Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան ճանապարհներ, որոնցով մենք լրիվ նոր երակներ ենք բացում ՀՀ-ում, ինչը տնտեսական մեծ էֆեկտներ է տալու». Փաշինյան

Փետրվար 15,2024 16:50

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգում: Ծրագրի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Առաջարկվող փոփոխությունների և լրացումների հիմնական նպատակն է վերանայել ծրագրի պայմանները, ինչը հնարավորություն կտա այլ բանկերին ևս միանալ ծրագրին և կազմակերպության սեփական ռեսուրսով իրականացնել վարկավորում, ինչպես նաև երկարաձգել ծրագրի գործողության ժամկետը՝ մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ այս պահին հաստատվել է 412 շահառուի հայտ: Դրանք, ըստ մարզերի, բաշխված են հետևյալ կերպ. Տավուշի մարզ՝ 239, Սյունիք՝ 54, Արարատ՝ 50, Վայոց ձոր՝ 47, Գեղարքունիքի մարզ՝ 22: «Այս 412 բավարարված հայտերը գտնվում են ամենատարբեր փուլերում: Նաև պոտենցիալ շահառուների թիվն է ավելի շատ, որովհետև ունենք շատ դեպքեր, երբ քաղաքացիները ստացել են շինթույլտվությունը, բայց դեռ բանկ չեն դիմել»,– ասել է Նարեկ Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ հող սահմանամերձ բնակավայրում, ամուսնության վկայական և ամուսիններից մեկը պարտադիր պետք է լինի ՀՀ քաղաքացի, ինչպես նաև շինթույլտվություն ու նախագիծ: Նախարարը նշել է նաև, որ ծրագրի շրջանակում մինչ այս պահը տրամադրվել է շուրջ 1,5 մլրդ դրամի վարկ։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13 տոկոս տոկոսադրույքի չափով մարման համար։

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը մանրամասներ է ներկայացրել ծրագրի լավարկման վերաբերյալ: Նա նշել է, որ 2022 հոկտեմբերից հետո, երբ այս որոշումը կայացվել է, ծրագրի դիմորդները քիչ են եղել:  Կառավարության ղեկավարի խոսքով՝ արդեն 412 շահառու ունենալը վատ ցուցանիշ չէ և նշանակում է, որ սահմանամերձ գյուղերում համատարած այդ շինարարություններն իրականացվում են: «Փաստորեն վարկը տալիս է բանկը,  բայց և՛ մայր գումարը, և՛ տոկոսը վճարում է կառավարությունը: Գումարը 16 մլն դրամ է: Եթե քաղաքացին ուզում է 16 մլն դրամից ավելի, ինքն էլ իր կողմից կարող է 1 մլն, 2 մլն, 5 մլն դրամ ավելացնել: Այդ 16 մլն դրամի և՛ տոկոսը, և՛ մայր գումարը կվճարի կառավարությունը, բայց ավելի հատվածն արդեն քաղաքացիներն իրենք կսպասարկեն»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու են բանկերը մերժում վարկի տրամադրումը նույնիսկ այն դեպքում, երբ մայր գումարն ու տոկոսները կառավարությունն է մարում և նշել, որ բանկերի կողմից մերժման հիմքն այն է, որ վատ վարկային պատմություն ունեցող քաղաքացուն տրանշներով տրվող գումարները կարող են ոչ նպատակային օգտագործվել: «Ես համոզված եմ, որ և՛ Կենտրոնական բանկը, և՛ բանկերը, և՛ կառավարությունը, և՛ նախարարությունը, բոլոր այն դեպքերում, երբ իրադրությունը շտկելի է՝ կփորձենք այդ հարցում աջակցել: Բայց մեր իրականության մեջ շատ կարևոր արձանագրում պետք է լինի՝ ընդհանրապես վարկային պատմություններն ապագայի համար շատ կարևոր են, և սա որպես կուլտուրա պետք է ձևավորվի: Այս առումով, իհարկե, ծայրահեղությունից ծայրահեղություն չպետք է ընկնենք, բայց նաև այս կուլտուրան պետք է ներդնենք, որ այո՛, եթե մարդը որոշակի պատմություններ ունի կուտակած, դա չի կարող ազդեցություն չունենալ»,-հավելել է գործադիրի ղեկավարը:

Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ի սկզբանե ծրագրին մասնակցությունը պահանջում էր անշարժ կամ շարժական գույքի գրավադրում: «Եվ նաև սա էր պատճառը, որ ծրագիրը չէր աշխատում: Հիշում եք նաև, որ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում, երբ Տեղ գյուղում այս թեմայով խոսակցություն եղավ, ճիշտ է խոսակցության պահին արդեն այդ հարցը մենք լուծել էինք: Բայց չենք կարող ուղղակի ասել՝ ով փող է ուզում, եկեք տանք, որովհետև ծրագիրը նպատակային է, պետք է երաշխիք լինի, որ օգտագործվելու է այն նպատակով, ինչի համար տրվում է»,-ասել է վարչապետը և ընդգծել, որ ծրագրի շրջանակում կառուցված տունը 10 տարի օտարման սահմանափակում ունի:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է նաև ծրագրի հետ կապված ևս երկու հարակից հարց: Ըստ այդմ՝ ծրագիրը նախատեսված է ամուսնացած զույգերի համար, քանի որ ի սկզբանե քաղաքացիների կողմից այդ խնդիրն է բարձրաձայնվել, որ ամուսնացած զույգերը բախվում են տան հարցը լուծելու խնդրին: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, կառավարության ղեկավարը նշել է, որ ծրագիրը նախատեսված չէ միայն տվյալ գյուղում հաշվառված անձանց համար, կան դեպքեր, երբ այլ բնակավայրերից տեղափոխվում են սահմանամերձ բնակավայերեր: «Նույնիսկ նրանք, ովքեր տներ են կառուցում հետագայում հյուրատան կամ այս կարգի օբյեկտի վերածելու համար, այդտեղ էլ խնդիր չենք տեսնում, ընդհակառակը՝ դա էլ է գյուղի համար լավ, և տնտեսական աշխուժություն կմտցնի»,-նշել է վարչապետը:

Նշել է նաև, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները նույնպես կարող են օգտվել այս ծրագրից: Այդ համատեքստում՝ վարչապետը նշել է, որ 2023 թվականի դրությամբ պետական բյուջեից 34 մլրդ է տրամադրվել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման նպատակով: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովումը կիրականացվի նույն պայմաններով, ինչ ՀՀ քաղաքացիների համար: Այսինքն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները, եթե բավարարում են ծրագրի վերոնշյալ պայմաններին, կարող են հենց այս պահին էլ դիմել և մասնակցել ծրագրին:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է, որ մարզում այս պահին 239 վարկ է հաստատված, որոնցից մոտ 80 տոկոսը շինարարական աշխատանքները սկսել են: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր հերթին ավելացրել է, որ մարզում հաստատված է 22 ծրագիր, սակայն ոչ մի ծրագրով շինարարություն դեռ չի սկսվել: Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի ներկայացմամբ, 66 հայտից հաստատվել է 47-ը, որոշ տեղերում աշխատանքները սկսվել են:

Կառավարությունն ավելի քան 6 մլրդ դրամ է հատկացրել հանրապետության ճանապարհների բարելավման համար

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 6 մլրդ 61 մլն դրամի չափով և այն ուղղել մոտ 68 ճանապարհահատվածների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման, տեխնիկական և հեղինակային հսկողության,  նախագծանախահաշվային փաստաթղթերի և փորձաքննության ծառայությունների, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների (5%-ի) և նախագծանախահաշվային փաստաթղթերի (30%-ի) վճարմանը: Հիմնանորոգվող և կառուցվող ճանապարհահատվածների ընդհանուր երկարությունը կազմում է 21.1կմ։

«Այդ ճանապարհներն և տրանսպորտային օբյեկտները գտնվում են տարբեր փուլերում և կարգավիճակներում: Մասնավորապես՝ նրանցից 9-ը շինարարության մեջ գտնվող ճանապարհահատվածներ են, իսկ մեկը՝ շինարարության մեջ գտնվող տրանսպորտային օբյեկտ: Ունենք տարբեր փուլերով գտնվող 43 նախագիծ»,- ասել է ՏԿԵ  նախարար Գնել Սանոսյանը:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ցանկը և նշել. «Կան ճանապարհներ, որոնցով մենք լրիվ նոր ճանապարհային երակներ ենք բացում ՀՀ-ում, ինչը տնտեսական մեծ էֆեկտներ է տալու: Դրանում որևէ կասկած չկա, որովհետև այդ բոլորը վայրերը, որոնց մասին խոսում ենք, տուրիստական շատ մեծ պոտենցիալ ունեն, և իհարկե, տրանսպորտային հանգույցների բեռնաթափման առումով շատ կարևոր է, որովհետև մեր ճանապարհներն արդեն էականորեն ծանրաբեռնված են»:

 Շինարարական աշխատանքներ են ընթանում հետևյալ ծրագրերով՝ Սյունիքից Կապան 4.02 կմ հատվածի հիմնանորոգում, Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի 11.04 կմ կառուցում, Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի 11.04 կմ հատվածի կառուցում, Էջմիածնի Զվարթնոց թաղամասից Էջմիածնի խճուղով դեպի Ակնալիճ և Մեծամոր 4.32 կմ երկարությամբ առանձին հատվածների հիմնանորոգում, Չարենցավան քաղաքի 1.32 կմ հատվածի հիմնանորոգում, Փյունիք-Արտավազ 2կմ, Գետաշեն-Նոր Կեսարիա 4կմ, Ակնալիճ (Տ-3-6)- Զարթոնք 3,628 կմ, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725կմ և Արևելյան փողոցի 0.120 կմ հատվածների հիմնանորոգում, դեպի Սևանի թերակղզի տանող ճանապարհի հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնում:

Որոշմամբ գումար կհատկացվի հետևյալ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և դրանց փորձաքննության ծառայությունների համար՝  Ավշար-Արարատի տրանսպորտային հանգույց 5.675 կմ, Կուրթան-Ձորագյուղ-/Մ-6/ 15.2 կմ, /Մ-3/-Մուղնի-Օհանավան-/Մ-3/ 5.3կմ, Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ 9.5 կմ, (Տ-1-33)-Ավան-Խնուսիկ 2.2 կմ, Ալաշկերտ-գ. Արմավիր 1.2 կմ, Էջմիածին-Հայանիստ 4,4 կմ,  /Մ-3/-Միխայլովկա-/Մ-3/ 2 կմ, /Մ-3/(Տաշիր)-Մեծավան 8.5 կմ, Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կարմիր բանակի փողոցի և դեպի տվյալների մշակման կենտրոն տանող 200 գմ հատվածների հիմնանորոգում, Աճարկուտ-Կիրանց 3,5 կմ հատվածի վերակառուցում, Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղից դեպի Հանքավան տանող ավտոճանապարհի 16 կմ հատվածի կառուցում, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրից դեպի «Մայլեռ» լեռնային հանգստավայր տանող 3 կմ երկարությամբ ասֆալտապատ ավտոճանապարհի կառուցում, Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ վերգետնյա հետիոտնային անցումի կառուցում, Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասում վերգետնյա հետիոտնային անցումի կառուցում:

Տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ Տիգրանաշենի ոլորանների 4.65 կմ, Կապան քաղաքի 5.53 կմ, Երևան-Եղվարդ 15.8 կմ հատվածների հիմնանորոգում: Փորձաքննության ծառայությունների մատուցում՝ Սելիմի լեռնանցքում շրջանցիկ 1.53 կմ հատվածի վերակառուցում, Ենոքավանից Ջուջևան  65.5 կմ հատվածի հիմնանորոգում, Աշտարակից Փարպի 4 կմ և Փարպիից Ղազարավան 7.5 կմ հատվածների հիմնանորոգում, Երևան-Սևան կմ19+800-ում գտնվող (Գարեջրի գործարանի մոտ) կամրջի հիմնանորոգում:

Գումար կհատկացի հետևյալ ավարտված աշխատանքների համար՝ Թորոսգյուղի 1.8 կմ,  Գառնի-Գողթ 6 կմ հատվածների հիմնանորոգում,Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում (Արծվաբերդ) փլուզված հողային պաստառի վերականգնում, Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհի 2.1 կմ, Գյումրի-Հացիկ 4 կմ, Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 48-րդ կիլոմետրից դեպի զորամաս տանող 1.062 կմ հատվածների հիմնանորոգում, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Թեղուտ գյուղի հատվածում գտնվող կամրջի վերանորոգում, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Թեղուտ գյուղի հատվածում բացակայող պարապետերի վերականգնում և փլուզված հողային պաստառի շեպի և կողնակի վերականգնում, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհից դեպի Ճամբարակ տանող խաչմերուկի հատվածներում ստորին հենապատերի կառուցում, Գետափ բնակավայրի դպրոցի մոտ վերգետնյա հետիոտնային անցման կառուցում, Ազատաշենից Խաչփար գյուղերի միջնամասում գտնվող կամրջի հիմնանորոգում, Արևշատ գյուղի սկզբնամասում գտնվող կամրջի հիմնանորոգում:

Նախագծման ծառայությունների համար գումար կհատկացվի հետևյալ օբյեկտների համար՝ /Մ-5/-Մեծամոր-ՀԱԷԿ-/Մ-5/ 10.7 կմ, Վեդիով անցնող 3.8 կմ, Ապարան-Լուսագյուղ 3 կմ, Երնջաթափ-Շողակն 3.4  կմ, Արևիկ-Տանձուտ 3.4 կմ, Խնձորեսկ-Ներքին Խնձորեսկ 10.1 կմ, Շամբ-Շամբի ջրամբարի պատվար /մարգարիտա/ 2 կմ, Նորավան-Տաթև ճանապարհից դեպի Որոտան 1.7 կմ հատվածների հիմնանորոգում, Նալբանդի թունելի հիմնանորոգում: Նախագծման և փորձաքննության ծառայություններ՝ Դիլիջան-Իջևան հատվածում անվտանգության տարրերի բարելավում և սև կետերի շտկում, Վանաձոր-Դիլիջան 6 կմ հատվածի (Վանաձոր քաղաքի հատված) հիմնանորոգում, Ջրվեժից Գառնի 14.93 կմ հատվածի (բացառությամբ սողանքային տեղամասերի) հիմնանորոգում, Ալաշկերտից Արգավանդ 10 կմ, Արգավանդից Վարդանաշեն 7կմ, Սևան-Զովաբեր 17.2 կմ  (բացառությամբ Ծաղկունքով անցնող 1 կմ հատվածի), /Մ-3/-Հարթավան-/Հ-4/ 1.2 կմ, Զարինջա-Ձիթհանքով 4.3 կմ, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր 5.2 կմ  հատվածների հիմնանորոգում, Ուրցաձորից դեպի Մարտունի տանող շուրջ 61 կմ հատվածի կառուցում, Դարբնիկ գյուղի հատվածում գտնվող կամրջի հիմնանորոգում, Ամբերդ գյուղի հատվածում գտնվող կամրջի հիմնանորոգում, Գետաշեն-Կամխուտ ավտոճանապարհի կմ2+300 հատվածում գտնվող 5*3մ բացվածքով հավաքովի միասնականացված երկաթեբետոնե խողովակի հիմնանորոգում, Հայրավանքի հատվածում փլուզված հողային պաստառի շեպի վերականգնում, Հաղթանակ գյուղի սկզբնամասում փլուզված ներքին հենապատի հիմնանորոգում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  թվարկումների նպատակն է նաև ուղերձ հղել   բիզնեսին, թե առաջիկայում ինչ ծավալի ծրագրեր են իրականացվելու: Այդ համատեքստում  վարչապետը հորդորել է պատշաճ իրազեկել նախատեսվող ծրագրերը, կազմակերպել քննարկումներ, հանդիպումներ հնարավորինս լայն շրջանակների, այդ թվում՝ շինարարական ոլորտի ներկայացուցիչների հետ:

ՀՀ դեսպանությունը շենք ձեռք կբերի Ֆրանսիայի Հանրապետությունում

Գործադիրը վերաբաշխում է կատարել 2024 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: Որոշման ընդունումը  պայմանավորված է  Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23  միլիոն եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը: Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն վաճառքի մտադրության մասին համաձայնագիրը ստորագրելու պահին հայկական կողմը, ըստ գործող ընթացակարգի, պետք է փոխանցի կանխավճար՝ ընդհանուր գումարի 10%-ի չափով։ Հետագայում գնման վերջնական պայմանագիրը ստորագրելուց 8 օր առաջ պետք է փոխանցվի շենքի ձեռքբերման գումարի մնացած մասը։ Ընդհանուր առմամբ, ըստ նոտարական գրասենյակից ստացված տեղեկատվության, ամբողջական գործընթացը՝ վաճառքի մտադրության համաձայնագիրը ստորագրելու պահից մինչև իրավունքների պետական գրանցման պահը, կտևի շուրջ 3-4 ամիս։ Ըստ այդմ՝ առաջարկվում է շենքը ձեռք բերելու համար նախատեսված գումարի կանխավճարի տրամադրում՝ 2 մլն 300 հազար եվրո:

Ինչպես նշել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տեղակայման շենքը սեփականության իրավունքով չի պատկանում ՀՀ-ին, այն անհատույց է օգտագործվում: Պայմանագրով տրամադրվել է 1995 թվականին, որն ավարտվում է 2025 թ.-ին: Ըստ փոխնախարարի՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման, գործառույթների ընդլայնման պատճառով ներկայիս շենքային պայմանները չեն բավարարում, քանի որ դեսպանությունում տեղակայված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Ֆրանկոֆոնիայում մեր մշտական ներկայացուցչությունները: Այդ պատճառով դեսպանությունը հանձն է առել շենքային նոր պայմաններ գտնել Փարիզում:

Մնացական Սաֆարյանի խոսքով՝ երեք տասնյակ տարբերակներ են քննարկվել, և դեսպանությունը կանգ է առել այս տարբերակի վրա, որը ներկայացվել է կառավարությանը: Ըստ ԱԳ նախարարի տեղակալի՝ ընտրված շենքն ունի առավելություններ՝ լոգիստիկ առումով և անվտանգության տեսանկյունից:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր տրամադրել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան շենքն անհատույց օգտագործման համար և նշել. «Բայց նաև ուզում եմ ընդգծել մեր մոտեցումը՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է սկսի և շարունակի ձեռք բերել դեսպանատների գործունեության համար անհրաժեշտ, պատշաճ շենքեր, որոնք նաև հարիր կլինեն այն իմիջին, որը մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետության համար ստեղծել արտաքին աշխարհում: Վերջերս, հիշում եք, մենք դեսպանատան շենք ձեռք բերեցինք Մեծ Բրիտանիայում, Լոնդոնում՝ շատ պատշաճ տեղում: Եվ հիմա հաջորդը, որ մենք այդ որոշումը կայացնում ենք՝ Փարիզն է: Իհարկե, այս հերթականությունը որևէ քաղաքական իմաստ չունի, որովհետև նախ պետք է գտնել հարմար տեղում հարմար տարբերակ և պայմանավորվածություններ ձեռք բերել: Եվ, իհարկե, մենք ըստ հնարավորության այս գործընթացը կշարունակենք: Նախարարի տեղակալը նշեց, որ նաև Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունների զարգացման դինամիկան նույնպես դա ենթադրում է: Ուրախ եմ, որ մենք կարողացել ենք գտնել լավ շենք: Եվ ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր օրինապահ հարկ վճարողներին, որովհետև նրանց վճարած հարկերի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք նաև այսպիսի ձեռքբերումներ անել Հայաստանի Հանրապետության համար»:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը

Կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք հանձնաժողովի նախորդ 5 տարիների աշխատանքը քննարկել ենք: Այդ քննարկումների ընթացքում դիտարկել ենք, որ, մասնավորապես, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում, և ընդհանրապես երկրում մրցակցության վիճակը, առաջընթացը գնահատելու առումով անելիքներ ունենք, որի մի մասը հանձնաժողովի, մյուս մասը՝ կառավարության գործունեության տիրույթում է, և որ անելիքներն առաջիկայում պետք է լինեն առաջնահերթություն»:

 

Գեղամ Գևորգյանն էլ իր հերթին նշել է, որ սպառողների շահերի պաշտպանությունը նոր ստանդարտների, գործիքակազմերի և կանոնակարգումների անհրաժեշտություն ունի: Նրա խոսքով՝ պետք է խորացնել գործառույթներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պետական օժանդակության  կարգավորումները,  գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտումները, պետք է շեշտադրումներ կատարել  նաև  կանխարգելիչ գործառույթների ուղղությամբ:

Հաջորդիվ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածուն իր ծրագիրը կներկայացնի Ազգային ժողովում: Այդ համատեքստում վարչապետը նշել է. «Հաշվի առեք քննարկման ընթացքում բարձրացված հարցերը, դիտողությունները: Մրցակցության պաշտպանության և սպառողների իրավունքների պաշտպանության առումով մեզ պետք է շատ լուրջ փոփոխություններ անել մի շարք ուղղություններով»:

Կշարունակվի 11 անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության տրամադրումը

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 6.6 մլն դրամ հատկացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ  անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքները ևս երկու ամիս կստանան  սոցիալական աջակցությունը: Հիմնավորման համաձայն՝ միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը նախատեսվում է տրամադրել 11 անհայտ կորած  անձանց ընտանիքներին:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմանները բարելավելու նպատակով: Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում ՀՀ-ում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող՝ ծրագրի պայմաններին բավարարող շահառուներին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։ 2024 թ. հունվարի 30-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3,765 շահառու, որից շուրջ 2,127 հավաստագրի հիման վրա հիփոթեքային վարկավորման գործընթացն ավարտվել կամ գտնվում է ավարտական փուլում։ Ընդ որում, բոլոր վարկերը վերաֆինանսավորվել են «Ազգային հիփոթեքային ընկերություն» կամ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից, իսկ թվով 11 ընտանիք գույքը ձեռք է բերել Լեռնային Ղարաբաղում։ Կարգավորումներով առաջարկվում է,  մասնավորապես՝ սահմանել աջակցության չափի այնպիսի սահմանաչափեր, որոնք բանկերին հնարավորություն կտան սեփական ռեսուրսով իրականացնել վարկավորում, ինչպես նաև վերանայել ծրագրի այն պայմանները, որոնց առկայությունը հանգեցնում է գործընկեր կազմակերպությունների կողմից անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով վարկավորման դեպքում լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման պահանջի կիրառման։ Միաժամանակ նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել բոլոր այն դրույթները, որոնք վերաբերվում են ծրագրի շրջանակներում ԼՂ-ում բնակելի անշարժ գույք ձեռք բերելուն, անհատական բնակելի տուն կառուցելուն (կառուցապատումը շարունակելուն)։

Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ծրագրի իրականացման նպատակով ՎԶԵԲ-ից ներգրավվել է 14.6 մլն եվրո ծավալով վարկային և 5.3 մլն եվրո ծավալով դրամաշնորհային միջոցներ: Մեկ այլ դրամաշնորհ՝ 2 մլն եվրո ծավալով, ներգրավվել է Արևելյան Եվրոպային էներգախնայողության ու շրջակա միջավայրի գործընկերության  տարածաշրջանային հիմնադրամից: Վարկային և դրամաշնորհային միջոցների ներգրավումն իրականացվել է երեք տրանշներով. վարկի 5.3-ական մլն եվրո ծավալով երկու տրանշները և 2.65-ական մլն եվրո ծավալով ՎԶԵԲ երկու դրամաշնորհներն ուղղված են ճանապարհաշինությանը, իսկ վարկի 4 մլն եվրո ծավալով երրորդ տրանշը և E5P դրամաշնորհը՝ քաղաքային լուսավորության արդիականացմանը: Փոփոխության արդյունքում կնախատեսվի 2.72 մլն եվրո արժողությամբ Դ նոր տրանշ՝ ուղղված Գյումրու Անի և Ավստրիական թաղամասերում իրականացվելիք աշխատանքների համաֆինանսավորմանը:

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Կառավարության որոշումներով «ԷՍԿՈ-ֆարմ» և «Մեգաշին» ընկերությունները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն  ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից:

«ԷՍԿՈ-ֆարմ» ընկերությունը  ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել բերանի խոռոչի հիգիենայի միջոցների, քսուկների, նրբաքսուկների, հեղուկ դեղաձևերի, փոշի դեղաձևերի արտադրության համար։ 2011 թ. հիմնադրված ընկերությունն արտադրություն է իրականացում Երևանում։ Արդեն իսկ իրականացվել է 561 մլն դրամի կապիտալ ներդրում և 479 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 100 մլն դրամի կապիտալ ներդրում՝ նոր սարքավորումների ձեռքբերման, արտադրական տարածքների կառուցման, արտերկրում դեղերի գրանցման համար և 896 մլն դրամի ներդրում՝ ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 125 աշխատատեղ, մինչև 2028 թ. նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 123 հազ դրամից մինչև 132 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 896 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 78.5 մլն դրամ:

«Մեգաշին» ընկերությունը ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել բետոնի արտադրության և մատակարարման համար։ Արտադրությունն իրականացվելու է Արմավիրի մարզում՝ իրականացնելով 130 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 20 աշխատատեղ 136 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում, մինչև 2026 թվականը, ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 180,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 130 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 14.7 մլն դրամ։

Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում ՀՀ առաքելություններին կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների մասին որոշում: Ըստ այդմ՝ կսահմանվեն միջազգային կազմակերպություններում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների զինվորական հաստիքներ և այդ հաստիքներում պաշտոններ զբաղեցնելը այլևս չի իրականացվի «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: ՀՀ պաշտպանության նախարարությունը սեփական կարիքների գնահատման հիման վրա հնարավորություն կունենա նշված պաշտոններում նշանակումների համար առաջարկել համապատասխան անձանց թեկնածությունը՝ հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին», ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները, ինչը կապահովի առավել բարձր արդյունավետություն և պրոֆեսիոնալիզմ:

Կառավարությունը սահմանել է պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը, հավաստագրման ժամկետը, կարգը և այդ նպատակով օգտագործվող ձևաթղթերը: Կարգավորումների անհրաժեշտությունը պայմանավորված է բույսերի մշակության արդյունավետության ապահովման, տնտեսավարողների նպատակային գործունեության երաշխավորման և հանրապետության կենսաբանական անվտանգության ապահովման կարևորությամբ։ Արդյունքում՝ Հայաստանում կբարձրանան գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվությունը և համախառն արտադրանքի ծավալները, բուսաբուծական արտադրության մեջ ներդրումները կլինեն երաշխավորված, որակյալ սերմերի և տնկանյութի արտադրության ծավալները կավելանան և կստեղծվի հնարավորություն արտահանման համար, ինչպես նաև կապահովվի բուսաբուծության ճյուղի զարգացումը։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829