ ապագայում պատրաստ է դրանք տեղայնացնել նաեւ օրենսդրական փաստաթղթում:
ՀՀ Ազգայյին ժողով