Ներքին Հանդում տեղի ունեցածը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսեւորումն է։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադառնալով Ներքին Հանդում ադրբեջանական կրակոցներին, որոնց հետեւանքով հայկական կողմն ունեցավ չորս զոհ, ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին։
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի նշված հատվածում ՀՀ դիրքապահների կողմից կրակ է արձակվել եւ վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող․ «Այս հայտարարությունից հետո Հայաստանի ռազմական ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա հրադադարի ռեժիմի խախտում թույլ չտալ, սադրանքների չտրվել։ Հետեւաբար, եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա, կլինեն նաեւ իրավական հետեւանքներ։ Չնայած սրան, հաջորդ առավոտյան Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել վերը հիշատակված դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով չորս զոհ ունեցանք»։
Փաշինյանի խոսքով՝ իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ․ «Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որեւէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության եւ անվտանգության ապահովման հարցում, դրա հիմնավորումները բազմաթիվ են»։
Կարդացեք նաև
Փաշինյանի խոսքով՝ մի շարք հանգամանքներ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը․ «Իսկ ինչ է ուզում Ադրբեջանը։ Նկատել եք, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձեւակերպում՝ չորս գյուղերի տարածքների մասին, միեւնույն ժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում ՀՀ 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ։ Այսինքն, այս 4 եւ 31 գյուղերը վերաբերվում են ոչ անկլավային գյուղերին։ Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է։ Մենք ասում ենք, որ որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից հետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի եւ գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը եւ երկու երկրների զորքերը հետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ։ Այսինքն, սահմանի վերարտադրությունից հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է հետ քաշվեն։ Այսինքն, եթե երկու կողմերից սահմանի գծից առաջ զորք գա, պիտի հետ քաշվեն այդ արդեն իսկ սահմանագծված սահմանի նկատմամբ։ Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձեւակերպել այնպես, որ Ադրբեջանի զորքերը ՀՀ 31 գյուղերի տարածքներից որեւէ կերպ հետ չգնան։ Սա կառուցողական դիրքորոշում չէ, եւ կրկին, ՀՀ անունից վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքն արդեն իսկ պայմանավորված է։ Դրանք են՝ միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված պայմանավորվածությունը, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա եւ դա պետք է լինի սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը։ Սա նշանակում է, որ մեզ մնացել է, ըստ էության, տեխնիկական աշխատանք։
Քարտեզների եւ գետնի վրա վերարտադրել հայկական եւ ադրբեջանական ԽՍՀ-ների միջեւ 1991 թվականի դրությամբ դե յուրե առկա սահմանը՝ դրանց իրավական հիմքերը վեր հանելու միջոցով եւ լուծել հարցը։ Նույն սկզբունքով պետք է հասցեագրել այսպես կոչված էքսկլավ-անկլավների հարցը։ Ասենք՝ Արծվաշենի տարածքը որոշելու համար պետք է իրավական փաստաթղթերի հիման վրա գծել սահմանը եւ հետագա բանակցությունների արդյունքում որեւէ բանաձեւով լուծել նաեւ այդ հարցը։ Բայց Ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ նման լուծումների՝ փորձ անելով գնալ տեղայնացման ճանապարհով։ Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին, եւ սահմանագծում իրականացնել անգամ մարզ առ մարզ, ամեն հատվածում վերարտադրելով սահման եւ ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի եւ անցնել հաջորդ հատվածին, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին»։
Փաշինյանի ներկայացմամբ՝ հայկական կողմի համար երկու տարբերակներն էլ ընդունելի են, բայց Ադրբեջանը կարծես խուսափում է նաեւ այդ տարբերակից․ «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, ե սրա համար կարող է լինել մեկ պատճառ, օրինակ՝ ռազմական գործողություններ սկսելը սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով։ Այս մտադրությունը ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում եւ գործողություններում։ ՀՀ կառավարության քաղաքականությունն է՝ ակտիվ բանակցություններում ներգրավելու միջոցով հնարավորը անել նման զարգացումները կանխելու համար, միեւնույն ժամանակ ամուր կանգնելով ՀՀ բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում։ Այդ լեգիտիմ շահերն են՝ ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պաշտպանությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ