Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ չե՞ք մտածել, որ ինչպես Ալիեւը, այնպես էլ մեր ընդդիմությունը չեն ուզում, որ լինեն Սահմանադրական փոփոխությունները՝ այլ պատճառներով». Հասմիկ Հակոբյան

Փետրվար 14,2024 18:55

«Սահմանադրական փոփոխությունների մասին խոսակցությունը, ինչպես նաեւ խոսակցությունը օրինակ՝ օրհներգի, զինանշանի մասին, սրանք մեր ներքին խոսակցություններն են, այսինքն, կա խնդիր, որը նկատում ենք ու ուզում ենք քննարկվի, ի՞նչ խնդիր կա: Դրա մեջ ես խնդիր չեմ տեսնում»,- Aravot.am-ի հետ զրույցում ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսպես բացատրեց անհրաժեշտությունը Սահմանադրական փոփոխությունների:

Նա չի բացառում, որ քննարկումներից հետո գան եզրակացության, որ պետք չեն մեզ Սահմանադրական փոփոխություններ ու այդպես էլ չդնեն հանրաքվեի. «Գիտեք, ոնց որ հիվանդություն է, մենք խնդիր ենք տեսնում, հիմա ախտորոշման փուլն է: Եթե մենք կգտնենք, որ ոչ մի խնդիր չկա՝ ոչ մի խնդիր: Բայց եթե այս ընթացքում խնդիրներ վեր կհանվեն ու այնքան հիմնավոր կլինեն, որ կմտածենք, որ պետք է, ուրեմն պետք է այդ մասին բարձրաձայնել, եթե անհրաժեշտություն կա՝ փոխել»:

Հարցին՝ նախկինում Նիկոլ Փաշինյանը խոսում էր սահմանադրական փոփոխությունների մասին, ոչ թե նոր Սահմանադրության ու դա ինչ-որ ներքաղաքական խնդիր լուծելու համատեքստում էր՝ դատաիրավական բարեփոխումների, ԱԺ-ն լուծարելու եւ այլն, բայց հետո խոսեց նոր Սահմանադրության մասին, որ խնդիր է տեսում Անկախության հռչակագրի մեջ՝ այն դեպքում, երբ Ալիեւը դա պահանջեց, ինչո՞ւ ենք մենք Ալիեւի ասածներն անում՝ Հասմիկ Հակոբյանը պատասխանեց. «Եթե Ալիեւն ուզում է, որ այստեղ նման փոփոխություն լինի, ասում եք՝ ուզում է, Ալիեւը կբարձրաձայնե՞ր դրա մասին, որպեսզի ՀՀ քաղաքացին գնար եւ իր ուզա՞ծն աներ: Իսկ չե՞ք մտածել, որ ինչպես Ալիեւը, այնպես էլ մեր ընդդիմությունը չեն ուզում, որ լինեն այդ փոփոխությունները՝ այլ պատճառներով»:

Ճշտեցինք՝ ո՞րն է այդ պատճառը՝ պատգամավորը պատասխանեց. «Շատ տարբեր պատճառներով, օրինակ, ես իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, որ Խաղաղության պայմանագիրը լինի՝ այս դեպքում առանց երրորդ երկրի ներկայության, ներգրավածության»:

Հարցրեցինք՝ Ռուսաստանի՞ մասին է խոսքը, նա պատասխանեց. «Դուք ասեցիք, ես տեսություններով եմ գալիս: Եթե Ալիեւի ցանկությունն է, որ այստեղ սահմանադրական փոփոխություններ լինեն, ես Ալիեւի հետ կապի մեջ չեմ, ինչպես մեր ընդդիմադիր գործիչներն են կարծում, ես տեսությամբ եմ գալիս՝ եթե Ալիեւը ցանկանար, որ այստեղ ինչ-որ բան լիներ, վստահաբար ինքը այդ մասին չէր բարձրաձայնի: Կթողներ մենք իր ցանկացած փոփոխությունը կանեինք, ինքը կօգտվեր բարիքներից: Ոչ թե բարձրաձայներ, հասարակությունը չգնար դրան: Ալիեւն էլ չի ուզում: Հարցին՝ Ալիեւը չի՞ ուզում, որ Անկախության հռչակագրի մատնանշումը հանվի՝ նա պատասխանեց. «Հարցը Անկախության հռչակագիրը չէ, հարցը Խաղաղության պայմանագրի կնքումն է՝ շատ պարզ խաղի կանոններով»:

Դիտարկմանը՝ Ալիեւը խնդիր էր տեսնում, ասում էր, որ մեր Սահմանադրության մեջ Թուրքիայի նկատմամբ պահանջատիրություն կա, պետք է հանվի ու մենք հանում ենք ու երբ ասում եք Ալիեւը դա բաց տեքստով չէր հայտարարի, մենք վերջին տարիներին տեսնում ենք, որ այնքան են լկտիացել, որ ավելի մեծ նկրտումներ են ներկայացնում մեր երկրի սուվերեն տարածքների նկատմամբ եւ դժբախտաբար, Ալիեւն ինչ ասում է՝ շատ կարճ ժամանակ անց կատարվում է՝ Հակոբյանը պատասխանեց. «Ես ձեր դիտարկումներից շատերի հետ համաձայն եմ՝ կապված Ալիեւի լկտիության, ծավալապաշտական նկրտումների հետ, բայց Ալիեւի հայտարարության եւ մեր ներքին քննարկման դրած հարցի մեջ կապը ես մեկնաբանեցի»:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց՝ «մեր մեջ գիտակցություն կա, թե էս մի թիքա Հայաստանի Հանրապետությանը դուք լո՞ւրջ եք վերաբերվում, սա հայրենիք չի, սա հայրենիքի մնացորդ ա…», օրինակ, դուք ունե՞ք այդ գիտակցությունը՝ Հասմիկ Հակոբյանը պատասխանեց, թե ԶԼՄ-ները վարչապետի խոսքն այնպես են ներկայացրել, որ սխալ տպավորություն թողնի. «Դա մեդիամանիպուլյացիայի շատ ակնհայտ օրինակ է, որը աղետ է այս դարում եւ հատկապես մեր երկրում, թե ինչպես է վարչապետի խոսքը կոնտեքստից կտրվել ու ներկայացվել, թե մենք՝ Նիկոլ Փաշինյանը, Հասմիկ Հակոբյանը, ՔՊ-ն, մենք նման գիտակցում ունենք: Դա ոչ թե իմ, Նիկոլ Փաշինյանի եւ այլնի մասին էր…»:

Ասացինք՝ ես, իմ շրջապատում որեւէ մեկը նման գիտակցում չունի, հետեւաբար հարց է առաջանում՝ ո՞ւմ նկատի ուներ վարչապետը՝ տիկին Հակոբյանը պատասխանեց. «Ես շնորհակալ եմ, դուք լավ  քաղաքացի եք, եթե նման գիտակցում չունեք, ավելի առողջ մտածելակերպ ունեք, ես էլ չունեմ նման գիտակցում, այնպես որ ձեզ հասկանում եմ: Բայց ես վստահ եմ, որ նման մարդիկ եղել են, այդ իրականության մեջ ապրել ենք ժամանակին, հուսամ՝ այլեւս չենք ապրի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829