Արցախի ներկա եւ նախկին մարդու իրավունքների պաշտպաններ Արտակ Բեգլարյանն ու Գեղամ Ստեփանյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձան Հայաստանի իշխանության այն քաղաքականությանը, որ Արցախը կորցնելով՝ փորձում են պահել Հայաստանի Հանրապետությունը։
Բեգլարյանի խոսքով՝ նույնիսկ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական սպառնալիքները, աշխարհակարգի ընդհանուր ցնցումները կամ փլուզումը, արցախցիներն ունեն հստակ հավաքական իրավունքներ։ «Եվ սա որեւիցե մեկը չի վիճարկում։ Շուրջ 40 երկրներ, այդ թվում՝ խոշոր գերտերություններ ստորագրեցին Մարդու իրավունքների խորհրդի հայտարարությունը, որտեղ ամրագրվում էր, ընդգծվում էր մեր վերադարձի իրավունքը։ Նույնը ամրագրում են ԵԽԽՎ հայտարարությունները, բանաձեւերը եւ այլն։ Այսինքն՝ վերադարձի իրավունքն ինքնին ամրագրված է միջազգային իրավունքում, եւ միջազգային հանրության կողմից լայն ընկալում ու աջակցություն ունի։ Արդեն այս հավաքական իրավունքի մասին պետք է Հայաստանի իշխանությունները խոսեն եւ բանակցեն, որովհետեւ այլ սուբյեկտ մենք այս պահին չունենք, որը միջազգային հարաբերություններում կարող է բավարար լծակներ ու կշիռ ունենալ՝ բանակցելու, պայմաններ քննարկելու, առաջ տանելու այս նպատակները։ Իսկ նվազագույն նպատակը պետք է լինի այն, որ եթե նույնիսկ հիմա մենք գործնական մեխանիզմներ չունենք վերադառնալու կամ այլ իրավունքներ պաշտպանելու, առնվազն պետք է ամրագրենք այդ իրավունքները, պահանջները դնենք, ընկալելի լինենք միջազգային հանրության համար եւ աստիճանաբար փորձենք հասնել այդ նպատակին։ Լավ է, որ որոշակի դատական գործընթացներ կան ՄԻԵԴ-ում, Արդարադատության միջազգային դատարանում, բայց սրանք բավարար չեն՝ պետք է նաեւ հստակ քաղաքական օրակարգ լինի, քաղաքական պահանջներ լինեն, եւ իրավական գործիքակազմերն ավելի ինտենսիվ օգտագործվեն»,- ասաց Բեգլարյանը։
Գեղամ Ստեփանյանի խոսքով․ «Ռազմավարությունը կամ մեխանիզմը՝ մասը կորցնել՝ ամբողջը փրկելու համար, մեր աչքի առաջ ցույց է տալիս իր սնանկությունը։ Ընդամենը երկու օր առաջ մենք նոր շանտաժներ ու նոր սպառնալիքներ ենք լսել Ադրբեջանի ղեկավարի շուրթերից, ինչը նշանակում է, որ կոնկրետ այդ ռազմավարությամբ առաջնորդվելով՝ մենք դեռեւս որեւէ շոշափելի արդյունքի չենք կարողանում հասնել»։
Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ այն, ինչ ամրագրված է միջազգային կոնվենցիաներով եւ ընդհանրապես տրված է Արցախի ժողովրդին, չպետք է մոռացության մատնվի։ «ԱՄՆ կատարած մեր այցի ընթացքում ստացել ենք այն տպավորությունը, որ կոնկրետ ամերիկյան դերակատարները կարեւորություն են տալիս այդ հարցին, պատրաստ են այդ հարցի քննարկմանը եւ համարում են, որ տեւական խաղաղության հասնելու համար նաեւ պետք է հասցեագրվի Արցախի ժողովրդի իրավունքների թեման։ Իմ կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը եւս պետք է հավատարիմ մնա այդ օրակարգին, այսինքն՝ բանակցային օրակարգից Արցախի ժողովրդի իրավունքների թեման չհանի։ Եվ ինչն ամենակարեւորն է կոնկրետ կարճաժամկետ ռազմավարության կամ մարտավարության տեսանկյունից՝ նաեւ հասնել այս հարցում միջազգային հումանիտար աջակցության գեներացմանը, որը, ցավոք սրտի, չենք տեսնում»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ