«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Իլհամ Ալիեւի՝ Հայաստանին ուղղված հերթական սպառնալիքների առնչությամբ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ մեկնաբանեց, թե ինչի համար է նա այդ սպառնալիքները կրկնում կառավարության նիստում: «Նա ասում է. եկեք տանք ինչ ուզում է Ալիեւը, կամ նոր պատերազմ, նոր զոհեր կլինեն: Իսկ Ալիեւը ուզում է Սյունիքից զգալի հատված, Արարատից հատված, Գեղարքունիքից հատված, Տավուշից հատված: Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ նախկինները պատերազմի կուսակցություն էին: Հիմա ամենայն պատասխանատվությամբ ես հայտարարում եմ. քանի կա Նիկոլ Փաշինյանը, քանի կա պատերազմի՝ »Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, մենք ամեն օր ունենալու ենք նոր զոհեր եւ ամեն օր մեր հայրենիքից հանձնվելու են տարածքներ: Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն են պատերազմի կուսակցությունը, քանի որ իր իշխանավարման ժամանակ ունեցանք հինգ հազար եւ ավելի զոհեր, ունեցանք կորսված Արցախ, ունեցանք պետականությունը բզկտված Հայաստան, հազարից ավելի անհետ կորածներ, Բաքվի բանտերում խոշտանգվող հայ ռազմագերիներ եւ Արցախի քաղաքական էլիտա: Հիմա ո՞րն է պատերազմի կուսակցությունը: Նիկոլի կուսակցությունը: Եվ քանի դեռ Նիկոլը իշխանության է, ամեն օր պատերազմի վտանգը Դամոկլյան սրի նման Հայաստանի վրա կախված է լինելու:
Ես զարմանում եմ, որ շատերի ուշադրությունից վրիպեց Ալիեւի հայտարարությունը Ջերմուկի էսկալացիայի ժամանակ: Ինքն ընդունեց, որ իրենք ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք: Բայց ասաց. դա մեզ համար փորձարկում էր, որպեսզի հասկանանք՝ ռևանշ լինելո՞ւ է, թե՝ չէ: Այսինքն, ներխուժելով Հայաստանի սուվերեն տարածք՝ Ալիեւը հասկացավ, որ ընդվզում չկա: Որովհետեւ ինչպես Ներքին Հանդի դեպքերը ցույց տվեցին, երբ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, որ մենք կպարզենք, կպատժենք նրան, ով համարձակվել է կրակել, դա ուղղակի «Էստի համեցեք» էր, ուղղակի քարտ-բլանշ էր Ալիեւին, որ կարող ես գալ, պատերազմով վերցնել այն, ինչ ուզում ես: Եվ պատահական չէ, որ հենց այսօր կառավարության նիստում ինքը հայտարարեց, որ Ադրբեջանը ասում է՝ տվեք բանակցություններով, այլապես կվերցնեմ պատերազմով:
Ոչ մի րոպե չկասկածեք, որ Ալիեւը ուղիղ քայլերով գալիս է դեպի Երեւան: Եվ եթե մենք չկասեցնենք այս ազգակործան պատուհաս իշխանությանը, ապա հաջորդ ընտրություններում Ալիեւը առաջադրվելու է Երեւանում եւ ընտրական տեղամասը լինելու է Բաղրամյան 26-ը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ