Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուրի գոտեմարտի ժամանակ չեմ կարողանում նստել, անընդհատ ժամացույցին եմ նայում»․ Վաչագան Վարդանյան

Փետրվար 15,2024 19:00

Գյումրեցի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի՝ Եվրոպայի յոթակի չեմպիոն դառնալը ցնծության մեջ է գցել, հրճվանք  պատճառել, սակայն ամենևին չի զարմացրել այս քաղաքի բնակիչներին։

Գյումրեցիները վստահ են, որ նա մշտապես  ծածանելու է Հայաստանի դրոշը, հաղթանակած վերադառնալու է,  իսկ իրենք վայելելու են նրա հաղթանակի պահը՝  ուրախությունից բացականչելու են ՝ «Արթո՜ւր», շատերն էլ  հուզմունքից արտասվելու են։

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Վաչագան Վարդանյանն Aravot.am-ի խնդրանքով ևս  կիսվեց իր զգացողություններով։

Երեկ հետևելով Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչին, որտեղ Արթուր Ալեքսանյանը 6։3 հաշվով  առավելության հասավ ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ, Վաչագան Վարդանյանը թեև վստահ է եղել, որ նա առանց հաղթանակի Գյումրի չի վերադառնա, բայցևայնպես շատ է լարվել։

«Արթուրի գոտեմարտը նայելիս՝ շատ եմ լարվում, չեմ կարող նստած հետևել, ամբողջ ընթացքում կանգնում եմ ու անընդհատ ժամին եմ նայում, թե երբ պիտի ավարտվի, որ ես հաղթանակը տոնեմ»,- ասաց Վաչագան Վարդանյանը։

Նա նշում է՝ Փարիզում ամռանը՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, կայանալիք 33-րդ օլիմպիական խաղերից առաջ կրկին անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալն անչափ կարևոր էր մեր մարզիկի համար։

Գյումրեցի 19-ամյա ծանրորդուհի Ալեքսանդրա Գրիգորյանի՝  Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելու, չեմպիոն դառնալու մասին էլ Շիրակի մարզի սպորտ ոլորտի պատասխանատու Վաչագան Վարդանյանն ասում է․ «Գիտեի, որ լավ մարզավիճակում է,  խոսել էի մարզիչների հետ, գիտեի նաև, որ հրում վարժությունից է ուժեղ, մտածում էի, որ անպայման մեդալակիր կդառնա, բայց չէի պատկերացնում, որ կնվաճի ոսկին։ Ինձ համար անակնկալ էր ու շատ հաճելի»։

Նա ասում է, որ  55 կգ քաշային հայ մարզուհին երկամարտի 196 կգ արդյունքով է նվաճել  Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը,10 կիլոգրամ պակաս է եղել, որպեսզի Ալեքսանդրան օլիմպիական վարկանիշ ձեռք բերի, սակայն հույս ունի, որ մարզուհին հաղթանակ կտանի ապրիլին Թաիլանդում սպասվող  աշխարհի գավաթի վարկանիշային մրցումներում, համապատասխան քաշ կբարձրացնի և իրավունք կստանա մասնակցելու օլիմպիական խաղերին։

Շիրակից 11 մարզիկներ են մասնակցում Եվրոպայի առաջնություններին․ 5-ը ըմբիշներ են, 6-ը՝ ծանրորդներ։

Վաչագան Վարդանյանը գրեթե ամեն օր ոսկե մեդալի է սպասում․ նրա համար առանձնակի լարված կլինի ամսի 19-ը, երբ նույն օրը  երկու գյումրեցի ծանրորդներ՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանն ու Եվրոպայի չեմպիոն Գարիկ Կարապետյանը դուրս կգան մրցահարթակ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829