Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ ա գիտեք իրանց փող եմ տվել, որ ինձ էժան ծախեն․ այն ժամանակ ինչ գին առաջարկել են, ես էլ ոնց որ պարտադրված համաձայնվել եմ»․ Աղաբաբյանը «Հրազդան» մարզադաշտի քրգործի մասին

Փետրվար 14,2024 20:00

Գլխավոր դատախազությունն այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ տարիներ առաջ «Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով՝ ընդամենը 87 մլն 520 հազար դրամով, մինչդեռ գործարքը կատարելու ժամանակահատվածում դրա շուկայական արժեքը կազմել է 11 մլրդ 558 մլն դրամ»։

Aravot․am-ի հետ զրույցում «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը պնդում է՝ այն ժամանակ ինչ գին առաջարկել են, այդ գնով էլ ձեռք է բերել։

«Ես չեմ որոշել գինը, ինձ առաջարկել են, ես էլ ոնց որ պարտադրված համաձայնվել եմ, որ ստադիոնը վերականգնեմ, մոտավոր 3,5-4 միլիոն դոլարի պայմանագիր ենք ունեցել, որ ներդրում պետք է արվի»,-ասաց Աղաբաբյանը։

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ վաճառքի մասին կառավարության որոշման համար հիմք են հանդիսացել պետգույքի կառավարման վարչության կողմից ներկայացված տվյալները, ըստ որոնց՝ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրի շրջանակներում արդեն իսկ կատարել է ավելի քան 900 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Մինչդեռ, գլխավոր դատախազության ուսումնասիրության շրջանակում պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ ընկերության կողմից 2001-2004 թվականների ընթացքում 900 հազար դոլար ներդրում կատարելու վերաբերյալ տվյալներ առկա չեն, դրանց վերաբերյալ տեղեկություն առկա չէ «Հրազդան Մարզահամալիր» ՓԲԸ-ի հաշվապահական հաշվեկշռում, առկա չէ նաեւ վարձակալի կողմից վարձատուին ներկայացված՝ կապիտալ ներդրում կատարելու վերաբերյալ որևէ ակտ կամ գրավոր տեղեկություն։

Այս առնչությամբ էլ Աղաբաբյանն ասաց․ «Ինչ կուզեն՝ կգրեն։ Բայց ես մի հատ էլ Թուրքիայի հետ խաղից առաջ HSBC բանկից 4 միլիոն դոլար փող եմ վերցրել, նորից ներդրում եմ արել․«Մոտ 9 միլիոն դոլարի ներդրում եմ արել։ Պետգույքի կոմիտեն պիտի ունենա էդ բոլոր թղթերը»։

Մարզադաշտն այդքան էժան ձեռքբերելու մասին էլ Աղաբաբյանն ասաց․ «Գիտեք, այն ժամանակ ինչքան էժան ծախեին, մենակ թե պետության բյուջեին չկպնեին, ինձ էլ առաջարկել են, ես համաձայնվել եմ։ Կարո՞ղ ա գիտեք իրանց փող եմ տվել, որ ինձ էժան ծախեն։ Նման բան չկա։ Պարտավորություններ ենք վերցրել ու կատարել ենք։ Բացի դրանից, ստադիոնը հո ավտո չի, քշեմ տանեմ մեր տուն։ Մենք ընդամենը ղեկավարել ենք, տոնավաճառ կար, կարողանում էինք պահել դրանով ստադիոնը, էդ էլ մեր ձեռից տարան, սնանկացանք։ Պետգույքը սխալ տվյալներ է տվել։ Հետաքրքիր է՝ դատախազությունը նման քայլի գնալիս՝ ինչի՞ մեզ տեղյակ չի պահել, ոչ խոսել են մեզ հետ, ոչ էլ մեր թղթերը ստուգել են։ Պետական հիմնարկներ են, իրանք իրար մեջ ինչ թիվ ուզենան՝ կգրեն, բայց հո տենց չի, փաստաթղթեր կան»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829