Լրահոս
Օրվա լրահոսը

«Իլյուզիա է պատկերացնել, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ մեկ փաստաթղթով, խաղաղություն կլինի»․ Արտակ Բեգլարյան

Փետրվար 15,2024 13:36

«Մենք շատ կոշտ կամ ագրեսիվ կերպով ԱՄՆ-ում ներկայացրել ենք, որ ԱՄՆ-ն, ինչպես ամբողջ միջազգային հանրությունը եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, կոլեկտիվ ու անհատական երկրները, բոլորը ձախողել են ցեղասպանությունների կանխարգելման իրենց պարտավորությունը եւ ձախողել են մեզ պաշտպանելու իրենց պարտավորությունը»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է եւ ԱՄՆ-ին, եւ Եվրամիությանը, եւ Ռուսաստանին՝ որպես գլխավոր դերակատարներ։

«Եվ այստեղ գլխավոր հարցը հաղթահարելն է մերժողականությունն ամբողջ միջազգային հանրությունում, թե ինչ է տեղի ունեցել եւ իրենց պատասխանատվության մերժողականությունը։ Պետք է գիտակցեն բոլորը, որ իրենց պատասխանատվության տիրույթում գտնվող հարցերը ձախողվել են, եւ ըստ այդմ՝ պետք է վերականգնվի արդարությունը եւ մեր իրավունքները պաշտպանվեն։ Այս տեսանկյունից հիմքը պետք է լինի իրավունքը, միջազգային իրավունքի հիման վրա մեզ տրված հավաքական իրավունքները, ըստ որոնց՝ արդեն կոնկրետ պետություններ ունեն կոնկրետ պարտավորություններ։ Նույն տեսանկյունից պետք է նայի նաեւ Հայաստանի Հանրապետությունը, իհարկե, իրավունք, դրան գումարած նաեւ ազգային շահեր»,- նշեց Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանն ասաց, որ արցախցիների վերադարձի համար պետք է միջազգային երաշխիքներ լինեն։ «Միջազգային բարձրագույն անվտանգային երաշխիքները սովորաբար լինում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից՝ կոնսենսուսով։ Հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է միջազգային գլխավոր մարմինը, որը պետք է երաշխավորի ցեղասպանությունների կանխարգելումը, ժողովուրդների պաշտպանությունը, միջազգային խաղաղությունը եւ այլն։ Բայց, ցավոք սրտի, հիմա ՄԱԿ-ը եւ հատկապես Անվտանգության խորհուրդը շատ լուրջ ճգնաժամ են ապրում»,- ասաց նա։

Ըստ Արտակ Բեգլարյանի՝ դա նաեւ նշանակում է ՄԱԿ-ի քաղաքական ու հումանիտար մասնակցություն Արցախում, նաեւ նշանակում է ադրբեջանական վերահսկողության իսպառ բացառում։ Ըստ Բեգլարյանի՝ ադրբեջանական վերահսկողությունն Արցախում՝ թե ռազմական, թե վարչական, կարող է հանգեցնել նոր ցեղասպանության կամ մարդու իրավունքների լայնածավալ այլ խախտումների։

«Եվ այս տեսանկյունից մի շարք այլ պայմաններ էլ պետք է լինեն՝ ՀՀ հետ երաշխավորված ցամաքային կապ, որի երաշխավորումը կրկին պետք է լինի միջազգայնորեն, մեր միջազգային ժառանգության պաշտպանություն, ցեղասպանության միջազգային հետաքննություն եւ, բնականաբար, Ադրբեջանում առկա հակահայկական ատելության պետական համակարգի ոչնչացում, որը բոլոր հիմնական հանցագործությունների գաղափարախոսական հիմքն է։ Առանց այս պայմաների ես չեմ էլ պատկերացնում, որ տարածաշրջանում մենք կարող ենք ունենալ խաղաղություն։ Իլյուզիա է պատկերացնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ մեկ փաստաթղթով, որը չի հասցեագրում Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, այդ թվում՝ հավաքական իրավունքները եւ չի վերացնում ատելության համակարգը, մենք երբեւէ կայուն խաղաղություն կունենանք։ Իսկ դրա համար միջազգային կոշտ միջամտություն է անհրաժեշտ»,- հավելեց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829