Գործադիրն այսօրվա նիստում ընդունեց որոշում (որպես չզեկուցվող) Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում՝ ՆԱՏՕ-ի առաքելությունում (նստավայրը`Բրյուսել) ՀՀ առաքելությանը կից ՀՀ պաշտպանության հարցերով կցորդ ունենալու մասին, ինչպես նաեւ պաշտպանության հարցերով կցորդներ կլինեն Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարությունում (նստավայրը` Բելգիա, ք. Մոնս) եւ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում՝ ԵԱՀԿ (նստավայրը՝ Վիեննա)։
Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծով, ըստ էության, առաջարկվում է ռազմական հարցերով պետական խորհրդականի եւ ներկայացուցչի քաղաքացիական ծառայության հաստիքների փոխարեն սահմանել ՀՀ պաշտպանության հարցերով կցորդների զինվորական հաստիքներ։
Ըստ ՊՆ-ի՝ որոշման ընդունումով կրճատվում է նաեւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությունում ՀՀ ռազմական ներկայացուցչի հաստիքը, որը տեւական ժամանակ թափուր է եւ ՀՀ պաշտպանության նախարարություն-ՆԱՏՕ պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակներում տվյալ հաստիքի հետագա պահպանումը այլեւս նպատակահարմար չէ:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ միջազգային կազմակերպություններում ներկայացուցչի եւ պետական խորհրդականի փոխարեն ՀՀ պաշտպանության հարցերով կցորդներ ունենալը բխում է նաեւ այդ կազմակերպություններում ձեւավորված միջազգային պրակտիկայից, որտեղ պետությունների պաշտպանության և ռազմական հարցերով ներկայացուցիչները ներկայումս առավելապես զինվորականներ են, բացի այդ միջազգային կազմակերպություններում ներկայացուցիչների գործունեությունն առավելապես առնչվում է համագործակցության ռազմական բաղադրիչին, իսկ քաղաքական փոխգործակցությունը և երկխոսությունը իրականացվում է առաքելության ղեկավարի կողմից:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ