Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ են պայմանավորված էլեկտրաէներգիայի անջատումները եւ ո՞ր դեպքում է ՀԷՑ-ը տուգանք վճարում սպառողին

Փետրվար 14,2024 16:28

Այսօր հրավիրած ասուլիսում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանն անդրադարձավ էլեկտրաէներգիայի անջատումներին։

«Մեկ բաժանորդի մեկ տարվա ընթացքում անջատման միջին տեւողությունը 2018 թվականին կազմել է 14,72 ժամ։ Այսինքն՝ մեկ բաժանորդը մեկ տարվա ընթացքում միջինը ունենում էր 14,72 ժամ, ապա 2023 թվականին անջատման ժամերը կազմել են 9,28 ժամ։ Վթարային անջատումներով պայմանավորված անջատումները կազմել են 7,77 ժամ, իսկ 2023 թվականին՝ 4,31 ժամ։ Այսինքն՝ մոտավորապես 50 տոկոսով կրճատվել է մեր անջատումների քանակը»,- ասաց նա։

Անդրադառնալով անջատումների հաճախականությանը՝ Դավիթ Գրիգորյանն ասաց․ «2018 թվականին մեկ բաժանորդը մեկ տարվա ընթացքում հոսանքազրկվել է 9,23 անգամ, իսկ 2023 թվականին՝ 6,14 անգամ»։ Ըստ նրա՝ 2018 թվականին անջատումների քանակը կազմել է 13 հազար վթարային անջատում, իսկ 2023 թվականին՝ 9693։

«Երբ անջատում է լինում, սպառողը միանգամից ՀԷՑ-ին վերաբերում է այնպես, որ ՀԷՑ-ն էր մեղավոր անջատման համար։ Մեր էներգահամակարգը կառուցված է արտադրողներից, հաղորդողներից, բաշխողներից եւ սպառողներից։ Եվ այս չորս կոմպոնենտն էլ իրենց պատասխանատվությունն ունեն։ Արտադրողների մոտ վթարը, հաղորդողների մոտ վթարը, բաշխողների, նույնիսկ սպառողների մոտ վթարը բերում է հոսանքազրկման։ Այս վերջին աղմկահարույց անջատումները, նույնիսկ կառավարության նիստի ժամանակ անջատումը․․․ Անջատվեց-միացվեց, հանձնաժողով է ստեղծվել, ներկայացվել է արձանագրություն, որտեղ արձանագրվել է, որ այդ անջատումը պայմանավորված էր Բարձրավոլտ էլեկտրացանցերում տեղի ունեցած վթարով։ Այնտեղ տեղի ունեցած վթարները բերում են այդպիսի մասշտաբային անջատումների»,- ասաց Գրիգորյանը։

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն էլ, անդրադառնալով էլեկտրաէներգիայի անջատումներին, ասաց, որ յուրաքանչյուր բաժանորդ պետք է իմանա՝ եթե Երեւանում 4 ժամից ավելի եւ հանրապետության այլ բնակավայրերում 8 ժամից ավելի հոսանքազրկում լինի, այդ դեպքերում ՀԷՑ-ը վճարում է տուգանք։ «Մենք դա ավտոմատ հաշվեգրում ենք յուրաքանչյուր բաժանորդի քարտին՝ մինչեւ 2500 դրամ, որպես էլեկտրաէներգիայի դիմաց վճարում։ Այսինքն՝ բաժանորդն այդքանով պակաս է վճարում էլեկտրաէներգիայի դիմաց։ Մենք անցած տարիների ընթացքում ունենք շուրջ 600 մլն դրամի վճարումներ՝ որպես տուգանք»,- նշեց նա։

Պլանային անջատումներին անդրադառնալով՝ Կարեն Հարությունյանն ասաց, որ դրանք իրականացվում են ներդրումային ծրագրերի իրականացման եւ տեղային վթարների շրջանակներում։

Կարեն Հարությունյանի խոսքով՝ ներդրումային ծրագրերի ավարտից հետո լինելու են էական բարելավումներ, անջատումների քանակը նվազելու է։

Կարեն Հարությունյանը հավելեց, որ 2016 թվականից ներդրումների ծավալն աճել է տարեկան միջինը 5 անգամ։ «Դա աննախադեպ թիվ է էներգահամակարգում։ Ոչ միայն ներգրավված միջոցներով են իրականացվել ներդրումները, այլ նաեւ ընկերության սեփական շահույթի հաշվին։ Ընկերության սեփականատերն օրենսդրական բոլոր նորմերով իրավասու էր յուրաքանչյուր տարի ստանալ շահաբաժիններ, սակայն առ այսօր որեւէ լումա շահաբաժին չի ստացել ընկերության սեփականատերը։ Այդ գումարները 100 տոկոսով ուղղվել են միայն ներդրումային ծրագրերին»,- նշեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829