Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ փոքր աջակցությունը, այս իրավիճակը նպաստում է, որ Արցախի հայերը լքեն Հայաստանի Հանրապետությունը»․ Գեղամ Ստեփանյան

Փետրվար 15,2024 12:16

Արցախի ժողովրդին պետք է միջազգային աջակցություն տրամադրել, այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ կատարած այցին։

«ԱՄՆ կոնգրեսում ունեցել ենք հանդիպումներ եւ կոնգրեսականների, եւ սենատորների հետ։ Այս հանդիպման ընթացքում քննարկված հիմնական թեմաներն են առաջին հերթին Արցախի ժողովրդին պատշաճ միջազգային աջակցության տրամադրումը, որը, ցավոք սրտի, մինչեւ այսօր չենք տեսնում։ Բարձրաձայնել ենք, որ Արցախի ժողովուրդը որպես փախստական Հայաստանի Հանրապետությունում՝ գտնվում է ֆինանսական ծանր պայմաններում՝ չունենալով հնարավորություն պատշաճ աշխատանք ձեռք բերելու, ստանալով շատ փոքր աջակցություն Հայաստանի կառավարությունից, այս իրավիճակը նպաստում է, որպեսզի Արցախի հայերը թողնեն ու լքեն Հայաստանի Հանրապետությունը։ Դա կանխելու համար անհրաժեշտ է միջազգային գործուն աջակցություն ՀՀ-ին եւ Արցախի ժողովրդին»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ բարձրաձայնել են նաեւ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների եւ պատանդների անհապաղ ազատ արձակման հարցը։ «Այստեղ հատուկ շեշտադրվել է, որ առկա չէ անգամ այդ անձանց պահման պայմանների, առողջական վիճակի մասին հստակ եւ անկողմնակալ տեղեկատվություն ստանալու խողովակ։ Եվ նշել ենք նաեւ, ու հաշվի առնելով այն, որ ադրբեջանական բանտերում անգամ ադրբեջանական իրավապաշտպանների եւ լրագրողների նկատմամբ ոչ մարդկային վերաբերմունք կա, կարելի է ենթադրել, թե ինչպիսի վերաբերմունքի են արժանանում մեր ռազմագերիները կամ պատանդառված անձինք»,- ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում բարձրաձայնել են նաեւ հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ հստակ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ վերադարձի իրավունքի իրացման հարցը եւս օրակարգում է եղել։ «Նշել ենք, որ այս պայմաններում եւ այս իրավիճակում վերադարձը հնարավոր չէ, սակայն մենք չենք հաշտվելու Արցախը կորցնելու մտքի հետ եւ պահանջելու ենք միջազգային իրավունքով մեզ տրված վերադարձի իրավունքի պատշաճ իրացման հնարավորություն։ Եվ այդ առումով մեզ համար կարեւոր է ունենալ հարթակ՝ մեր տեսակետները ներկայացնելու։ Հատկապես այս իրավիճակում, երբ Հայաստանի Հանրապետության կողմից բանակցային գործընթացում Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին անդրադարձ չկա կամ առնվազն հրապարակային չկան, մեզ համար կարեւոր է, որ ստեղծվի խողովակ, որտեղ մենք կկարողանանք խոսել այս թեմաների մասին»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829