Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնախումբը նկատել էր՝ Թուրքիայի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոյի վերացումը հատկապես վտանգավոր է կանադաթուրքական ռազմական առևտրի վերջին սկանդալային բացահայտումներից հետո

Փետրվար 15,2024 17:13

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների ամփոփագիր

(հունվարի 1-փետրվարի 15) 

Հայ դատի աշխարհասփյուռ հանձնախմբերի ու գրասենյակների աշխատանքները տարեսկզբից հիմնականում կենտրոնացել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, այդ թվում վերադարձի իրավունքի երաշխավորման, ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հանրահռչակման և պաշտոնական Բաքվի ու հանցագործություններում ներգրավված առանձին անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառման և այլ ուղղություններով։

Հայ դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ և Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը փետրվարի 9-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ։ Տեր-Խաչատուրյանը շնորհավորել է 2023թ. հոկտեմբերին Երևանում կանադական դեսպանատան բացման առթիվ, ինչը նպաստելու է Կանադա-Հայաստան հարաբերությունների զարգացմանը։ Հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի կողմից բարձրացված հիմնական հարցերը վերաբերում էին Կանադայից առկա ակնկալիքներին՝ նկատի ունենալով Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների միջոցով Արցախի էթնիկ զտումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները, հատկապես ադրբեջանական սպառնալիքները, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներխուժումն ու օկուպացիան և այլն։ Մտահոգություններ են հնչել նաև Կանադայի կառավարության՝ Թուրքիա ռազմական տեխնոլոգիաների արտահանման արգելքը վերացնելու մասին վերջին որոշման վերաբերյալ։ 2020 թ. հոկտեմբերի սկզբին Օտտավան կասեցրել էր դեպի Թուրքիա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման թույլտվությունները՝ մասնավորապես օպտիկական սարքավորումները, որոնք Թուրքիան օգտագործում էր իր անօդաչու թռչող սարքերի մեջ, որոնք էլ այնուհետև ուղարկվում էին Ադրբեջան և օգտագործվում 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ հայերին թիրախավորելու համար։ 90 րոպե տևողությամբ հանդիպումն ավարտվեց երկուստեք պատրաստակամությամբ՝ շարունակել նման հանդիպումները ապագայում և հնարավորության դեպքում համագործակցել փոխշահավետ նախաձեռնություններով՝ տարբեր ոլորտներում ամրապնդելու Կանադա-Հայաստան հարաբերությունները։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների հանձնախմբը տարեսկզբին, իր հիմնական քաղաքական առաջնահերթություններից զատ, աշխատանքներ իրականացրեց Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության աշխատանքներին օժանդակելու համար։ Հունվարի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Խոակին Կաստրոն հյուրընկալել է կոնգրեսական քննարկում՝ ուշադրություն հրավիրելով Երուսաղեմի հայկական թաղամասի նկատմամբ հարձակումների վրա։

Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանում հունվարի 22-ին ստորագրվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի և ՀՀ Սյունիքի մարզի միջև համագործակցության հաստատման վերաբերյալ հուշագիր։ Կարևոր այդ արարողությանը ներկա են գտնվել տեղական օրենսդիրներ, Հայ դատի Ամերիկայի կենտրոնական և Կալիֆոռնիայի նահանգային հանձնախմբերի պատասխանատուները, ՀՀ ԱԺ դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախմբի ջանքերի արդյունքում՝ Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև նահանգային-մարզային հարաբերությունների համագործակցության վերաբերյալ աշխատանքները սկսվել են դեռևս 2022թ. սկզբից, երբ փետրվարի 10-ին Կալիֆոռնիայի նահանգային Սենատն ընդունել էր համապատասխան բանաձև։ Հետագայում Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանն ընդունել էր նաև մեկ այլ հայանպաստ բանաձև՝ դատապարտելով Արցախի դեմ Ադրբեջանի շրջափակումն ու ագրեսիան, պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և Արցախի բարձրաստիճան ղեկավարներին, վերահաստատելով Արցախի ինքնորոշման իրավունքը և կոչ անելով գործուն քայլերով դատապարտել Հայաստանի դեմ Ադրբեջանի թշնամական քաղաքականությունը։ Իր խոսքում ՀՀ ԱԺ անդամ Արթուր Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Քրիս Հոլդենին՝ հայամետ բանաձևերն առաջ մղելու համար, ինչպես նաև երախտագիտություն հայտնեց Կալիֆոռնիայի օրենսդիրներին և Հայ դատի հանձնախմբին՝ Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու այս պատմական ջանքերին աջակցելու համար: Խաչատրյանն ընդգծել է, որ բանաձևերի ընդունումը «շատ կարևոր քաղաքական ուղերձ է աշխարհին, Ադրբեջանին և նրա հովանավոր Թուրքիային։ Չնայած Ադրբեջանի ագրեսիային, Արցախի վերաբերյալ էջը փակված չէ, Արցախի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, ինչպես աշխարհի ցանկացած այլ ժողովուրդ»։

Արթուր Խաչատրյանը Կալիֆոռնիայից մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունվարի 24-26-ը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան կոնգրեսականների հետ՝ բարձրացնելով արցախահայության իրավունքների պաշտպանությանը, Հայաստանի անվտանգությանը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։ Սենատորներ Ջոն Ֆեթերմանի, Մարքուեյն Մոլընի և Գարի Փեթերսի հետ հանդիպումների ընթացքում Խաչատրյանը նշել է, որ եթե Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեն Արցախի 150.000 հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության համար, այն շարունակելու է սաստկացնել իր ագրեսիան։ Ադրբեջանական զորքերը ներկայումս գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում։ Ալիևը մարտահրավեր է նետում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին, սպառնում է Սյունիքով միջանցք բացել և Թուրքիայի հետ ցամաքային կապ ապահովել, ինչպես նաև ճնշում է Հայաստանին՝ ընդունելու նոր Սահմանադրություն։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կազմակերպած կոնգրեսական ճեպազրույցների ընթացքում, հունվարի վերջին, հանդիպելով կոնգրեսականներ Ջեյմս Կոստայի և Բրեդ Շերմանի հետ՝ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել են Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները, ազգային շահերը և ժողովրդավարական ձգտումները։ Ճեպազրույցի ընթացքում Ստեփանյանն ու Բեգլարյանը սեփական վկայություններն են ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի տասն ամիս տևած շրջափակման դաժան իրողությունների մասին, որոնք գագաթնակետին հասան 2023թ. սեպտեմբերի ցեղասպանական հարձակմամբ, ինչի արդյունքում բռնի կերպով դատարկվեց Արցախը։ Բանախոսները խոսել են արցախահայության դեմ Ադրբեջանի կանխամտածված հարձակումների պատմությունից, ինչը հիմք է հանդիսացել 2023թ. ցեղասպանության։ Նրանք նաև կարևորել են ԱՄՆ-ի կողմից  Ադրբեջանին Արցախի ցեղասպանության համար պատասխանատվության ենթարկումը, ի թիվս ալնի կարևորելով՝

  • Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը՝ հիմնվելով Սենատի S.3000 բանաձևի ընդունման վրա, որը պարտադրում է 907-րդ բանաձևի ամբողջական կիրարկում։ Մագնիցկու պատժամիջոցների կիրառումը ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների համար։
  • ԱՄՆ օժանդակությունն Արցախի բռնի տեղահանված հայությանը, բռնի տեղահանված հայերի անվտանգ վերադարձի երաշխավորումը։
  • Ամերիկյան և միջազգային ջանքերի ընդլայնումը՝ օգնելու ապահովել 2023թ. սեպտեմբերին գերեվարված Արցախի առաջնորդների և 2020թ. ադրբեջանաթուրքական հարձակումներից հետո ապօրինաբար պահվող ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը։
  • Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։

Ստեփանյանն ու Բեգլարյանն ընդգծել են, որ առանց միջազգային ջանքերի՝ ուղղված Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքի իրացմանը և առանց կատարված հանցագործությունների համար պատասխանատվությանը, տարածաշրջանում անհնար կլինի կայուն խաղաղություն հաստատել։ Նրանք նաև ընդգծել են, որ Ադրբեջանի կառավարության կողմից բորբոքված համակարգային հակահայկական ատելությունը պետք է արմատախիլ արվի՝ ապահովելու համար հակամարտության կայուն կարգավորումը և տարածաշրջանային կայունությունը։

Ամերիկյան սենատորներ Էդ Մարքին և Բիլ Քեսիդին փետրվարի սկզբին  ներկայացրել են երկկուսակցական բանաձև՝ ԱՄՆ պետդեպարտամենտից պահանջելով զեկույց ներկայացնել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ՝ համաձայն «Արտաքին աջակցության ակտի» 502B(c) բաժնի պահանջների: Պետքարտուղարությունից հայցվող տեղեկատվությունը վերաբերելու է ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների ոտնահարումներին, որոնց արդյունքում Արցախում արձանագրվեց էթնիկ զտում։ Որպես համահեղինակներ՝ բանաձևի նախագծին են միացել նաև սենատորներ Մարկո Ռուբիոն, Գարի Փիթերսը, Էլիզաբեթ Ուորենը, Շելդոն Ուայթհաուսը, Ռոբերտ Մենենդեսը և Փիթեր Ուելչը։ Այս առիթով, բանաձևի նախագծին ավելի շատ սենատորների միացումն ապահովելու համար՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սկսել է համագաղութային արշավ՝ ամերիկահայությանը մղելով, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային համակարգերի միջոցով, իրենց շրջաններից ընտրված սենատորների վրա բանեցնելու համայնքային ճնշում։ «Արտաքին աջակցության ակտի» 502B(c) բաժինը երկար ժամանակ գոյություն ունեցող, սակայն չօգտագործված ակտ է, որն արգելում է ԱՄՆ-ի անվտանգային աջակցությունը «ցանկացած երկրի, որի կառավարությունն իրականացնում է միջազգայնորեն ճանաչված՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Եթե ներկայացված բանաձևն ընդունվի, դա կլինի առաջին դեպքը, երբ Կոնգրեսը 1976 թվականից ի վեր զեկույց է պահանջում համաձայն 502B(c) բաժնի:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մայքլ Լոուլերը վերջերս միացել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնին և Գուս Բիլիրակիսին, ինչպես նաև Գաբե Ամոյին՝ ներկայացնելով «Հայկական պաշտպանության ակտը»։  Ադրբեջանին Ամերիկյան ռազմական օժանդակությունից զրկելուն միտված այս նախագիծը նույնպես էապես խթանվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից։ Բանաձևի նախագիծը նախորդ տարեվերջին ամերիկյան Սենատի կողմից միաձայնությամբ ընդունված համանուն բանաձևի տրամաբանությունն է կրկնում արդեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և գալիս է առաջ մղելու ներամերիկյան օրենսդրական գործընթացը՝ ապահովելու համար ԱՄՆ Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) կիրարկումը և էապես սահմանափակելու ԱՄՆ նախագահի լիազորությունները հիշյալ հոդվածի կիրարկումից հրաժարվելու գործում։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն արդեն իսկ սկսել է համագաղութային լայնամասշտաբ գործողությունների արշավ՝ «Հայկական պաշտպանության ակտի» (H.R.7288) արագ քննարկմանն ու ընդունմանը նպաստելու համար:

Եվրոպա

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը շարունակել է օժանդակել «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման աշխատանքներին, որոնց արդյունքում հունվարի 27-ին և 28-ին անցկացվեց երկրորդ համաեվրոպական համախմբումը՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի։ Առաջինը՝ 2023թ. հոկտեմբերի 1-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում և եվրոպական 13 քաղաքներում կազմակերպված բողոքի համաժամանակյա ցույցերն էին։

Այս անգամ, ավելի քան 50 եվրոպական քաղաքներում կազմակերպված տարաբնույթ ձեռնարկների միջոցով, «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը Եվրոպական միության, եվրոպական երկրների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ղեկավարությունից պահանջում էր էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության համար դատապարտել Ադրբեջանին, պահանջել ազատ արձակել հայ ռամագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, զորակցություն հայտնել բռնի տեղահանված արցախահայությանն, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ։

Կազմակերպված ձեռնարկները ներառում էին հավաքներ, ցույցեր, իրազեկման գործողություններ, մամուլի ասուլիսներ, բարեգործական աշխատանք, դասախոսություններ, ֆիլմերի ցուցադրություն և այլն, որոնց մասնակցություն են ունեցել նաև բազմաթիվ օտար քաղաքական կուսակցություններ, խորհրդարանականներ, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուներ, առհասարակ քաղաքական դեմքեր, ինչպես նաև մեծաթիվ լրագրողներ։ Միջոցառումների օտարազգի մասնակիցները նույնպես արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակելու պայքարը հանուն արցախահայության իրավունքների վերականգնման։

Եվրոպայի տասնչորս երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերն իրենց ակտիվ մասնակցությունն ու կազմակերպական օժանդակությունն են բերել կազմակերպված հիշյալ միջոցառումներին։

Ֆրանսիա

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը հունվարի 17-ին, գրեթե միաձայնությամբ, ընդունեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն աջակցող, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ և հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխիքներ պահանջող բանաձև։ Ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է Ֆրանսիայի օրենսդիր մարմնի բարձր պալատի կողմից այնպիսի քաղաքական դիրքորոշումը, որը ենթադրում է աջակցություն Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնորոշմանը, Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայի դատապարտում, հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխավորման անհրաժեշտություն, Հայաստանի Հանրապետության տարածքների դեօկուպացիա, Հայաստանի կողմից իր անվտանգությունը, այդ թվում ռազմական ճանապարհով, պաշտպանելու կարողությունների զարգացում, Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատություն, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանություն։ Կարևոր նշանակություն ունի նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ պատժամիջոցների կիրառման պահանջը։

Միացյալ Թագավորություն

ՄԹ Լորդերի պալատի միջազգային հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովը հունվարի 10-ին լսումներ է անցկացրել Արցախի և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ։ Լսումներին մասնակցում էր նաև ՄԹ Հայ դատի հանձնախմբի ատենապետ Անեթ Մոսկոֆյանը։ Հայ դատի հանձնախումբն այս լսումների համար իրականացրել էր հանձնաժողովի քարտուղարության և անդամների տեղեկատվական իրազեկում՝ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և ցեղասպանության, մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման, գերիների ու անօրինական առևանգված անձանց վերաբերյալ: Հայ դատի հանձնախումբը տեղեկատվություն էր խնդրել մասնավորապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյից, Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտից, բարոնուհի Քերոլայն Քոքսի “HART” բարեգործական հիմնադրամից, «Թաթոյան» հիմնադրամից և “Global Witness” կազմակերպությունից։

Կանադա

Դեռևս հունվարի 23-ին Հայ դատի Կանադայի հանձնախումբը հայտարարեց, որ հավանականություն կա առ այն, որ կանադական կողմը կարող է չեղարկել Թուրքիայի նկատմամբ սահմանված՝ ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգոն՝ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործարքի շրջանակում։ Հանձնախումբը նկատել էր, որ Թուրքիայի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոյի վերացումը հատկապես վտանգավոր է կանադաթուրքական ռազմական առևտրի վերջին սկանդալային բացահայտումներից հետո, երբ 2019թ. պաշտոնական Օտտավան թույլատրել էր անօդաչուներում կիրառվող L3Harris/WESCAM տեխնոլոգիաների վաճառքը Անկարային, ինչը հանդիսանում էր «Բայրակթար» անօդաչուների մրցունակությունն ապահովող առանցքային դետալներից մեկը։ Հետագա հետաքննությունն ապացուցել էր այդ տեխնոլոգիաների փոխանցումը Ադրբեջանին, ինչն արգելված էր։ Բացահայտվել էին թուրքական այլ զեղծարարություններ ևս։ Մասնավորապես, կանադական տեխնոլոգիան, համապատասխան թուրքական դիմումի, ենթակա էր կիրառման ոչ թե հարձակողական, այլ հետախուզական անօդաչուների համար։ Պետական այս հետաքննությունից հետո, կանադական կողմը, Հայ դատի Կանադայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում, Թուրքիայի նկատմամբ կիրառեց ռազմական արտադրանքի վաճառքի էմբարգո։

Հունվարի 30-ին արդեն պարզ էր, որ Օտտավան չեղարկել է գործող էմբարգոն։ Հայ դատի հանձնախումբն իր հերթին հայտարարեց, որ  այս որոշումը տագնապալի մտահոգություններ է առաջացրել կանադահայ համայնքում, քանի որ այն վտանգում է Կանադայի հավատարմությունը մարդու իրավունքներին, միջազգային անվտանգությանն ու արդարությանը։ Ամեն դեպքում, Հայ դատի Կանադայի հանձնախումբն ի գիտություն է ընդունել կանադական կառավարության վստահեցումն առ այն, որ Թուրքիա զենքի արտահանման թույլտվությունները կչեղարկվեն կամ կկասեցվեն այն պարագայում,  երբ թուրքական կողմից չարաշահումների վերաբերյալ հավաստի ապացույցներ պարզվեն։

Մերձավոր Արևելք

Թուրքիայի հայցի հիման վրա Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հունվարի 11-ից մեկնարկած լսումների վերաբերյալ նույն օրը հայտարարություն է տարածել Հայ դատի Մերձավոր Արևելքի հանձնախումբը՝ մատնանշելով Թուրքիայի երկդիմի քաղաքականությունը, որը մի կողմից մեղադրում է Իսրայելին ցեղասպանություն իրագործելու մեջ, մյուս կողմից չի դադարեցնում վերջինիս հետ իր առևտրային հարաբերությունները, իսկ մյուս կողմից էլ չի ընդունում Հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Հանձնախումբը նաև քննադատել է Իսրայելին՝ Հայոց ցեղասպանությունը չընդունելու, Արցախի նկատմամբ ցեղասպանական գործողություններին մեղսակցության վերաբերյալ։ Անդրադառնալով Գազայի հատվածում ընթացիկ ռազմական գործողություններին՝ հանձնախումբը կարևորել է ռազմական գործողությունների ու մարդասիրական աղետի դադարեցումն ու երկու կողմերի համար ընդունելի լուծումներ գտնելու շուրջ խաղաղ կարգավորման գործընթացը մեկնարկը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829