Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտունին է՞լ են դատարկում, որ ռեգիստրը բերեցին Գավառ». ՔՊ նորատուսցի պատգամավորը՝ Վարդենիսի ու Ճամբարակի պետական կառույցները փակելու մասին

Փետրվար 14,2024 21:05

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանին վարդենիսցիներն ու ճամբարակցիներն ահազանգել էին, որ իրենց համայնքների՝ Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային ծառայությունները փակում են մայրաքաղաք Երեւանից ստացված հրահանգով. «Խոշորացնելու, կրճատումների, բարեփոխումների, օպտիմալացման անվան տակ հեռավոր քաղաքներից ու գյուղերից ամեն կառույց հանում են: Նպատակը ենթադրելի է, բայց փաստն այն է, որ սահմանամերձ բնակավայրերը այսպիսով դատարկվում են պետության «բարձր հովանու ներքո»: Այս իրավիճակում մնում է մի սպասելի հարցադրում. Վարդենիսն ու Ճամբարակն է՞լ են դժգույն ու դժբախտ»:

Թովմասյանը անձնագրային ծառայությունների փակման հարցով դիմել էր ՆԳ նախարարին:

Aravot.am-ը ՔՊ խմբակցության գեղարքունիքցի պատգամավոր Նարեկ Գրիգորյանին հարցրեց՝ իրենց մարզի բնակիչները նույն ահազանգով իրեն չե՞ն դիմել, ինչո՞ւ են այդ պետական կառույցները հանում, ի՞նչ նպատակ են հետապնդում: Նա պատասխանեց. «Ես հարցազրույց չեմ ուզում տամ, բայց էդ ուղղակի խոշորացե, նույն հաջողությամբ Մարտունիում էլ խոշորացե պետռեգիստրը, բերե Գավառ»:

Հարցին միայն խոշորացո՞ւմ է տեղի ունենում, թե՞ այնպես է, որ խոշորացման անվան տակ դատարկում են այդ բնակավայրերը, որ քիչ-քիչ հանձնեն՝ նա պատասխանեց. «Մարտունին է՞լ են դատարկում, որ ռեգիստրը բերեցին Գավառ, դե եթե դատարկում են ու էդ տրամաբանությունն ա… Խոշորացնում են, անձնագրային ինստիտուտն են զարգացնում են: Ես չգիտեմ, էդ գուցե ՆԳՆ-ին հարցնեք»:

Հարցին՝ դուք եք շփվում բնակիչների հետ, այդ մասին նրանց անհանգստությունները, բողոքները չե՞ք լսել՝ Նարեկ Գրիգորյանը պատասխանեց. «Դեռ չէ»:

Այդ դեպքում թե ինչո՞ւ են նույն մարզից Թագուհի Թովմասյանին դիմում քաղաքացիները, իր հետ ինչո՞ւ չեն կապվում՝ նա փակվող պետական կառույցները թողեց, անցավ Թագուհի Թովմասյանին. «Ինքը Վարդենիսո՞ւմ է ապրում: Լո՞ւրջ: Ես գիտեի Գեղարքունիքի պատգամավորներից մենակ ես եմ, որ մարզում եմ ապրում: Ինքը ինչեցի է, ես չգիտեմ, բայց Գեղարքունիքում ես եմ ապրում»:

Ավելի ուշ Թագուհի Թովմասյանը հրապարակեց ՆԳՆ-ից ստացած պատասխանը, որտեղ մասնավորապես ասվում է, որ օպտիմալացվելու են անձնագրային ծառայությունները սահմանամերձ համայնքներից. «…նախաձեռնվել է ստորաբաժանումների օպտիմալացում՝ թիվը 63-ից հասցնելով 47-ի. հաշվի են առնվել հետևյալ գործոնները՝ տարածքային ստորաբաժանումների բաշխվածությունը, աշխարհագրությունը, սպասարկման ծածկույթը՝ ըստ բնակչության թվի, քաղաքացիական ծառայության պահանջը, ըստ որի՝ 4 և ավելի աշխատակիցների քանակ է պահանջվում ստորաբաժանման ձևավորման համար, մինչդեռ մարզերում առկա էին 2-3 հոգուց բաղկացած խմբեր:

Գործընթացը կիրականացվի ընթացիկ տարում փուլային եղանակով: Այն համայնքներում, որտեղ նախատեսված է օպտիմալացում, զուգահեռաբար մշտադիտարկում կարվի: Անհրաժեշտության դեպքում շրջիկ ծառայության միջոցով պարբերաբար ծառայություններ կմատուցվեն Հայաստանի տարբեր համայնքներում»:

Այսինքն, ըստ ՆԳՆ-ի պարզաբանման, անձնագրային ծառայությունները այդ համայնքներում փակվելու են եւ անցնեն շրջիկ ծառայության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829