Այսօր վաղ առավոտից ջրահովիտցիները փակել էին փողոցները, բողոքի ցույցի էին դուրս եկել գյուղի մեծից փոքր:
Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի բնակիչները վրդովված են իրենց հարեւան գյուղում՝ Արեւաբույրում, նոր դպրոցի կառուցման լուրից: Բնակիչները զայրացած են՝ ինչու հարեւան եւ ոչ թե իրենց գյուղում: Ջրահովիտցի Գոհար Նավասարդյանը Aravot.am-ին հայտնեց, որ տարիներ շարունակ իրենց հավաստիացրել են, որ իրենց գյուղում է նոր դպրոց նախատեսված.
«Կառավարությունն իր հանձնաժողովով գումարները հատկացրել է ե՛ւ դպրոցը քանդելու, ե՛ւ նորը կառուցելու համար, մրցույթը տեղի է ունեցել, շինարարն արդեն մի քանի անգամ եկել է մեր դպրոց, տեսնելու հողատարածքը: Գործընթացը նորմալ ընթացել է, վաղը պետք է պայմանագիրը կնքվեր շինարարի հետ, բայց մեկ էլ իմանում ենք, որ մեր մոտ չի լինելու դպրոցը»:
Ջրահովիտի բնակիչները պնդում են, որ իրենց գյուղից առնվազն 3 կմ հեռավորության վրա է լինելու Արեւաբույրում նախատեսվող դպրոցը, բացի այդ, նոր դպրոցը նախատեսել են կառուցել ճահճուտ վայրում, որտեղ դեռ 10 տարի առաջ էին նախատեսել դպրոց ու նույնիսկ հիմքերն էին գցել, բայց հասկանալով անհաջող վայրի մասին՝ շարունակություն չէին տվել:
«Հիմա կառավարությունը որոշել է երկու գյուղին մեկ դպրոց… էսօր եկել են մեզ ասում, թե ձեր դպրոցը ձեր մոտ չի կառուցվում, այլ՝ Արեւաբույրում: Մի տեղ, որը գտնվում է մեր գյուղի հակառակ երեսին, որի կողքով անցնում է երկաթգիծը, որը վարչապետն ամեն ձեւով ուզում է, որ շահագործվի: Եվ եթե միայն այսօր 5 կամ 10 տոննանոց վագոն է անցնում, վաղը կանցնեն 60 տոննանոց վագոններ: Ճահճոտ տեղ է ու եթե երկաթգծերն էլ բացվեն, պատկերացրեք: Բացի այդ՝ դպրոցը տարել, հասցրել են Արեւաբույրի ծայրը, դեպի դաշտերը, այսինքն՝ իմ երեխեն 3 կիլոմետր ոտքով պետք է գնա… Այսօր եկել են մարզպետարանից, մեզ համոզում են՝ աղմուկ մի բարձրացրեք, թողեք դպրոցը տանենք Արեւաբույր։ Բայց ոնց լռենք: Մեր ձայնը հասցրեք կառավարությանը, վարչապե՛տ, քթիդ տակ դավեր են նյութում»,- շարունակեց Գոհար Նավասարդյանը՝ վստահեցնելով, որ մարզպետարանն է ամեն ինչ խառնել:
Արարատի մարզպետի օգնական Քրիստինե Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ և՛ Ջրահովիտում, և՛ Արևաբույրում դպրոցների կառուցումն այս պահին քննարկման փուլում է միայն, վերջնական որոշում չկա։ Բացի այդ, մեր զրուցակիցը փոխանցեց, որ երկու վարչական շրջանների դպրոցներն էլ շարունակելու են գործել, նոր դպրոցների կառուցման դեպքում էլ առկա կրթական կառույցները չեն քանդվելու։ Իսկ ինչու է նախապատվությունը տրվում Արեւաբույրին, ոչ թե Ջրահովիտին, ըստ մարզպետի օգնականի. «Որովհետեւ Արեւաբույրի դպրոցը շատ ավելի վատթար վիճակում է, քան Ջրահովիտինը եւ ավելի ծանրաբեռնված է աշխատում: Այս փուլում քննարկվել է և առաջնահերթ է, որ առկա կառույցները մնան, մինչև նորերի կառուցումը, որպեսզի երեխաները ստիպված չլինեն հաճախել այլ դպրոցներ։ Արևաբույրում համապատասխան տարածք կա, ուստի այս փուլում նախապատվությունը տրվել է այդ վարչական տարածքում դպրոցի հավանական կառուցմանը։ Ինչ վերաբերում է, թե ճահճուտ տարածք է, այդ մասով տեղեկությունների չեմ տիրապետում»:
Մեր զրուցակիցը պնդեց, որ երկու գյուղն էլ իր դպրոցն ունենալու է. «Մինչեւ Ջրահովիտում էլ համապատասխան տարածք կգտնեն, այդտեղ էլ նորը կկառուցեն: Այս փուլում ո՛չ Ջրահովիտի, ո՛չ Արեւաբույրի գործող դպրոցները չեն քանդվելու: Պարզապես դեռ քննարկվում է Արեւաբույրում նոր դպրոց կառուցելու գաղափարը, մինչեւ նորը չկառուցվի, Արեւաբույրի գործող դպրոցին ոչ ոք ձեռք չի տալու։ Կրկին շեշտում եմ, այս փուլում ամեն բան դեռևս քննարկման փուլում է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ