Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդրում ենք ՀՀ Ազգային Ժողովին դադարեցնել «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը․ «Հայկական պետություն» նախաձեռնության դիմումը

Փետրվար 15,2024 17:57

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԻԿԻՆ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ

                                                           ԴԻՄՈՒՄ

Մենք՝ ներքոստորագրյալներս՝ թանգարանային գործի բնագավառի մասնագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ, հանրային, մշակութային գործիչներ,  կազմակերպությունների և հասարակության ներկայացուցիչներ, 2024 թվականի փետրվարի 15-ին կլոր սեղանի շուրջ հավաքվելով «Մեսսիեր 53» հյուրանոցային համալիրում և քննարկելով ՀՀ Ազգային Ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունված «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագիծը,

նկատի առնելով օրենքի նախագծի վերաբերյալ թանգարանների և թանգարանային գործի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների անցյալում և ներկայում արված դիտողությունները և առաջարկությունները, մեր անկեղծ մտահոգությունն ենք բարձրաձայնում «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝ մեկ անգամ և՛ս համոզվելով մեր կարծիքում, որ այն չի կարգավորում թանգարանային գործի բնագավառում հիմնական իրավահարաբերությունները,

չի նպաստում Հայաստանի Հանրապետության մշակութային և բնական ժառանգության պահպանությանը, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքանու համալրմանը, հաշվառմանը, պահպանմանը, պահպանությանը և օգտագործմանը, թանգարանների և թանգարանային համակարգի զարգացմանը, մշակութային արժեքների ապօրինի շրջանառության արգելմանը և կանխմանը Հայաստանի Հանրապետությունում,

չի երաշխավորում  քաղաքացու  կրթության, տեղեկություն և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատության, գիտության նվաճումներից օգտվելու, հասարակության մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի իրացմանը, միջմշակութային հաղորդակցությանը, մշակութային բազմազանությանը և կայուն զարգացմանը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի դրույթների և միջազգային իրավունքի սկզբունքների և կանոնների իրացմանը։

Նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային Ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում կատարվելիք խմբագրական շտկումները չեն կարող թանգարանային գործի բնագավառում ընդունելի իրավակարգավորումներ և ընթացակարգեր ապահովել, ինչպես նաև՝ այն հանգամանքը, որ թանգարանային համայնքը կարող է մշակել և արդեն իսկ մշակել է «Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքանու և թանգարանների մասին» ՀՀ օրենքի մեկ կամ մի քանի նոր նախագծեր, դիմում և խնդրում ենք ՀՀ Ազգային Ժողովին դադարեցնել «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը, իսկ մշակույթի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնին հորդորում ենք ետ կանչել ՀՀ Ազգային Ժողովի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունված «Թանգարանների մասին» և  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը՝ համագործակցության արդյունքում թանգարանային համայնքի հետ լրամշակված նախագծերը ՀՀ Ազգային Ժողով ներկայացնելու համար։

        «Հայկական պետություն» տեղեկատվական, վերլուծական և գիտահետազոտական նախաձեռնության անունից՝

 

Կարեն Արիստակեսյան

 

           Թաթուլ Մանասերյան

 

           Ռուբեն Հովհաննիսյան «Հայկական պետություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829