Այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ մյուսների գործով դատական նիստին հարցաքննվեց ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանը, որին նույնպես մեղադրանք է առաջադրվել: Նրանք մեղադրվում են պաշտպանության նախարարությունում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու ու մի շարք այլ հոդվածներով, որոնց հետեւանքով պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։
Նա դատարանում տված իր ցուցմունքում անդրադարձավ իր վարորդի հետ կապված դրվագին: Թունյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը հորդորեց պատմել, թե ինչպես է նրան աշխատանքի ընդունել: Խոսքը Թունյանի ծառայողական մեքենայի վարորդ Վահրամ Ղազարյանի մասին է:
Նա պատմեց, որ մի օր իր նախկին վարորդը մոտեցել է, ասել է, թե հորեղբորս տղան ԱԱԾ-ում է աշխատում, իրեն վարորդ է կանչում, պիտի գնա: Նրա փոխարեն մարդ չեն գտել. «Ինձ ոչ տաք, ոչ սառը: Օրեր են անցնում, ձեն-ձուն չկա, մոտ 15-20 օր էդ մեքենան ես ինքս եմ վարել»: Մանրամասն պատմեց, թե ինչպես է ջղայնացել, երբ տարբեր միջոցառումների ժամանակ վարչության պետերը վարորդներով են եկել, իսկ ինքը ուշացել է, քանի որ տեւական ժամանակ չի կարողացել տարածքում մեքենան կայանել եւ այլն: Իրեն ասել են՝ դու գտիր վարորդ, ձեւակերպենք: Շրջապատում, հարեւաններին, ում հնարավոր է՝ ասել է՝ ո՞վ կա վարորդ. «Իմ գարաժի հարեւանը, որտեղ մեքենան կանգնեցնում եմ, ասաց՝ երկու հոգի կան, նորմալ մարդիկ են, թող գան, տեսեք: Պարզվեց՝ էդ երկու տղաները հորեղբոր տղաներ են, մեկը հոր հետ էր եկել։ Վահրամը ինձ վրա ավելի լավ տպավորություն թողեց: Ուղարկել եմ տնտեսական վարչություն, չեմ իմանում՝ ինչքան ժամանակ հետո ընդունելություն է եղել»:
Թունյանը վստահեցրեց, որ վարորդի անցյալը իրեն չի հետաքրքրել բացարձակ, չի իմացել` նախկինում ինչ է աշխատել, որ ոստիկանության զորքերում է եղել. «Մանավանդ, որ աշխատանքից դուրս ոչ Վահրամի, ոչ էլ իմ որեւէ վարորդի հետ առնչություն չեմ ունեցել, ոչ ուզում էի հասկանայի՝ այդ տղային ավելի խորը ճանաչե՞մ, թե՞ ինչ անեմ: Մեղադրանքի մեջ գրված է՝ իր ծանոթի… այսինքն, իբրեւ թե այդ տղան, որ կարող էր լինել Պողոսը, Պետրոսը, իբրեւ թե ես նրան ծանոթ եմ եղել: Ես հասկանում եմ, իմ իրավական գիտելիքները թույլ են տալիս հասկանալ, որ տարվում է դեպի շահադիտական նպատակներ, այլապես անիմաստ կլիներ այս ամբողջ քրեական շինծու գործը: Բայց այդ մարդուն ես առաջին անգամ տեսել եմ, երբ գարաժի իմ հարեւանը հրավիրել է, մնացածն էլ՝ ծառայողական գործունեության ընթացքում է եղել շփում»:
Կարդացեք նաև
Խաչիկյանը հարցրեց, թե ի՞նչ կապ է նա ունեցել տնտեսական վարչության վարորդ Արթուր Շահնազարյանի հետ: Թունյանը պատասխանեց, որ դա առհասարակ աբսուրդ է, որեւէ կապ չունի. «Ի՞նչ առնչություն պետք է ունենամ: Օրերից մի օր իմացել ենք, որ մեր վարչության հերթապահ սպասարկող մեքենան, որ մեր վարչությանն է ամրակցված, այդ մեքենան ամրակցված է ինչ-որ մեկին: Բնականաբար, աբսուրդ: Մեղադրանքի կողմը համարել է, թե ընտանիքի վարորդ եւ այլն: Երբ որ քննիչը պահանջել է, գրությամբ դիմել է ոստիկանություն՝ տնտեսական վարչությանը, սեւով սպիտակի վրա գրված է, որ իմ անուղղակի առնչությունը նույնիսկ չկա: Լավ էլ ձեւակերպել են՝ ընտանիքի վարորդ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ