Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով երեկ Ներքին Հանդում տեղի ունեցած ողբերգական դեպքերին՝ ասաց, որ իրավիճակն էլ ավելի ողբերգական է դառնում, քանի որ թշնամին վաղուց ներխուժել է մեր ինքնիշխան տարածք, հենակետ ստեղծել եւ այդ հենակետից սպանել մեր զինվորներին: «Տարբեր խոսակցություններ կան, այդ թվում նաեւ իշխող ուժի ներկայացուցիչներից, թե պետք է մանրամասն հետաքննվի, թե ինչ տեղի ունեցավ: Ես պետք է դիմեմ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին, որ ձգտեն անպայման ստեղծել հանձնաժողով, ընդգրկվել այդ հանձնաժողովում, որպեսզի մանրամասն եւ ամբողջությամբ բացահայտվի, թե ինչ տեղի ունեցավ»,- ասաց նա եւ վստահություն հայտնեց, որ այդ հանձնաժողովը կբացահայտի, թե ինչ բարձիթողի վիճակ է տիրում մեր անվտանգային ռազմական այդ գերատեսչությունում՝ նկատի ունենալով դրա ղեկավարին եւ ղեկավարի ղեկավարին, որը միշտ սկզբունքորեն պայքարել է բանակի դեմ, սակայն այսօր հանդիսանում է բանակի գերագույն հրամանատարը:
«Մենք իսկապես ունեցել ենք բանակ, հպարտության աղբյուր: Մենք ազատագրական պայքարը սկսեցինք մեկ տանկով եւ Շուշիի ազատագրումից հետո այդ մեկ տանկը դարձավ 31 տանկ: Այսինքն, մեր բանակը մեր հպարտության աղբյուրն է եղել: Սակայն այսօր այդ բանակը արյունածոր վերքի է վերածվել այսպիսի ղեկավարության պատճառով: Եվ կշարունակի արյունածորել, որովհետեւ այս ղեկավարությունը շարունակում է անել իր գործը՝ քանդել բանակը»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
Խոսվեց այն մասին, թե այսօր ինչ է կատարվում Հայաստանի հետ: «Վերջին շրջանում շատ է խոսվում Սահմանադրությունը փոխելու, Հայոց պատմությունը Հայաստանի պատմություն դարձնելու մասին: Սրանք շատ լուրջ հարցեր են եւ տարբեր մեկնություններ կան: Բայց խոսքն այն մասին է, որ դեռեւս 2021 թվականին Ալիեւը հայտարարեց, որ Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ այնտեղ կա հողային պահանջ Ադրբեջանի նկատմամբ: Դա այն ժամանակ ընդամենը հայտարարություն էր, կատեգորիկ չէր ասվում: Բայց այնուհետեւ այնքան զարգացրեց այդ տեսությունը, որ արդեն հրամայական տոնով պարտադրում է փոխել Սահմանադրությունը: Ընդ որում, այդ պարտադրանքը տանդեմային պարտադրանք է՝ թուրք-ադրբեջանական պարտադրանք: Ըստ ադրբեջանական ռուսալեզու մամուլի, սկզբնական շրջանում Հայաստանի իշխանությունները նույնիսկ փորձել են համոզել, որ այս պահին դա հնարավոր չի եւ ճիշտ չի: Բայց Ալիեւը շատ հստակ ուղղակի հրամայել է Սահմանադրությունը փոխել:
Եվ Նիկոլ Փաշինյանը այսօր ամենօրյա ռեժիմով մարզերում հանդիպում է բնակիչների, իր թիմի հետ եւ բացատրում, թե ինչ փաստարկներով պետք է հասնել նրան, որ ժողովուրդը հասկանա, որ պետք է փոխել Սահմանադրությունը: Ու դրա տողատակը այն է, որ եթե չփոխենք, մեր որդիները կզոհվեն, կգրավեն Հայաստանի այլ տարածքներ: Այսինքն, էմոցիա գողանալու մեծ վարպետ է:
Կարդացեք նաև
Իմ կարծիքով շատ վտանգավոր է Հայոց պատմությունը Հայաստանի պատմության փոխելը: Պատմաբանները շատ լավ գիտեն, որ Աթաթուրքը ասել էր՝ պետք է իսպառ հանել Արեւմտյան Հայաստան, պատմական Հայաստան ձեւակերպումները եւ ընդհանրապես ինքը հոգեխանգարմունքի մեջ էր ընկնում, երբ լսում էր այս ձեւակերպումները: Թուրքական պատմագիտությունն ուզում է ապացուցել, իբր, հայերը քոչվոր են եղել: Ընդ որում, չի ասվում, թե երբվանից է սկսվում հայերի պատմությունը ու դա պիտի ասի Թուրքիան: Իսկ այս իշխանությունը պատրաստ է ծնկած լսել թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր հրամանները»,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ