Լրահոս
Օրվա լրահոսը

406 միլիոն դրամի ներդրում՝ Գյումրիում․ քաղաքի պատմական շենքերից մեկում կբացվի նշանավոր քանդակագործի թանգարանը

Փետրվար 14,2024 20:33

Գյումրու պատմամշակութային հուշարձան համարվող շենքերից մեկը, որը տեղակայված է Ս․ Համբարձումյան փողոց 35 հասցեում (այնտեղ նախկինում տեղակայված էր քաղաքային գրադարանը), Գյումրու ավագանու որոշմամբ անհատույց օգտագործման տրամադրվեց «Ֆրիդ Սողոյան» մշակութային հիմնադրամին։

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը նշեց, որ այդ շենքը պատմամշակութային արժեք է ներկայացնում, համայնքային սեփականություն է, այն 2021 թվականին հատկացվել է ՀՀ ու ՌԴ ժողովրդական նկարիչ, Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, նշանավոր քանդակագործ Ֆրիդ Սողոյանի ժառանգներին՝ նպատակ ունենալով բացել ցուցասրահ-թանգարան։

Ճարտարապետի ասելով՝ Մոսկվայից Գյումրի էր տեղափոխվելու նրա գործերի մի մասը՝ ցուցադրության համար։

«Շենքը մասնակի վերանորոգվել էր ժառանգների միջոցներով, բացվել էր ցուցասրահը, նույնիսկ այցելություններ էին կազմակերպվել, բայց ընթացքում պարզվեց, որ ֆինանսական մեծ չափի միջոցներ են պետք ներդնել, որովհետև շենքն այնքան էլ լավ վիճակում չէ․ վերակառուցման խնդիր ունի, պետք է ծածկերը փոխել, ամրացման աշխատանքներ կան։

Քննարկումների արդյունքում բացվել է Ֆրիդ Սողոյանի հիմնադրամը՝ բարեգործական, որը իր վրա է վերցրել վերանորոգումը, հետագա սպասարկումը, շահագործումը կազմակերպելու համար։ Դրա համար քննարկվում է շենքն անհատույց տրամադրել հիմնադրամին։

Նախագծով առաջարկվում է 20 տարի նախնական ժամկետով, որից 5 տարին նախատեսվում է աշխատանքներ կատարելու համար։ Հինգ տարի հետո, երբ կավարտվեն ներդրումները, շենքի վերանորոգումն ավարտին հասցրած կլինեն, հետագայում կանդրադառնանք ժամկետը երկարացնելու հարցին։

Խնդրում եմ քննարկել հարցը՝ նկատի ունենալով, որ Ֆրիդ Սողոյանը մեր քաղաքի նշանավոր գործիչներից է, հայտնի է աշխարհում, նրա ստեղծագործությունները գտնվում են և՛ ԱՄՆ-ում և՛ Ռուսաստանում։ Ինքը Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Ռուսաստանի, Ուկրաինայի ժողովրդական նկարիչ է», -ասաց Հենրիկ Գասպարյանը։

Ավագանու անդամները խնդրեցին ներդրումների չափը և ժամկետը հստակեցնել։

Հիմնադրամի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Ֆրիդ Սողոյանը 70-ական թվականներից ստեղծագործել է Մոսկվայում, նրա արվեստանոցից արդեն իսկ 30 ստեղծագործություններ տեղափոխվել են Գյումրի, ցուցասրահը գործում է, ներկայումս այդ գործերը ցուցադրվում են։

Սակայն շենքը հիմնովին վերանորոգելու կարիք կա, այն պիտի վերանորոգվի՝ պահպանելով հուշարձան-շենքի ճարտարապետական առանձնահատկությունները ։ Շենքի շինարարության արժեքը, ըստ հիմնադրամի ներկայացուցչի, 176 միլիոն դրամ է կազմում, բակային հատվածի ու օժանդակ շինություններինը՝ մոտ 230 միլիոն դրամի է հասնելու։

80 ստեղծագործություններ են տեղափոխվելու են և ցուցադրվելու են նոր սերնդին, Գյումրու արվեստի ժառանգությունը համալրվելու է։

Ավագանու նիստի տեսանյութի նշյալ հատվածը` 2․09․10 րոպեից։

«Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանն էլ, որը տեղում ուսումնասիրություններ է կատարել, ավագանու նիստին էլ հանդես եկավ մի շարք առաջարկներով, այսօր լուսանկարներ է հրապարակել հուշարձան շենքից՝ գրելով, որ պատմամշակութային արժեք ներկայացնող մի կառույց ևս կփրկվի։

Նա գրել է․ «Պատմամշակութային հուշարձան շենքը փրկելու նպատակով․․․

Երեկ տեղի ունեցավ Գյումրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական առաջին նիստը։ Ի թիվս այլ հարցերի, քննարկվեց նաև Ս․ Համբարձումյան փողոց 35 հասցեի շենքը «Ֆրիդ Սողոյան» մշակութային հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրելու որոշման նախագիծը։

Ի՞նչ էր նախատեսված որոշման նախագծով, և դրա իրականացման արդյունքում ի՞նչ կունենա համայնքը։

Նախ նշեմ, որ շենքը, որը տրամադրվեց հիմնադրամին, գտնվում է Գյումրու պատմական կենտրոնում, իրենից ներկայացնում է հանրապետական նշանակություն ունեցող պատմամշակութային հուշարձան, որը մեղմ ասած գտնվում է անմխիթար վիճակում։

Հուշարձան շենքը «Ֆրիդ Սողոյան» մշակութային հիմնադրամին տրամադրվում է անհատույց օգտագործման, որի հիմքով

  • Շենքը պետք է կապիտալ հիմնանորոգվի․
  • Այն ծառայելու է որպես հուշատուն-ցուցասրահ․
  • Գյումրու պատմական կենտրոնում ունենալու ենք քայքայումից և փլուզումից փրկված հանրապետական նշանակության հուշարձան շենք, հուշատուն-ցուցասրահ, որը լրացուցիչ խթան կհանդիսանա քաղաքի մշակութային կյանքի աշխուժացման, զբոսաշրջության զարգացման, քաղաքի մշակութային արժեքների համալրման և քաղաքի լավագույն արվեստագետների ստեղծագործությունների հանրահռչակմանը։

Որոշման նախագիծը ավագանու կողմից ընդունվեց միաձայն։ Միաժամանակ հնարավոր տարընթերցումներից խուսափելու համար` իմ և գործընկերներիս առաջարկությամբ նախագծի երկրորդ կետում կատարվեցին հստակեցումներ, որոնց արդյունքում ունեցանք հստակ ժամկետներ՝ ներկայացված նախագիծը կյանքի կոչելու համար»։

Գյումրիում ծնված, սակայն Մոսկվայում ստեղծագործած հայ քանդակագործի գործերը պահվում են Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։

Գյումրեցիներին նա առավել հայտնի է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանով, որը նվիրված է 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։

Քանդակն արել է Մոսկվայում, հետո տեղափոխել Գյումրի։

Քաղաքի պատմական հատվածներից մեկում է գտնվում նաև նրա «Դուդուկահարի» արձանը, Բագրատունյաց պուրակում էլ տեղադրված է նրա «Վերածնունդ» հուշարձանը, որը բացվեց 2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829