Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում Հայաստանի պետական սահմանին Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, որի հետևանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ:
Իր ելույթում վարչապետ Փաշինյանը նշել է.
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Կարդացեք նաև
Փետրվարի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվեցին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում Հայաստանի պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 4 դիրքապահներ:
Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին և մտերիմներին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ տեղի ունեցածն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հերթական դրսևորումն է: Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի վերը հիշատակված հատվածում Հայաստանի դիրքապահների կողմից կրակ է արձակվել և վիրավորում է ստացել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող: Այս հայտարարությունից հետո Հայաստանի ռազմական ոստիկանությունը հայտարարություն տարածեց, թե դեպքի հետաքննություն է սկսել, քանի որ Պաշտպանության նախարարի կողմից հստակ հրաման կա հրադադարի ռեժիմի խախտումներ թույլ չտալ, սադրանքների չտրվել: Եվ հետևաբար, եթե պարզվի, որ հրամանը խախտելու դեպք կա, կլինեն նաև իրավական հետևանքներ: Չնայած սրան՝ հաջորդ առավոտյան Ադրբեջանը զանգվածային կրակ է բացել վերը հիշատակված դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով չորս զոհ ունեցանք:
Իրադարձությունների նկարագրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մտադրությունները շարունակում են մնալ նույնը՝ ռազմական հարկադրանքի քաղաքականություն վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մեր տպավորությունն այն է, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում, և դրա հիմնավորումները բազմաթիվ են: Օրինակ՝ դեռևս 2022 թվականին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների մանդատի մեջ պետք է ներառվեն նաև սահմանային անվտանգության հարցերը: Հայաստանի Հանրապետությունը, պայմանավորվածության համաձայն, ստեղծեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով՝ ենթադրելով, որ այդ պայմանավորվածության համաձայն, հանձնաժողովները նաև սահմանային անվտանգության հետ կապված հարցերով կաշխատեն: Իսկ Ադրբեջանը, ի հեճուկս պայմանավորվածության, իր կողմից ստեղծած հանձնաժողովը կոչեց Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողով՝ բաց թողնելով անվտանգության կոմպոնենտը:
Այս և մի քանի այլ հանգամանքներ հիմք են տալիս եզրակացնելու, որ Ադրբեջանը շարունակում է վարել «այն, ինչ ուզում եմ տվեք ինձ բանակցային եղանակով, հակառակ դեպքում՝ ես դա կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը:
Իսկ ի՞նչ է ուզում Ադրբեջանը: Նկատել եք իհարկե, որ Ադրբեջանը պարբերաբար խոսում է, ինչպես ինքն է ձևակերպում, 4 գյուղերի տարածքների մասին, միևնույն ժամանակ՝ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի Հանրապետության 31 ոչ անկլավային գյուղերի կենսական նշանակության տարածքներ: Այսինքն՝ այս 4/31-ը վերաբերում է ոչ անկլավային գյուղերին:
Այս իրավիճակին մեր դիրքորոշումը խիստ կառուցողական է: Մենք ասում ենք, որպեսզի զորքերն իրենց այսօրվա դիրքերից ետ գնան, դրա համար անհրաժեշտ է քարտեզի և գետնի վրա վերարտադրել Հայաստան-Ադրբեջան սահմանը, և երկու երկրի զորքերը ետ քաշել այդ սահմանի գծի նկատմամբ: Այսինքն՝ սահմանի վերարտադրությունից հետո, եթե պարզվի, որ այդ գծից առաջ զորքեր կան, երկուստեք պետք է ետ քաշվեն: Այսինքն՝ եթե երկու կողմերից սահմանի գծից առաջ զորքեր կան, պիտի ետ քաշվեն այդ արդեն իսկ սահմանագծված սահմանի նկատմամբ:
Պաշտոնական Բաքուն փորձում է այս իրադրությունը ձևակերպել այնպես, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի 31 գյուղերի տարածքներից որևէ կերպ ետ չգնան: Սա կառուցողական դիրքորոշում չէ: Եվ կրկին Հայաստանի անունից վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ գնալ կոնկրետ լուծումների, որոնց սկզբունքներն արդեն իսկ պայմանավորված են:
Ի՞նչ սկզբունքների մասին է խոսքը՝ միջազգային հարթակներում գրավոր կերպով հրապարակային արձանագրված պայմանավորվածության, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է լինի սահմանազատման գործընթացի քաղաքական հիմքը: Սա նշանակում է, որ մեզ մնացել է, ըստ էության, տեխնիկական աշխատանք՝ քարտեզների և գետնի վրա վերարտադրել Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-երի միջև 1991 թվականի դրությամբ դե յուրե առկա սահմանը՝ դրանց իրավական հիմքերը վեր հանելու միջոցով և լուծել հարցը: Նույն սկզբունքով պետք է հասցեագրել նաև, այսպես կոչված, էքսկլավ/անկլավների հարցը: Ասենք՝ Արծվաշենի տարածքը որոշելու համար պետք է իրավական փաստաթղթերի հիման վրա գծել նրա սահմանը և հետագա բանակցությունների արդյունքում որևէ բանաձևով լուծել նաև այդ հարցը:
Բայց Ադրբեջանը պարբերաբար խուսափում է գնալ նման լուծումների՝ փորձ անելով գնալ տեղայնացման ճանապարհով: Մենք համաձայն ենք նույնիսկ այս տարբերակին և սահմանագծում իրականացնել անգամ մարզ առ մարզ՝ ամեն հատվածում վերարտադրելով սահմանը, և ապա իրականացնել զորքերի դիրքավորման ճշգրտում՝ ըստ վերարտադրված սահմանագծի, և անցնել հաջորդ հատվածին, իսկ էքսկլավային հարցերը թողնել ամենավերջին փուլին:
Այսինքն՝ կա երկու տարբերակ, որ նախ՝ ամբողջ սահմանագծով իրականացնում ենք սահմանագծում և անցնում դրա իրագործմանը: Երկրորդ տարբերակն այն է, որ կտորների ենք բաժանում սահմանը և կտոր-կտոր սահմանագծումով գնում ենք առաջ: Եվ, ըստ էության, երկու տարբերակներն էլ մեզ համար ընդունելի են՝ վերը նշված սկզբունքների շրջանակում: Բայց Ադրբեջանը կարծես թե խուսափում է նաև այս տարբերակից, և մեր վերլուծությունը ցույց է տալիս, թե սրա համար կարող է լինել մեկ պատճառ, և այդ պատճառը կարող է լինել, օրինակ՝ ռազմական գործողությունները սկսելը սահմանի որոշ հատվածներում, հետագայում ռազմական էսկալացիան Հայաստանի Հանրապետության դեմ լայնածավալ պատերազմի վերածելու հեռանկարով: Այս մտադրությունն ընթերցվում է պաշտոնական Բաքվից հնչող բոլոր հայտարարություններում ու գործողություններում:
Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունն է՝ ակտիվ բանակցություններում ներգրավվելու միջոցով հնարավորն անել նման զարգացումները կանխելու համար, միևնույն ժամանակ, ամուր կանգնելով Հայաստանի Հանրապետության բոլոր լեգիտիմ շահերի պաշտպանության դիրքերում: Այդ լեգիտիմ շահերն են՝ Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանությունը, ու չեմ կարող չնկատել, որ պաշտոնական Բաքվից վերջին օրերին հնչող մի շարք հայտարարություններ Հայաստանի օրենսդրական դաշտի մասին մեր երկրի ինքնիշխանության խախտում են և միջամտություն մեր երկրի ներքին գործերին: Փորձերը՝ մեկնաբանելու, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող որևէ դրույթ կա, իրականության հետ որևէ կապ չունեն: Ինչպես ասել եմ, խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է մի շարք հոդվածների վերաբերյալ համաձայնության գալ, և դրանցից մեկն այն մասին է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա խաղաղության պայմանագրի որևէ դրույթի կատարումից հրաժարվելու համար: Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ խաղաղության պայմանագրի իրագործմանը խոչընդոտող որևէ դրույթ չկա և սա ոչ միայն քաղաքական, այլև փորձագիտական գնահատական է, որի իրավական նրբությունների մեջ խորանալու անհրաժեշտություն առնվազն այս պահին չեմ տեսնում:
Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Ադրբեջանը շարունակում է սպառնալից հռետորաբանությունը նաև մեր բանակի բարեփոխումների և Հայաստանի Հանրապետության կողմից սպառազինություն և տեխնիկա ձեռք բերելու կապակցությամբ: Բայց ինչպես ասել եմ, սույն թվականի հունվարի 28-ին՝ Բանակի օրվա առիթով, ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է: Սա որևէ մեկը չի կարող ժխտել: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հարևան բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և սեփական տարածքից դուրս նպատակներ չունի: Սա, ի դեպ, մեր երկարաժամկետ ռազմավարությունն է, որովհետև կարծում ենք, որ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար կարևորագույն կոմպոնենտ է լեգիտիմությունը: Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ոլորտում ունի միայն լեգիտիմ նպատակներ, այն է՝ միջազգայնորեն ճանաչված իր տարածքների պաշտպանությունը: Նման նպատակ ունենալու մեջ որևէ երկիր որևէ այլ երկրի երբևէ չի կարող մեղադրել:
Եզրափակելով՝ կրկին ուզում եմ ընդգծել մեր հավատարմությունը խաղաղության օրակարգին և վերահաստատել պայմանավորված սկզբունքների շրջանակներում լուծումների գնալու, այսինքն՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու, սահմանազատում և սահմանագծում իրականացնելու մեր պատրաստակամությունը: Բացի վերը նշվածից, պիտի ընդգծեմ նաև տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքով բացելու մեր պատրաստակամությունը, որն արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ: Համոզված եմ, որ այս նախագծի իրագործումը մեր տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացմանը նոր խթան կտա: Շնորհակալություն, հարգելի գործընկերներ»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ