Լրահոս
Օրվա լրահոսը

Հանել նախագիծը շրջանառությունից՝ համարելով այն չհիմնավորված, իսկ նրա իրագործման միտումը՝ խիստ վտանգավոր. «Մեկ ձայն»

Փետրվար 14,2024 16:57

«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի դիրքորոշում նամակը  «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ

«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի առաքելությունը   Հայաստանում անկախ դպրոցների զարգացումը, առաջխաղացումն ու կարողությունների հզորացումն է` ի նպաստ Հայաստանում ազգային կրթության կատարելագործմանը, կրթության որակի և արդյունավետության բարձրացմանը:

Առաջնորդվելով վերոնշյալ առաքելությամբ` «Մեկ ձայն» ասոցիացիան հայտնում է իր խորը մտահոգությունը շրջանառվող նախագծի կապակցությամբ և հանդես է գալիս հստակ դիրքորոշմամբ՝ առ այն, որ սույն նախագծով նախատեսվող փոփոխությունը չի բխում ազգային կրթության, հայի ինքնության ու պատմական ժառանգության պահպանման  շահերից: «Մեկ ձայն»-ը ամբողջությամբ կիսում է նախագիծը չեղարկելու շուրջ թե՛ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի կողմից ներկայացված, թե՛ «Այբ» դպրոցի պատմության ուսուցիչների առաջադրած, թե՛ «Մեկ ձայն» անդամ դպրոցների պատմության ուսուցիչների, ինչպես նաև մասնագիտական ու քաղհասարակության այլ խմբերի կողմից բերած հիմնավորումները: ​​ Հայ մարդու կրթության կազմակերպման առաքելությունն ունենալով` խորապես համոզված ենք, որ նման վերնագրային փոփոխությունը ենթադրում է բովանդակային փոփոխություն, ինչը ուղիղ սպառնալիք է մեր ազգային ինքնությանը:

Նկատի ունենալով «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու որոշման համատեքստը և հասարակության ու մասնագիտական հանրության մեջ հնչող տարակուսանքները, դրանց համար գործնական բացասական հիմք ծառայող «Հայոց պատմություն» առարկայի  7-րդ դասարանի դասագրքում արդեն իսկ տեղ գտած բովանդակային անթույլատրելի սխալներն ու առհասարակ գրքի բովանդակային միտումները, ինչպես նաև Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումները, սահմանադրության և զինանշանի փոփոխության շուրջ առաջիկայում նախատեսվող նախաձեռնությունները,  հորդորում ենք հրաժարվել այդ որոշումից ու հանել այս նախագիծը շրջանառությունից` համարելով այն չհիմնավորված, իսկ նրա իրագործման միտումը խիստ վտանգավոր:

Հաշվի առնելով սույն նախադեպը` հորդորում ենք այսուհետ ցանկացած հանրային կարևորության հարց քննարկել հասարակական ու մասնագիտական կառույցների հետ ու քննարկման արդյունքների հիման վրա կայացնել որոշումներ` չսահմանափակվելով ոչ գործնական բնույթ կրող հարթակների արդյունքներով, որոնք չունեն նույնականացման հնարավորություն:

Հավատարիմ մնալով  իր կոչմանը, ինչպես նաև օգտվելով  քաղհասարակության  ձայնի իրավունքից` «Մեկ ձայն» ասոցիացիան պատրաստակամ է հարթակ դառնալ հասարակական մյուս կառույցների ու խմբերի մասնագիտական քննարկումների համար:

Միևնույն ժամանակ, «Մեկ ձայն»-ը մշտապես սատարել է և կսատարի Կառավարության այն նախաձեռնությունները, որոնք միանշանակ կհանգեցնեն Հայաստանում ազգային  կրթության զարգացմանը:

«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829