Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկները գիրք կկարդան, երեխաները կպարգեւատրվեն. մեկնարկում է մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառը

Փետրվար 15,2024 15:17

Մեկնարկում է Մանկապատանեկան գրքի Երեւանյան 20-րդ՝ հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառը, որը կտեւի փետրվարի 19-21-ը: «20-րդ տարին է՝ Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի հետ համատեղ իրականացնում ենք գրքի ցուցահանդես-տոնավաճառը, որն ամենասպասված եւ սիրելի միջոցառումներից է»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը եւ մանրամասներ հայտնեց կայանալիք միջոցառումների մասին:

Ռուզան Տոնոյան

«Սկսում ենք փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որը նաեւ Գիրք նվիրելու օր է հռչակված եւ ավարտում ենք փետրվարի 21-ին՝ Մայրենի լեզվի միջազգային օրը: Այս տարի Թումանյանի ծննդյան 155-ամյակն է նշվում, այդ իսկ պատճառով փետրվարի 19-ը հագեցած կլինի Թումանյանական շնչով՝ հեքիաթների ընթերցանություն, վիկտորինաներ եւ այլն: Ուզում եմ շեշտադրում անել մի ակցիայի վրա, որն արդեն երրորդ տարին ենք իրականացնում. այդ օրը ծնված Երեւանի ծննդատան երեխաներին առաջին գիրքն ենք նվիրում՝ հիմնադրելով, այսպես ասած, իրենց առաջին գրադարանը: Տոնավաճառի ընթացքում կհյուրընկալենք տարբեր տարիների նման երեխաների, ունենք երկու տարեկան գրանցված երեխաներ, որոնց սպասվում են հետաքրքիր անակնկալներ:

Նախատեսված են մանկագիրների հետ հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, մասնավորապես՝ մանկագիր Արփի Մաղաքյանը Արցախի երեխաների համար կկարդա իր նոր ստեղծագործությունը, Արմինե Անդան իր «Գաղտնիքների գիշերը» գրքի շնորհանդեսը եւ վարպետության դաս կանցկացնի: Օրվա մեխը գրադարանի լավագույն ընթերցողների պարգեւատրումն է: Արդեն 5-րդ տարին նրանց պարգեւատրում ենք վկայականներով եւ խորհրդանշական նվերներով: Այս տարի եւս 12 ընթերցող կպարգեւատրվի»,-տեղեկացրեց Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրենը:

Հավելեց, որ գրադարանը տարիներ շարունակ «Հեքիաթի դեսպաններ» ծրագիրն է իրականացնում, ու այդ խորագրի ներքո այս տարի կանցկացնեն «Կարդում են հայրիկները» միջոցառումը: Իրենց ստեղծագործությունները կներկայացնեն գրող Արմեն Գրիգորյանը եւ մանկավարժ Սմբատ Գոգյանը:

Ի թիվս այլնի, Ռուզաննա Տոնոյանն անդրադարձավ նաեւ «Էդիտ պրինտի», Մատենադարանի, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի ու այլ կառույցների հետ համատեղ իրականացվող նախագծերին: Ասաց, որ նախատեսված է կլոր սեղան՝ հոգեբանի մասնակցությամբ, որի ընթացքում կխոսվի մինչեւ 3 տարեկան երեխաներին ընթերցանության դաշտ բերելու գաղափարի կարեւորության մասին:

Մկրտիչ Կարապետյան

Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանի ձեւակերպմամբ, արտաքուստ սովորական թվացող միջոցառման շրջանակում 20 տարիների ընթացքում հսկայական գործ է արվել: Նա ընդգծեց, որ մանկական գրքի մշակույթ է ձեւավորվել Հայաստանում. «Մեծ հրատարակչությունները բավականին մեծ քանակի մանկական հրատարակչություն են հրատարակում: Բացի նրանից, որ ես Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահն եմ, նաեւ «Էդիտ պրինտի» հիմնադիրն եմ: Ուզում եմ նշել, որ այս տարիների ընթացքում ստեղծվել են նոր գրքերի հետաքրքիր շարքեր»:

Ի թիվս այլնի, Մկրտիչ Կարապետյանը տեղեկացրեց, որ նախատեսել են 2 գրքի շնորհանդես, մեկը Շոն Քովիի «Երջանիկ երեխաների յոթ սովորույթները» գիրքն է, մյուսը Քրիստ Մանարյանի «Այբուբենը»: Առաջին շնորհանդեսը կներկայացվի թատերականացված եղանակով, երկրորդ գիրքը՝ յուրօրինակ ձեւով. ամեն տառի համար ստեղծված է մուլտ, երեխաները ոչ միայն կկարողանան կարդալ տեքստեր, այլեւ QR կոդով դիտել 5-10 րոպեանոց մուլտեր:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուզան says:

    Խնկո-Ապոր գրադարանն իր որակը գցել է: Ինչքան ապաշնորհ կա, բերում լցնում է գրադարան: Ամոթ է, սթափվեք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829