«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժումը շարունակում է իր բողոքի գործողությունները: Փետրվարի 14-ին ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ կայացած միջոցառումը «Պահպանիր անցյալդ՝ պաշտպանիր ապագադ» կարգախոսով էր: «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը խոտանելու պահանջը հետապնդող նախաձեռնող խմբի անդամ, թուրքագետ, քաղաքական վերլուծաբան Վազգեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց միջոցառումները հիմնականում իրազեկման նպատակ են հետապնդում, դրանք հաշվետվության նման մի գործընթաց են, որոնք այս փուլում իրականացնում են, մինչեւ հասնեն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականին:
«Եթե նախարարը մի քանի փոքրիկ հավաքներով, ցույցերով հրաժարական տար, արդեն այս կառավարությունը վաղուց այստեղ չէր լինի: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ նման փոքր հավաքներով շատ բարդ է լինելու հասնել մեր նպատակին, ու գիտակցաբար ամեն երկու շաբաթը մեկ գալիս ենք այստեղ եւ հաշվետվություն ենք տալիս ժողովրդին, թե ինչ ենք արել երկու շաբաթվա ընթացքում, ինչ հանդիպումներ ենք ունեցել»,-հավելեց Վազգեն Պետրոսյանը:
Ասաց, որ հանդիպումներ են ունեցել դպրոցների տնօրենների, ուսուցիչների, ԵՊՀ դասախոսների, մշակութային գործիչների հետ, ձեռնպահ մնաց անուններ հնչեցնելուց: Նաեւ ասաց, որ իրենց գրասենյակում են հանդիպումներ կայանում:
Կարդացեք նաև
«Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը խոտանելու պահանջը հետապնդող նախաձեռնող խմբի անդամի խոսքով, ում հետ հանդիպել են, բոլորի մոտ կա հստակ դժգոհություն եւ բողոք՝ ներկա ամբողջ համակարգի նկատմամբ. «Այդ բոլոր բողոքներն ու դժգոհությունները համակարգել, համադրել է պետք, որն էլ փորձում ենք անել»:
Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարի հրաժարականին՝ Վազգեն Պետրոսյանն ասաց. «Կարող է վաղն էլ վարչապետը սխալմամբ հրաժարական տա: Գուցե մենք շարունակենք ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պնդել, վարչապետը վերջապես հասկանա, որ իր գնալու ժամանակն է»: Նա ընդգծեց, որ դեմ է անձամբ Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպելուն, քանի որ իրենց հստակ պահանջը նրա հրաժարականն է:
Հայոց պատմության դասագիրքը բոյկոտելու հավաքին, ի թիվս այլոց, մասնակցում էր նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը: Նա ցավով փաստեց, որ մեր երկրում խնդիրները շատ են, բայց իր ձեւակերպմամբ՝ համար մեկ խնդիրը սահմանների պաշտպանությունն է, եւ այդ խնդրում ներկա է նաեւ կրթության հարցը: «Հիմա մենք այսպես բզկտվում ենք տարբեր հարցերով, կրթության հարցով, չգիտենք որ հարցի հետեւից վազենք, ուղղակի չենք հասցնում: Ինչ վերաբերվում է Հայոց պատմության դասագրքին, եթե պատմաբանները, մասնագետները ահազանգում են եւ ասում են, որ այդպես չպետք է լինի, ուրեմն ժողովուրդը պետք է սթափվի, չպետք է վախի մեջ մնա, չէ՞ որ սա իր պատմությունն է, սերունդների մասին է խոսքը գնում… Մամաներ, որ երեխաներին դպրոց եք տանում (պապաները զբաղված են աշխատանքով), չե՞ք մտածում այս ամենի մասին: Չէ՞ որ Կոմիտասն ասում էր՝ մեր հայ ազգի ավանդույթները հիմնականում պահպանվել են կնոջ օրորոցայիններում…Հիմա, կանայք, որ երեխաներին տանում եք դպրոց, չե՞ք մտահոգվում՝ ինչ գիտելիք է երեխան ստանալու: Ես, օրինակ, շատ մտահոգ եմ…»,-ասաց երգչուհին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ