Այսօր հրավիրված ասուլիսում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձավ ռուսական կողմի այն հայտարարություններին, որ Ադրբեջանի հետ քննարկում են արցախցիների վերադարձի հարցը։ Հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում ռուսական երաշխավորությամբ վերադարձի հարցին, Գեղամ Ստեփանյանը պատասխանեց, որ տեղեկատվություն չունի, թե ինչ են քննարկում, նաեւ տեղեկություն չունի, որ Արցախի իշխանությունները ներգրավված են այդ քննարկումներին։
«Ռուսական կողմի հայտարարություններին ես իմ բացասական վերաբերմունքը պետք է հայտնեմ նախ եւ առաջ նրա համար, որ այդ հայտարարության մեջ ես մանիպուլյացիա եմ տեսել այն տեսանկյունից, որ նշվել է, թե Արցախի ժողովուրդը հեռացել է ինքնակամ։ Ռուսական խաղաղապահ զորակազմը գտնվել է տեղում եւ ռուսական խաղաղապահ զորակազմն առաջինը պետք է փաստագրեր, որ մարդիկ հեռացել են ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի ներքո՝ 24 ժամ տեւած ռազմական գործողություններից հետո։ Եվ ես պետք է ասեմ, որ ակնկալիքը նաեւ այն էր, որ առաջինը ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է գնահատական տար այդ էթնիկ զտումներին, եւ ոչ թե դա որակվեր որպես ինքնակամ հեռացում»։
Անդրադառնալով ռուսական երաշխավորմամբ վերադարձի հնարավորությանը՝ Գեղամ Ստեփանյանն ասաց․ «Իմ կարծիքն այնպիսին է, որ միջազգային երաշխիքներ են պետք, այսինքն՝ 2020 թվականից հետո Արցախում ներդրված ռուսական խաղաղապահ զորակազմի միայն այդ երաշխիքը պատմությունը ցույց տվեց, որ բավարար չէ՝ Արցախում անվտանգություն ապահովելու համար։ Շատ ավելի ցանկալի եւ շատ ավելի բարձր երաշխիք կարող է ապահովվել, եթե խաղաղապահությունը կամ միջազգային երաշխիքները ձեւավորվեն միջազգային հարթակում՝ կլինի ՄԱԿ-ը, թե այլ կառույց։ Միայն որեւէ երկրի երաշխավորությամբ վերադարձը նպատակահարմար չի կարող համարվել։ Այսինքն՝ փորձառությունն է ցույց տալիս, որ ցանկալի է լինի միջազգային երաշխիք, քան առանձին պետության երաշխավորություն»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի