Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի վերջո հասարակությունը տեսնում է, չէ՞ որ Ներքին Հանդում չորս հոգի զոհվեց։ Խոսում ես խաղաղությունից, բայց մարդ է զոհվում»․ Ավետիք Չալաբյան

Փետրվար 14,2024 19:35

«Երեկ չորս հայ տղամարդ իրենց կյանքով ու իրենց ընտանիքները հատուցել են կեղծ խաղաղասիրական քարոզի համար»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդում կատարվածին։

Հարցին՝ այս միջադեպը կարո՞ղ է դառնալ պատճառ ռազմական մեծածավալ գործողությունների, թե Ադրբեջանի հերթական սադրանքն է, որը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել հայ հասարակության համար, Ավետիք Չալաբյանը պատասխանեց․ «Վերջին տարիների ապրում ենք այն թյուր մտայնությամբ, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ԼՂ-ի և Արցախի շուրջ է, և որ Արցախը Ադրբեջանին սկուտեղի վրա հանձնելով՝ կարելի էր դրանով կոնֆլիկտն ավարտել։ Այդպես են մտածում միայն այն մարդիկ, որոնք ըստ էության պատմություն չեն ուսումնասիրել և լավ չեն հասկանում, թե Հայաստան ու Ադրբեջան ժամանակակից հանրապետություններն ինչպես և որտեղից են առաջացել։ Եվ ինչպես է նրանց միջև ձևավորվել այն հակամարտությունը, որը հիմա գոյություն ունի»։

Ըստ նրա՝ իրականությունն այն է, որ այս տարածաշրջանում հակամարտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև շատ ավելի լայն ու խորն է, և ցավոք, այն միամիտները, որոնք կարծում են, թե կարելի է Արցախը հանձնել ու դրանից հետո հանգիստ կյանքով ապրել, անհեթեթություն է․ «Ոչ մի բանի դիմաց փաստորեն հանձնեցին Արցախը, դրանով միայն ավելի մեծացրին Ադրբեջանի ախորժակը։ Ադրբեջանը հասկանում է՝ հայերը թույլ կողմ են, չեն ուզում կռվել, իր թույլ, կամակատար ղեկավարության պայմաններում իրենք պետք է անընդհատ նորանոր պահանջներ դնեն»։

Ավետիք Չալաբյանը չի հասկանում՝ ինչի՞ դիմաց ՀՀ-ն Ադրբեջանին փոխանցեց ութ ականապատ տարածքների քարտեզներ և ի՞նչ ստացանք դրա համար․ «Մենք դրա դիմաց ստացանք այս սադրանքը։ Ադրբեջանը, ամեն անգամ տեսնելով ՀՀ-ի կողմից թուլության նշանները, հասկանում է, որ կարող է շատ ավելիին հավակնել թույլ հակառակորդից։ Եթե այս կեղծ խաղաղասիրական, պարտվողական օրակարգը մենք չդադարեցնենք, և Ադրբեջանին ու նրա հովանավորներին հստակ ուղերձ չհղենք, որ մենք մեր երկրի ամեն քարի ու թփի, ծառի, սարի համար պատրաստ ենք կռիվ տալ, մենք ամեն ինչ կկորցնենք։ Ինչքան Ադրբեջանը խլում է, այնքան ուժեղանում է, մենք թուլանում ենք․ ուժերի հաշվեկշիռը խախտվում է ի վնաս մեզ»։

Հետաքրքրվեցինք՝ այս համատեքստում ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ՊՆ-ի հայտարարությունը, թե լրացուցիչ պետք է ներքին հետաքննություն անցկացել, նա պատասխանեց․ «Մեկ խոսքով՝ ամոթալի։ Երբևիցե չեմ տեսել նման նախադեպ, որ մեր պաշտպանական գերատեսչությունը սեփական զինծառայողներին ինչ-որ բանում մեղադրի։ Կարելի է ներքին հետաքննություն անել, բայց դա վերածել այսպես ասած Ադրբեջանին ուղերձի, Ադրբեջանը դրան հստակ պատասխանեց։ ՀՀ-ի կողմից ամեն թուլության նշան հանդիպելու է Ադրբեջանի կողմից էլ ավելի արհամարհական, լկտի, կոշտ պատասխանի։ Ադրբեջանը կհանգստանա, երբ հասկանա, որ այս կողմից վճռական, խիզախ, կոշտ մարդիկ են կանգնած»։

Մեր դիտարկմանը՝ խոսվում է ՀՀ Զինված ուժերում բարեփոխումների մասին, սակայն մյուս կողմից տեսնում ենք, որ առաջնագծում 67 տարեկան անձինք են, մի՞թե պետք չէ ինչ-որ բաներ այս հարցերում վերանայել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Վերջերս ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ հիմա սահմանամերձ դիրքերում ԵԿՄ 10 հազար անդամներ ունենք։ Չգիտեմ՝ իրավունք ունե՞ր նման հայտարարություն անել։ Եթե մտածեք այդ թվի մասին, կհասկանաք հետևյալը․ ԵԿՄ անդամների մեծ մասն իսկապես տարեց մարդիկ են, և հարց է՝ ինչո՞ւ են սահմաններում ԵԿՄ անդամները, ոչ թե բանակը։ Ինչո՞ւ այնտեղ չեն ծառայում երիտասարդ մարդիկ, բանակային հրամանատարության տակ։ Ինձ համար հարցը պարզ է՝ բանակում իրականում ոչ մի բարեփոխում էլ տեղի չի ունենում»։

Ավետիք Չալաբյանին հիշեցրինք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նրա տեսակետը․ փորձ է կատարվում անել սահմանադրական հեղաշրջում, նա արձագանքեց․ «Ինչպե՞ս կարելի է չեղարկել սեփական Անկախության հռչակագիրը։ Դա երկրի անձնագիրն է կամ ծննդյան վկայականը։ Փաշինյանը եկել է աբսուրդ գաղափարով, որ մեր Անկախության հռչակագիրը մեզ անընդհատ պատերազմ է  պարտադրում։ Մեզ անկախության հռչակագիրը չէ պարտադրում պատերազմ, այլ այն իրականությունը, որում հայտնվել ենք, որ նույն տարածքը կամայական կերպով կիսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ընդ որում, Հայաստանին տրվել է այդ տարածքի 27 տոկոսը, Ադրբեջանին՝ 73-ը, թեև այն ժամանակ հայ և թաթար բնակչությունները մոտավորապես նույնն էին։ Տրամաբանական կլիներ, որ այդ տարածքը հավասար կիսված լինել։ Այդ դեպքում ուժերի բալանսը հավասար կլիներ և ոչ մի պատերազմի հիմք չէր լինի»։

Ըստ Ավետիք Չալաբյանի՝ այս իրավիճակում երկու ձև կա՝ կոշտ դիմադրել,  կամ գտնել նոր դաշնակիցներ․ «Պետք է դադարեցնել խաղաղասիրության քարոզը, մարդկանց խաբելը, որ այս իշխանությունը կարողանալու է խաղաղություն բերել, ունենալ այնպիսի դաշնակիցներ, որոնք պատրաստ կլինեն քո կողքին կանգնել և կանգնել ոչ թե խոսքով, այլ գործով, զենքով ու զորքով։ Այդ իմաստով մեր բախտը չի բերել։ Այս պահին չկա մի դաշնակից, որը կասի՝ ՀՀ սահմանն իմն է, դու չես խախտելու։ Էլի այս իշխանության մեղքն է, որ այդ իրավիճակին ենք հասել։ Կամ պետք է աշխատել այն ուղղությամբ, որ նման դաշնակիցներ ձեռք բերենք, կամ պետք է դիմադրել, կամ երկուսն էլ պիտի անենք։ Այլապես անընդհատ խաղաղությունից խոսելիս խաղաղություն չի առաջանում»։

Մեր փաստմանը՝ ՀՀ իշխանություններն ասում են, որ աշխատում են նոր դաշնակիցներ գտնելու առումով, դիվերսիֆիկացնում են զենքի գնումը, ԵՄ-ի դիտորդական առաքելությունն ընդլայնվեց, Ավետիք Չալաբյանը բերեց Իսրայելի օրինակը, երբ ԱՄՆ-ն միանգամից երկու ավիակիր խումբ ուղարկեց միջերկրածովյան ավազան, որպեսզի «Իսրայելի մեջքը պահի»․ «Ես դիվերսիֆիկացիային կողմ եմ։ Միայն ուրախ կլինեմ, եթե մենք նոր դաշնակիցներ ձեռք բերենք՝ ի դեմս Հնդկաստանի, Իրանի, Ֆրանսիայի, Հունաստանի և այլն։ Հարցն այն՝ այդ դաշնակիցներից որևէ մեկն այս պահին պատրա՞ստ է այնպիսի գործողություններ իրականացնել ՀՀ-ի համար, ինչպիսին ԱՄՆ-ն Իսրայելի համար։ Բայց տեսնում ենք՝ պատրաստ չէ»։

Ավետիք Չալաբյանն ասաց՝ այդպիսի քայլ կլինի, որ օրինակ՝ խզեն Ադրբեջանի հետ գազային պայմանագրերը, կիրառեն տարբեր պատժամիջոցներ։

Մեր դիտարկմանը՝ այսինքն՝ Արևմուտքը մտադրություն չունի՞ տարածաշրջանում ՌԴ-ի տեղը զբաղեցնել, նա պատասխանեց․ «Դժվար է ասել։ Ինձ թվում՝ ունի նման նպատակ։ Բայց եթե ունի էլ, այդ նպատակին այս միջոցներով հասնել չի կարող, քանի որ արանքում ՀՀ-ն պարզապես դառնալու է  կռվախնձոր Արևմուտքի և ՌԴ-ի միջև ու զոհ է դառնալու»։

Ըստ մեր զրուցակցի՝ պետք է իրատես լինել և հիշել պատմության դասերը․ «Այլապես ստացվելու է, որ մենք հիմա կթշնամանանք ՌԴ-ի հետ, ինչպես այն ժամանակ, երբ բոլշևիկյան Ռուսաստանից անընդհատ առաջարկներ էին գալիս, հայկական կառավարությունը մերժում էր դրանք, քանի որ համարում էր, որ իր իրական դաշնակիցներն արևմուտքում են, բայց վերջում կստացվի այն, ինչ ստացվեց այն ժամանակ։ Ուղղակի այն ժամանակ 60,000 քառակուսի կիլոմետր հանրապետությունը կիսվեց, հիմա այդ մնացած կեսն է կիսվելու»։

Հիշեցրինք՝ ռուսների հետ էլ լավ փորձառություն չունենք՝ օրինակ՝ ռուս խաղաղապահների պահվածքը, նա արձագանքեց․ «Ռուսների հետ փորձառությունը  շատ վատն է, մասնավորապես Արցախում իրենց պահվածքն ահավոր է։ Այն, ինչ արվեց ՌԴ կողմից Արցախում, մեզ համար հարված էր։ Բայց պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է ռուսների հետ հարաբերություններն այդ ձևի փչացել։ Երբ 2022-ին սեպտեմբերի վերջին ակնկալվում էր եռակողմ հանդիպում՝ Պուտին-Փաշինյան-Ալիև ձևաչափով, այդ հանդիպումը չեղարկվեց, դրա փոխարեն Ալիևն ու Փաշինյանը գնացին Բրյուսել։ Բանակցային  ամբողջ ձևաչափը ՌԴ-ից տեղափոխվեց ԵՄ։ Եթե Ռուսաստանը լինեք, չեք ասի՞՝ իմ զորքն է այնտեղ կանգնած, ես եմ ձեր միջև իրական ուժային միջնորդը և մեղմ ասած՝ փորձում եք ինձ շրջանցել։ Եթե փորձում եք ինձ շրջանցել, ձեր հարցերն առանց ինձ լուծեք։ Երբ ասում ենք՝ Ռուսաստանն իրեն վատ պահեց, իսկ Հայաստանն իրեն լավ պահե՞ց։ Հայաստանն Արցախին օգնության հասա՞վ։ Ռուսները չեն կարող ասել՝ դուք ի՞նչ եք մեզնից պահանջում․ այդ ընթացքում ՀՀ-ից մի զինվոր սահմանը չի հատել, արցախցիներին չի օգնել։ Մենք դեռ խաղաղ բնակչությանն օգնել ենք, իսկ դուք ի՞նչ եք արել»։

Հիշեցրինք՝ Փաշինյանը շարունակում է պնդել, որ ՀՀ կառավարությունն ունի խաղաղություն հաստատելու քաղաքական կամք և The Telegraph-ի թղթակցի հետ զրույցում նշել էր․ «Ենթադրում եմ, որ Ադրբեջանում ընտրություններից հետո այս կետերի շուրջ կկարողանանք հասնել իմպլիմենտացիայի, եթե քաղաքական կամք լինի: ՀՀ կառավարությունը, ինչպես նախկինում, ունի այդ քաղաքական կամքը մեր տարածաշրջանում գնալ խաղաղության»։

Մեր հարցին՝ արդյոք կա՞ն իրատեսական հիմքեր այս իրավիճակում խոսել խաղաղության մասին, նա պատասխանեց․ «Ոչ, չկան, որովհետև Փաշինյանը մեթոդիկ կերպով փորձում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել։ Նա փորձում է հայ ժողովրդին, իր ընտրողներին անընդհատ խաբել, կերակրել կեղծ գաղափարով, որ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղություն։ Ադրբեջանի հետ հնարավոր է խաղաղություն երկու դեպքում․ մեր կողմից կա կոշտ դիմադրություն, երկրորդը՝ մեր դաշնակցային կոնֆիգուրացիան բարելավվի այնպես, որ Ադրբեջանը հասկանում է՝ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիան նաև այլ ուժային կենտրոնների հետ դիմադրության է տանում։ Այդ դեպքում մենք կունենանք խաղաղություն․․․Մենք ունենք քաղաքական կամք խաղաղության հասնելու։

Դա ի՞նչ է նշանակում, խաղաղությունը միակողմանի պրոցես չէ․ դիմացինդ ևս պետք է խաղաղություն ուզի։ Իսկ քանի թույլ ես, նա խաղաղություն չի ուզելու, նա հարձակում է ուզելու։ Գիշատիչ աշխարհ է, մանավանդ հիմա, երբ մեր շուրջն ամենուրեք պատերազմներ են։ Այս պայմաններում անընդհատ կրկնել, որ խաղաղության ենք ձգտում, անհեթեթ թեզ է։ Մենք պետք է ձգտենք ոչ թե խաղաղության, այլ անվտանգության, մեր երկիրը պաշտպանելու։ Խաղաղություն կլինի, եթե մենք մեր երկիրը պաշտպանենք, այլ ոչ թե երբ անընդհատ խաղաղության մասին ենք խոսում»։

Հարցին՝ կեղծ թեզերին հակազդելու ներուժ ունե՞նք, քանի որ հասարակության մի մեծ զանգված կեղծ թեզերով սնվում է և գոհ ու հանգիստ է, Ավետիք Չալաբյանը պատասխանեց․ «Այս ամենն ունի երկու կողմ։ Նախ հասարակության ինչ-որ հատված սնվում է կեղծ թեզերով, և դա պայմանավորված է նրանով, որ  հաճախ քաղցր սուտն ավելի ցանկալի է, քան դառը ճշմարտությունը։ Բայց մյուս կողմից խնդիրն այն է՝ ինչպես ենք աշխատում հասարակության հետ։ Իրականությունն այն է, որ Փաշինյանի վարկանիշը նվազում է։ Նույնիսկ հասարակության այն մասը, որը պատրաստ է կամ սնվում է Փաշինյանի շրջապատի կողմից մատակարարվող կեղծ թեզերով, ի վերջո առերեսվում է իրականության հետ։ Ի վերջո հասարակությունը տեսնում է, չէ՞ որ Ներքին Հանդում չորս հոգի զոհվեց։ Խոսում ես խաղաղությունից, բայց մարդ է զոհվում»։

Մանրամասները` տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829