Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային սննդի կետում սնվածներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա. «Ջուլիս»-ի գործունեությունը կասեցվել է

Փետրվար 14,2024 18:01

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 8-ին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ, սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երկու անձ: Վերջիններս նախորդ օրը «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Պուշկինի 39) կերել են սաղմոնով վաֆլի և սաղմոնով սպագետի: Հաջորդող մի քանի օրերին բժշկի դիմել է նշված հանրային սննդի կետում սնված ևս 10 անձ, որոնցից 9-ը հոսպիտալացվել է: 12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա:

Նույն օրը՝ փետրվարի 8-ին բացված ստուգման հրամանի հիման վրա՝ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների շրջանակում, նմուշներ են վերցրել հանրային սննդի կետում առկա սաղմոն ձկից, ձվով սոուսից ու ձվից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:

Արդյունքում պարզվել է, որ «Մարինացված սաղմոն ձուկը»՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ախտածին ա/թ սալմոնելաներ, իսկ «Սոուս Հոլանդեզը» ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ և Proteus ցեղի մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

ՀՎԿԱԿ-ի կողմից «Ջուլիս» ռեստորանի աշխատակիցներից վերցված քսուքների մանրէակրության վերաբերյալ հետազոտության արդյունքներով աշխատակիցներից երեքի մոտ (խոհարար, մատուցող, սպասք լվացող) հայտնաբերվել է սալմոնելա` Salmonella enteriditis, իսկ մեկի մոտ՝ սալմոնելա խմբի մանրէների ԴՆԹ:

Շրջակա միջավայր մակերեսներից վերցված 30 լվացուկի մանրէաբանական հետազոտությամբ դրանցից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ):

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվում է:

Տեղեկանք. Համաձայն «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի՝ «Արտադրության կամ վերամշակման փուլերում վտանգավոր սննդամթերքի թողարկում հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կասեցվում են խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացության և լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա»:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829