Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հանդիսատեսը քեզ սիրեց, մնացած ամեն բան հեշտ է ստացվելու». ռուսաստանաբնակ երգիչ Ժորա Շահինյան

Փետրվար 15,2024 18:30

Իսկ միայն սոցցանցերով հնարավոր չէ իրական հայտնիություն ձեռք բերել

– Խնդրում եմ մի փոքր պատմեք ձեր մասին, որպեսզի հասարակությունը ավելի շատ տեղեկացված լինի, թե ինչպես եք սկսել ձեր երաժշտական գործունեությունը:

-Ես ծնունդով լոռեցի եմ, ընտանիքս  Ստեփանավանից Երեւան է տեղափոխվել, երբ դեռ 5  տարեկան էի։ Մանկությունս անցել է երևանյան բակերում, մասնավորապես՝ այստեղ կոչված Երրորդ մասում։ Երեւանում ավարտել եմ դպրոցն ու ծառայել հայոց բանակում, շատ երիտասարդ տարիքում ամուսնացել եմ ու ընտանիքիս հետ տեղափոխվել Մոսկվա։ Մոսկվայում էլ սկիզբ դրեցի իմ երաժշտական գործունությանը։

– Փաստորեն, հայրենիքի հանդեպ կարոտը երգերի միջոցով եք արտահայտում:

– Այո, երգն ինձ համար յուրօրինակ արտահայտչամիջոց է, հույզերի հավաքատեղի, որտեղ հայրենասիրությունն առանձնահատուկ տեղ ունի։ Թեպետ փորձում եմ հնարավորինս հաճախ լինել Հայաստանում, սակայն միևնույն է՝ հայրենիքին նվիրված ստեղծագործությունների մեջ կարոտը զգացնել է տալիս։

– Ինչո՞վ է ձեզ համար տարբերվում հայ հանդիսատեսը «դրսի» հանդիսատեսից։

– Ես պաշտում եմ իմ հանդիսատեսին՝ աշխարհի ցանկացած անկյունում։ Իմ ստեղծագործությունները բազմաոճ են, բացի էստրադային ստեղծագործություններից նաև ժողովրդական երգեր եմ կատարում։

Փորձում եմ ժողովրդական երգը քարոզել ամենուր, ինչն իմ հանդիսատեսին դուր է գալիս։ Ես ժողովրդական երգը կարեւորում նաեւ նոր սերնդի դաստիարակության առումով, որովհետև այն երեխաներից շատերը, որոնք դրսում են մեծանում, անգամ հայերեն չգիտեն։

– Գիտենք, որ ձեր որդին եւս երգում է, նրա կատարումներից, օրինակ,  «Պապ ջան» երգը շատ տարածված է, արդյոք ողջունո՞ւմ եք ձեր որդու՝ ձեր ճանապարհով գնալու ցանկությունը։

– Երբ տեսա, որ որդիս երգում է, մտածեցի, որ չպետք է խոչընդոտել, եթե երգելը հոգեհարազատ է իր հոգուն, թող դառնա իր մասնագիտությունն ու աշխատանքը։ Ժամանակին իմ հայրը չէր ցանկանում, որ ես երգեմ, որովհետեւ այն ժամանակ պատկերացումները մի քիչ այլ էին, իսկ ես այլ կերպ եմ մտածում։ Եթե Աստված օժտել է քեզ այդ շնորհով, ուրեմն պետք է գնաս այդ ճանապարհով։ Ես այսօր օգնում եմ իմ որդուն, որ այդ ճանապարհն անցնի հնարավորինս անխոչընդոտ…

– Հիմա հայտնի դառնալը շատ ավելի հեշտ է, քան նախկինում: Ձեր կարծիքով սոցցանցերը նման հնարավորություն ընձեռո՞ւմ են, թե՞ հայտնի դառնալու ճանապարհն ավելի դժվար է:

-Միայն սոցցանցերի միջոցով դժվար է իրական հայտնիություն ձեռք բերելը, կան երաժշտական նախագծեր, որոնք օգնում են սկսնակ արտիստներին: Սակայն ինչ էլ անես, ամենակարևորը հանդիսատեսն է, եթե քեզ սիրեց ու ընդունեց, մնացած ամեն բան հեշտ է ստացվելու։ Բոլոր ժամանակներում ամենակարեւորը հանդիսատեսի սերն է։

– Միայն երգելով հնարավո՞ր է գումար աշխատել, թե՞ երկրորդ աշխատանքի անհրաժեշտություն կա:

– Եթե հայտնի ու սիրված լինես, երկրորդ աշխատանքի կարիք չի լինի…

– Առաջիկայում ինչ-որ անակնկալ, համերգային ծրագիր ունե՞ք ձեր ունկնդրի համար:

– Չեմ ուզում բացել փակագծերը, բայց աննախադեպ համերգային ծրագիր է սպասվում, որի մանրամասները կիմանաք շուտով։

 Մարիամ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829