Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատախազությունն այս գլխավոր դատախազի օրոք պատանեկան մաքսիմալիզմով է գործում․ այսինքն՝ բողոքարկում է բոլոր ակտերը»․ Տիգրան Աթանեսյան

Փետրվար 15,2024 17:17

«Դատախազությունն այս գլխավոր դատախազի օրոք պատանեկան մաքսիմալիզմով է գործում․ այսինքն՝ բողոքարկում է բոլոր ակտերը»,- ՀՀ դատախազության կողմից ՀՀ ոստիկանության պետի նախկին խորհրդական, «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի՝ «Չաուշեսկուի» գործ անվանումը ստացած գործով առաջին ատյանի դատարանի վճռի բողոքարկման դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Նա ասաց, որ դատախազությունը բողոքարկում է մինչդատական հսկողության ակտերը, դատավճիռները, եթե ինչ-որ բանով իրենց դիրքորոշման հետ չի համընկնում, ընդ որում, և′ վերաքննություն, և′ վճռաբեկություն․ «Իմ կարծիքով՝ սա պետք է այդ շարքից լինի։ Եթե այդ շարքից է, կարծում եմ՝ արդարացման դատավճիռը թողնելու է ուժի մեջ։ Բայց եթե քաղաքական որոշում կա դատելու նաև այս հոդվածով, կդատեն․ դատարաններն ուժ չունեն դիմադրելու։ Եթե սովորական ընթացք է, հույս ունեմ՝ դատական վճիռը կմնա ուժի մեջ»։

Հարցին՝ իսկ ե՞րբ կգա այն օրը, որ դատարաններն այդ ուժն ունենան, փաստաբանը պատասխանեց․ «ՀՀ-ում, հայ հասարակության մեջ անկախ դատարանի գոյությունը բացառված է․ չի կարող լինել և ոչ մի իշխանության օրոք։ Մենք այդ ազգը չենք, այդ մշակույթն ու գիտակցությունը չունենք։ Կարող են լինել ինքնուրույն դատավորներ, որոնք հարգում են իրենց անձը և չեն ենթարկվում այլոց ճնշումներին։ Ինչքան կարող էին դիմանալ․ դատավորներից մի քանիսը մնացել են, մատների վրա կարելի է հաշվել։ Համակարգային անհնար է․ ի վերջո աշխատավարձը ստանում են գործադիր իշխանությունից, ԲԴԽ-ն ենթարկվում է գործադիր իշխանությանը, այդ մարդիկ կզրկվեն աշխատանքից, ամեն ինչից։ Կներեք՝ ուրիշին հերոսության կոչերը մեծ սրիկայություն է․ ուզում ես հերոսություն, ինքդ գործիր։ Եթե այդ մարդիկ էլ չեն դիմանում, մեղավոր ենք բոլորս։ Չէ՞ որ այդ դատավորներն ունեն ընկերներ, ընտանիք․․․ իրենք էլ որոշել են յոլա գնալ այս դավաճանների հետ»։

Հարցին՝ այն, որ առաջին ատյանի դատարանը արդարացման դատավճիռ է կայացրել, հնարավո՞ր է դատավորը հալածանքի ենթարկվի, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց․ «Հնարավոր է՝ հստակ քաղաքական պատվեր չի եղել։ Իմ կարծիքով՝ նախաքննական մարմինների նախաձեռնությունն էր։ Միանշանակ քաղաքական պատվերի դեպքում, բնականաբար, այդ դատավորը կենթարկվեր հալածանքի, չէր էլ մակագրվի դատավորի, որի հետ կարող է խնդիր լինել։ Դատավորը հնարավորություն է ունեցել գործել, գործել է։ Դատավորներին չեմ սիրում շնորհակալություն ասել, որ արդարադատություն են իրականացրել․ ի վերջո դրա համար են, բայց այս դատավորը կարողացել է գործել արդարացի և կայացնել արդարացման դատավճիռ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829