Լրահոս
Օրվա լրահոսը

«Նարեկ Մալյանը, որ Չաուշեսկուի ու նրա կնոջ գնդակահարությունը բեմադրել է, նա հրապարակային՝ Բաղրամյան պողոտայի վրա արդարացնում է բռնությունը, սպանությունը»․ դատախազ

Փետրվար 15,2024 16:42

ՀՀ դատախազությունը բողոքարկում է ՀՀ ոստիկանության պետի նախկին խորհրդական, «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի՝ «Չաուշեսկուի» գործ անվանումը ստացած գործով առաջին ատյանի դատարանի վճիռը։ Դատախազը պահանջում էր մեկուկես տարի ազատազրկում՝ Չաուշեսկուի գնդակահարության ներկայացումը բեմադրելու համար, սակայն առաջին ատյանի դատարանն այս գործով արդարացման վճիռ էր կայացրել։ 

ՀՀ վերաքննիչ դատարանում դատախազը, հղում կատարելով առաջին ատյանի դատարանի վճռին, նշեց․ «Ըստ առաջին ատյանի դատարանի, որը կայացրել է վերջնական դատական ակտը, 2003-ի քրեական օրենսգրքի 226․2 հոդվածի 1-ին մասով հանցանքի պարտադիր հատկանիշ է եղել բռնություն գործադրելու իրական վտանգի առկայությունը։ Բռնության կոչերը հնչեցվել են Ջորջ Սորոսի աշխարհայացքին սատարող անձանց, Նիկոլ Փաշինյանի, իշխանության անդամների նկատմամբ՝ քաղաքական հայացքներով պայմանավորված։ Դատարանը նշել է, որ, սակայն, մեղադրանքի ձևակերպումը պարզ չէ, թե սատարող անձանց եզրույթը, որ անձանց շրջանակներն են, որո՞նք են Ջորջ Սորոսի աշխարհայացքները։ Նշված հանգամանքներում մեղադրանքը հստակեցված չէ, ձևակերպումները վերացական բնույթի են։ Դատարանն արձանագրել է, որ մեղադրանքն անորոշ է»։

Դատախազի կարծիքով՝ օրենսդիրը իրավական որոշակի հետևանքների վրա հասնելը չի նախատեսել՝ որպես սույն հանցակազմի պարտադիր հատկանիշ, ինչը նշանակում է, որ այս հանցակազմը ձևական է, և հանցավոր արարքը կատարելը բավարար է հանցանքը ավարտված համարելու համար․ «Բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու իրական վտանգը հանցակազմի պարտադիր հատկանիշ չէ, հետևաբար՝ Նարեկ Մալյանին առաջադրված մեղադրանքում բռնություն գործադրելու իրական վտանգը հավաստող փաստական հանգամանք չներառելն ամբողջությամբ օրինաչափ է և չի կարող մեղադրանքի թերության վկայություն լինել։ Ի տարբերություն Նարեկ Մալյանին մեղսագրվող 226․2 հոդվածով ամրագրված հանցանքի ձևակերպման, 226․1 հոդվածի բռնության իրական վտանգը հանցակազմի պարտադիր հատկանիշ է, մինչդեռ բռնություն գործադրելու իրական վտանգը 2-րդ հոդվածի պարտադիր հատկանիշ չէ։ Հետևաբար դատարանի՝ այս մեկնաբանությունը և դրանով պայմանավորելը մեղադրանքի անորոշությունը, առնվազն ինձ համար անհասկանալի է»։

Անդրադառնալով Նարեկ Մալյանի բեմադրությանը՝ դատախազը նշեց․ «Նարեկ Մալյանի կատարած գործողությունները, երբ Չաուշեսկուի ու նրա կնոջ գնդակահարությունը բեմադրել է, ի՞նչ է այդ բեմադրությամբ ցանկանում կատարել։ Նա հրապարակային՝ Բաղրամյան պողոտայի վրա արդարացնում է բռնությունը՝ ցույց տալով, որ իր տեսակետով, ինչպես արտահայտում է՝ մահ դավաճաններին, որ իր կարծիքով՝ դավաճանների վերջը պետք է լինի մահապատիժ։ Ավելի դասական օրինակ բռնության կոչի և տեղի ունեցած պատմական իրադարձության՝ բռնության, սպանության արդարացման ես պատկերացնել չեմ կարող»։

Դատարանի հարցին՝ դրա ազդեցությունը ո՞րն է, դատախազը պատասխանեց․ «Հայտնի է, որ Նարեկ Մալյանն ունի լսարան, և օրինակ՝ բեմադրության ժամանակ ևս հասարակության լայն զանգված է հավաքված եղել և ծափահարություններ, գոռոցներ են հնչել և արձագանքել են այս բռնության կոչին»։

Դատավորը հայտնեց, որ ստիպված է դատական նիստը հետաձգել, քանի որ ժամը 15։30-ին այլ դատական նիստ ունի։ Հաջորդ դատական նիստը կսկսվի պաշտպանական կողմի բացատրություններով։ Այն տեղի կունենա մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին։

Դատական նիստի ավարտից հետո լրագրողները դատարանի դահլիճում Նարեկ Մալյանին հարցրին՝ իր համար սպասելի՞ էր, որ կքննադատեն մահապատիժը, նա պատասխանեց․ «Իհարկե, այս երկրում ամեն ինչ էլ սպասելի է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829