Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Դիլբարյան․ «Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի ուզում ոչինչ լսել, բնավ չի հավատում Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողություններին»

Փետրվար 14,2024 16:39

«Ժամանակները եւ իրադարձությունները զարգանում են զարհուրելի արագությամբ, եւ ակնհայտ է դառնում Նիկոլ Փաշինյանի քաղաքականության փաթեթային վախճանը: Նա հույս ուներ, որ փուլ առ փուլ, անգամ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունից հետո չմնալով այն դիրքերում, որտեղ մենք պետք է մնայինք, հանձնելով Կովսականը, հետեւողական չլինելով գերիների վերադարձին, շատ արագ համաձայնելով Բերձորի միջանցքի հանձնմանը, հանձնելով Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհի, Շուռնուխի հատվածը, այնուհետեւ ռազմական գործողություններից հետո Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում եւ կարելի է ասել ամբողջ Հայաստանի բոլոր հատվածներից այսպես կոչված փաթեթային նվիրելով, ինչ-որ բան կփոխվի: Բայց այդպես չեղավ:

Նա մանտրայի պես կրկնում է, թե մենք ստորագրել ենք Ալմա Աթիի հռչակագիրը, մինչդեռ հետո The Telegraph-ին տված հարցազրույցում խոստովանում է, որ Ադրբեջանը շատ ուշ է վավերացրել այդ հռչակագիրը եւ, ընդ որում հռչակագրում ոչ մի խոսք չկա սահմանանշման եւ սահմանագծման մասին, բայց Փաշինյանը եւ ՀՀ արտգործնախարարությունը շարունակում են այդ կեղծ թեզը առաջ տանել: Նրանք Ալմա Աթին դարձրել են վահան, հանձնում են ամեն ինչ եւ կարծում են, թե իրենց փուլային կապիտուլյացիան կարող է բավարարել Ալիեւին, սակայն, ամբողջ իրականությունն այն է, որ Ալիեւին փուլային ոչինչ պետք չէ, նա փաթեթային լուծումների կողմնակից է »,-«Հայելի» ակումբում նշեց «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման անդամ Նարինե Դիլբարյանը:

Նա անդրադարձավ նաեւ Ներքին Հանդում տեղի ունեցածին. «Ներքին Հանդի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության այն ձեւակերպումը, թե կուսումնասիրենք կպատժենք, կբացահայտենք, զարհուրելի է: Եվ Արման Թաթոյանը եւ մնացյալը նշեցին, որ հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, զավթված տարածքում, այսինքն` մեզանից բռնազավթել են տարածք, այնտեղ տեղավորել են ռազմական ուժեր, հարձակվում եւ սպանում են մեր զինվորականներին, ահաբեկման են ենթարկում մեր քաղաքացիական բնակչությանը, եւ մենք պետք է պատժե՞նք այն մարդկանց, որոնք իբր թե կրակել են, թեեւ համոզված եմ, որ այդ կրակոցը չի եղել: Սա հերթական քայլն է, որով Ալիեւը ցույց տվեց, որ իրեն ոչ մի փուլ պետք չէ, ինքն ուզում է ամբողջը միասին: Այսինքն, նրանց Արեւմտյան Ադրբեջանի տեսությունը ենթադրում է Հայաստանի Հանրապետության ադրբեջանացում: Դա միակ նպատակն է, որը ձեւակերպել է Ալիեւը»:

Նարինե Դիլբարյանն ընդգծեց. «Մեր տարածքում մեր քաղաքացիներին, զինվորականներին սպանելով եւ մահվան վտանգի ենթարկելով՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի ուզում ոչինչ լսել, բնավ չի հավատում Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողություններին: Նիկոլ Փաշինյանն էլ անկեղծ ամեն տեղ ասում է, որ ինքը հրաման է տվել չկրակել, այսինքն` չպաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, ինչը ծանրագույն հանցագործություն է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ մեր մյուս բոլոր օրենքներով երկրի ղեկավարը, տվյալ դեպքում՝ վարչապետը, պետք է լինի մեր ինքնիշխան տարածքների երաշխավորը:

Իսկ Փաշինյանը ոչ միայն այդ տարածքների երաշխավորը չէ, այլեւ սկսել է այդ տարածքների աճուրդը՝ ինչ-որ անհասկանալի ձեռքբերումներ ունենալու նպատակով: Նա նաեւ պատժում է բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ադրբեջանական ագրեսիայի դեպքում որեւէ ռազմական գործողություն կատարել՝ բացի նրանից, որ ձեռքերը բարձրացրած գնան գերի հանձնվեն»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829