Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են տզրուկներն ազդում մարդու օրգանիզմի վրա՝ «խմելով» նրա արյունը

Փետրվար 15,2024 09:30

Դեռևս Հին Եգիպտոսում տզրուկները լայնորեն օգտագործվում էին նյարդային համակարգի, մաշկային, ատամների հետ կապված խնդիրների, վարակների բուժման համար, սակայն 19 դարում Եվրոպայում այնքան էր մեծացել տզրուկների, մասնավորապես Hirudo Medicineis տեսակի պահանջարկը, որ այն գրեթե անհետացման եզրին էր հայտնվել։

19-րդ դարում տզրուկների օգտագործումը նոր թափ ստացավ մեծամասամբ Փարիզի Վալ դը Գրասի գլխավոր բժիշկ Ֆրանսուա Ժոզեֆ Վիկտոր Բրուսեի շնորհիվ, որը հայտարարել էր, որ բոլոր հիվանդությունները՝ ջրծաղիկից մինչև քաղցկեղ, բորբոքման հետևանք են, իսկ արյունառությունը՝ դարման այդ հիվանդությունների համար։

Վիկտորյանական շրջանում տզրուկների միջոցով արյունառությունը դարձել էր պարտադիր, քանի որ այն համեմատաբար ավելի անվտանգ միջոց էր ու առանձնակի հմտություններ չէր պահանջում։ Տզրուկների օգտագործումից հետո արյունահոսությունը դադարում էր տզրուկների թքի մեջ պարունակվող բնական հակամակարդիչների շնորհիվ։

Պահպանվել են տվյալներ, որ 1830- 1836 թթ․ Բրուսեի հիվանդանոցում օգտագործվել է ավելի քան 2 միլիոն տզրուկ, որոնց մեծամասնությունը կիրառվել է նոր պացիենտների վրա՝ մինչ հիվանդության ախտորոշումը։

Իհարկե, այդ շրջանում տզրուկներով ամեն ինչ բուժելու մոլուցքն ամենևին էլ արդարացված չէր և մի շարք խնդիրներ էր առաջացրել ինչպես  տեսակի վերացման, վարակների տարածման, այնպես էլ պացիենտներին ոչ պատշաճ բուժում ապահովելու տեսանկյունից, սակայն տզրուկները նպատակային կիրառվելու դեպքում տարբեր ժամանակներում բարի ծառայություն մատուցել են մարդկությանը։ Հայտնի է XIX դարի բժիշկ Ն. Ի. Պիրոգովը փորձը, երբ նա ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ավելի քան 100 տզրուկ է դրել զինվորների՝ խորը պատռվածք ունեցող վերքերի և կոտրվածքների վրա՝ հարյուրավոր վիրավորների փրկելով վարակվելուց և ցավային շոկից։

Տզրուկաբուժությունը կիրառվում է նաև մեր օրերում, մասնավորապես սրտաբանության, ակնաբուժության, վիրաբուժության, գինեկոլոգիայի, ուրոլոգիայի, նյարդաբանության բնագավառներում։ Տզրուկների բժշկական կիրառությունը պայմանավորված է վերջիններիս թքի յուրահատուկ բաղադրությամբ․ դրանում պարունակվող սպիտակուցներն (հիրուդին) ու ֆերմենտները խոչնդոտում են թրոմբերի առաջացմանը, նպաստում արյան մեջ խոլեսթերինի մակարդակի իջեցմանը, նվազեցնում բորբոքումը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը։

Հիալուրոնիդազ ֆերմենտը բարձրացնում է հյուսվածքների թափանցելիությունը, ինչի միջոցով արտաքինից ներմուծվող նյութերը հեշտությամբ հասնում են բջիջներին։

Կոլլագենազա ֆերմենտը քայքայում է կոլլագենը՝ նպաստելով լուրջ այրվածքներից և խորը կտրվածքներից հետո մաշկի վրա առաջացող կելոյիդային սպիների ներծծմանը։

Ինչպե՞ս են կիրառվում տզրուկները բժշկական նպատակներով

Սեանսի ժամանակ կենդանի տզրուկներն ամրացվում են օրգանիզմի անհրաժեշտ հատվածին և սկսում «խմել» արյունը․ այդ ընթացքում տզրուկների թքի միջոցով մարդու օրգանիզմ են մտնում կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք «ջրիկացնում են» արյունը՝ բարելավելով արյան շրջանառությունն ու կանխարգելելով հյուսվածքների վնասվածքները։ Պատահական չէ, որ դրանք օգտագործվում են արյան շրջանառության խանգարումների ու սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար։

Տզրուկների կիրառումից հետո մարմնի  վրա Y-աձև փոքրիկ վերքեր են մնում, որոնք, սովորաբար լավանում են՝ սպիներ չթողնելով։

Տզրուկների թքից ստացված քիմիական նյութերը օգտագործվում են այնպիսի դեղամիջոցների կազմում, որոնք նախատեսված են հիպերտոնիայի, երակների վարիկոզ լայնացման, թութքի, մաշկային խնդիրների, արթրիտի բուժման համար։

Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ տզրուկաբուժությունը կարող է կիրառվել հոդերի տարածված հիվանդություն համարվող օստեոարթրիտի բուժման համար, քանի որ տզրուկի թքի մեջ առկա նյութերն ունեն նաև հակաբորբոքային ու ցավազրկող ազդեցություն։

Տզրուկները կարո՞ղ են օգտակար լինել դիաբետի բարդությունների դեպքում

Դիաբետը կարող է բազմաթիվ բարդություններ առաջացնել՝ այդ թվում՝ հոդերի հիվանդություններ, որոնք կարող են սահմանափակել արյան հոսքը դեպի վերջույթներ։ Երբ արյան հոսքը լրջորեն սահմանափակվում է, ապա հյուսվածքների վնասվածքներն անխուսափելի են դառնում՝ մեծացնելով դիաբետ ունեցող մարդկանց շրջանում անդամահատումների հավանականությունը։ Այդ գործընթացը դադարեցնելու ամենաարդյունավետ միջոցը վնասված հյուսվածքներում արյան շրջանառությունը լավացնելն է՝ առանց թրոմբների ձևավորմամ ռիսկի։ Հետազոտությունները ցույց են տվել, որ տզրուկաբուժությունը կարող է օգտակար լինել այդ հարցում։

Կա՞ն արդյոք կողմնակի ազդեցություններ

Տզրուկաբուժությունը գրեթե չունի կողմնակի ազդեցություններ, քանի որ տզրուկների կողմից մարդու օրգանիզմ ներթափանցած նյութերը օրգանիզմում դիմադրության չեն հանդիպում՝ ընկալվելով որպես յուրային։ Սակայն, որոշակի ռիսկեր, այնուամենայնիվ, գոյություն ունեն։ Մասնավորապես կա ալերգիկ ռեակցիայի, ինչպես նաև բակտերիալ վարակի հավանականություն, եթե օգտագործվում են չվերահսկվող միջավայրի տզրուկներ։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։ 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ National Geographic, Healthline

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829