Հարցազրույց երիտասարդ դիրիժոր Րաֆֆի Միքայելյանի հետ
– Հարգարժան Րաֆֆի, ձեր պրոֆեսիոնալ գործունեությունը հաշվվում է ավելի քան տասը տարի եւ այդ ընթացքում՝ որպես երիտասարդ երաժշտի, ակնհայտ են ձեր հաջողությունները։ Մենք երկու անգամ անդրադարձել ենք ձեր գործունեությանը։ Պարզապես հիշեցնենք, որ «Փարոս» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն եք, գրանցել է միայն հաղթանակներ մի քանի միջազգային մրցույթներում։ Հիշում ենք նաեւ, թեեւ կարճ ժամանակահատված, ձեր ղեկավարությամբ «Հավատամք» իգական երգչախմբի ելույթները, մասնակցությունն ու հաղթանակները դարձյալ միջազգային մրցույթներում։ Շուրջ երկու տարի է՝ մեր օպերային թատրոնում ղեկավարում եք Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան, Խաչատրյանի «Գայանե», «Դիմակահանդես», Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկ» բալետային ներկայացումները։ Հաճախ հրավերներ եք ստանում նաեւ արտասահմանից, կոնկրետ՝ ԱՄՆ-ից։ Վերջերս էլ Լոս Անջելեսում էիք։ Մինչ մեզ հետաքրքրող թեման, կխնդրեինք մանրամասն ներկայացնել ձեր ամերիկյան հյուրախաղերը։
– Առաջին անգամ 2019թ. Կորոնադո կղզում ղեկավարեցի Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմը՝ «Musica Vitale» երգչախմբի եւ նվագախմբի հետ, որպես մեներգիչներ հանդես եկան ամերիկացի ճանաչված երգիչներ՝ սոպրանո Լաուրա Ռեյեսը եւ բարիտոն Մայքլ Սոկոլը։ 2021թ. Ամերիկայի արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան Արք. Տերտերյանի աջակցությամբ եւ հովանու ներքո հիմնվեց Voce dell Orchestra-ն, որի առաջին բեմելը վստահվեց ինձ։ Այդ նվագախմբի հետ հնչեցրել ենք Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիան գոսերի եւ լարայինների համար, Ալեքսանդր Հարությունյանի «Սիմֆոնիետան», Ալան Հովհաննեսի, Կոմիտասի, Խաչատրյանի ստեղծագործություններից եւ այլն։ Եվ 2023-ի վերջին, դարձյալ Voce dell Orchestra-ի հետ Լոս Անջելեսի Սրբոց Ղեւոնդյաց մայր տաճարում կատարեցինք Խաչատրյանի ստեղծագործություններից, հատվածներ «Սպարտակ», «Գայանե» եւ «Դիմակահանդես» բալետներից…
– Մենք տեղեկություն ունենք, որ կոնկրետ այդ համերգի ավարտին հնչեցրել եք նաեւ Սարմենի խոսքերով եւ Խաչատրյանի երաժշտությամբ Սովետական Հայաստանի օրհներգը։
– Այո, 2023-ը խաչատրյանական տարի էր հայտարարված աշխարհում, համերգի ավարտին էլ հնչեցրինք խաչատրյանական օրհներգը, որտեղ Սարմենի տեքստից ընդամենը երեք բառ է փոխված. «սովետականը»՝ «հավերժական», «Լենինը»՝ «Աստված» եւ «հոկտեմբերը»՝ «մեր հավատը»։ Տեսեք՝ ժամանակին երգել են. «հոկտեմբերը կործանումից մեզ փրկեց», իսկ հիմա՝ «մեր հավատը կործանումից մեզ փրկեց»։ Համերգավարը յուրաքանչյուր կատարումից առաջ ներկայացնում էր ստեղծագործությունը եւ, հուրախություն ինձ, երբ հայտարարվեց «օրհներգ», հանդիսատեսը առանց զգուշացման ոտքի կանգնեց եւ ողջ ընթացքում ձայնակցում էր երգչախմբին։
– Օրհներգի կատարումը ձե՞ր մտահղացումն էր։
– Իհարկե, այո։ Մեզ մոտ հատկապես վերջին շրջանում խոսակցություններ, քննարկումներ են ընթանում օրհներգը փոխելու շուրջ…
– Նույնիսկ այդ առիթով ժամանակին անցկացվեց մրցույթ՝ մեր անվանի կոմպոզիտորների մասնակցությամբ։ Դուք համոզվա՞ծ եք, որ օրհներգի փոփոխության դեպքում «կհաղթի՛» Խաչատրյանը։
– Իհարկե, ես Խաչատրյանի օրհներգը վերադարձնելու կողմնակիցների թվում եմ, եւ պատճառը հիմնավորելու համար երկար ժամանակ կպահանջվի։ Իսկ եթե կարճ ասեմ, ապա այն եւ մեղեդային է, եւ հարմոնիկ լեզուն է հարուստ, իսկ միջին հատվածում 6 շեփորների օգտագործումը էլ ավելի հանդիսավորություն է հաղորդում գործին։ Մյուս կողմից՝ Սարմենի բառերը. եթե կարելի է ընդամենը 3 բառ փոխել… Ի՞նչ իմաստ ունի նոր տեքստ պատվիրել կամ մրցույթներ հայտարարել…
Ի դեպ, համերգին մասնակից ամերիկացի երաժիշտները հիացմունքով արտահայտվեցին Խաչատրյանի այդ ստեղծագործության մասին։ Ավելին, առաջին փորձից հետո նրանք գնացել ու լսել էին Հայաստանի այսօրվա օրհներգը ու զարմացած հետաքրքրվում էին, թե ինչու ենք փոխել, ի վերջո երջանիկ ազգ ենք, որ ունենք Խաչատրյան։ Ներողամտություն հայցելով բարձրաձայնում էին, որ Հայաստանի այսօրվա օրհներգը տխուր է եւ ոչ տպավորիչ։
– Գանք այսօրվա ձեր գործունեությանը։
– Մի բան կուզեի բարձրաձայնել. տարիներ շարունակ լսում ենք, թե երիտասարդ շնորհալի դիրիժորներ չունենք։ Ո՞վ է ասում, նրանք կան, պարզապես նրանց աջակցողներ չկան։ Ես բերեմ իմ օրինակը. ինձ մինչ օրս հնարավորություններ է ընձեռել միայն մեկը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանը։ Դուք զրույցի ընթացքում նշեցիք իմ զբաղվածությունը օպերային թատրոնում։ Ինչ վերաբերում է «Փարոսին», առաջիկայում սպասում ենք Փարիզից մի քանի կոլեկտիվներից միավորված երգչախմբի գալստյան, որի հետ կհնչեցնենք Կարպիս Ափրիկյանի «Սասունցի Դավթի ծնունդը» օրատորիան։ Միայն նշեմ, որ այդ ծավալուն գործը միայն մեկ անգամ՝ հեղինակի ղեկավարությամբ, Հայաստանում հնչել է 20 տարի առաջ։
– Վերջում դարձյալ անդրադառնանք Խաչատրյանի օրհներգին. հետաքրքիր է՝ ո՞վ է փոփոխություն կատարել Սարմենի տեքստում եւ որտեղի՞ց այդ ստեղծագործության պարտիտուրը։
– Ասեմ միայն, որ Երեւանում կա Խաչատրյանի օրհներգի փոփոխված տարբերակը։
Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Լուսանկարները՝ Լոս Անջելեսում կայացած համերգից։
«Առավոտ» օրաթերթ
14.02.2024