Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում թե՛ շրջապատող մարդիկ, թե՛ կառավարությունը խրախուսում էին բազմազավակությունը. տեղահանված արցախցին` Հայաստանում առկա դժվարությունների մասին

Փետրվար 14,2024 15:37

«Արցախում թե՛ շրջապատող մարդիկ, թե՛ կառավարությունը խրախուսում էին բազմազավակությունը: Ոչ մի ֆինանսական դժվարություն չենք ունեցել, երեխաներին էլ հեշտ ենք մեծացրել»,-պատմում է Արցախից բռնի տեղահանված Մարուսյա Սահակյանն` ընդգծելով, որ հիմա իր հինգ երեխաների հետ ապրում է ամուսնու քրոջ ընտանիքի, նրա սկեսուրի ու իր սկեսրոջ ու սկեսուրի հետ միասին մի տանիքի տակ. «Միասին ենք Արցախից տեղահանվել, ու հիմա տասնչորս հոգով Մասիսում`երեք փոքր ննջասենյակում, ենք տեղավորվել: Երբ տունը վարձեցինք միայն մեկ բազմոց ու բազկաթոռ կար»:

Մարուսյա Սահակյանի բազմանդամ ընտանիքն Արցախից` Շուշիից, տեղահանվել է նախ 2020թ.` 44-օրյա պատերազմի ժամանակ, իր ունեցվածքը ստիպված թողնելով հակառակորդին, իսկ պատերազմի ավարտից հետո վերաբնակեցվել Ստեփանակերտում: Այնուհետև 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հարձակման հետևանքով է բռնի տեղահանվել` գրեթե ոչինչ չվերցնելով իր հետ, իսկ ամուսինը` Գրիգորի Սահակյանը, զոհվել է այդ ժամանակ Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով:

«Մենք ինչ տեսանք նախորդ տարի սեպտեմբերին, 44-օրյայի ժամանակ չենք տեսել, այդ օրը մեզ բավական էր մի ամբողջ կյանքի դժվարություններն ապրելու համար»,-ասում է Մարուսյա Սահակյանն ու հույս հայտնում, որ գուցե մի օր հնարավորություն կընձեռվի ու ինքը կայցելի իր հայրենիք:

«Արցախում, երբ մի ընտանիք քիչ թվով երեխաներ էր ունենում, կողքից ասում էին` ինչու եք կանգ առել: Ես 17 տարեկանում եմ ամուսնացել, ու մեր ընտանիքում միշտ սեր, հարգանք ու նվիրվածություն է եղել: Ո՛չ իմ, ո՛չ էլ ամուսնուս մտքով երբեք չի անցել, որ սահմանափակվենք երկու կամ երեք երեխաներով, ես երբեք հղիություն չեմ ընդհատել` ամեն երեխա իր լույսն ունի»,-նշում է մեր զրուցակիցը:

Հինգ երեխաների մայրը` զբաղվելով տան հոգսերով ու երեխաներով թեպետ չի հասցրել աշխատել Արցախում, բայց հիմա մեծ ցանկություն ունի աշխատելու, ասում է` եթե հրուշակեղենի անվճար դասընթացներ կազմակերպվեն, սիրով կմասնակցի:

«Ամուսինս զինվորական էր` դիրքերում էր լինում, ես էլ զբաղվում էի երեխաներով ու տան գործերով: Ամուսինս ասում էր` ես աշխատում եմ, հերիք է: Իր աշխատավարձն ու բազմազավակ մայրերին տրվող երեխաների նպաստը բավարարում էր մեր ընտանիքին»,-պատմում է Մարուսյա Սահակյանն՝ ընդգծելով, որ իր զինվորական ամուսնու, որը քսանչորս տարվա զինծառայող է եղել, սեպտեմբեր ամսվա թոշակը դեռ չի ստացել, իսկ ՀՀ կառավարության տրամադրած գումարներով տան վարձն ու կոմունալ վճարումներն է հազիվ կատարում, ինչպես նաև ձմեռային հագուստ է կարողացել գնել երեխաների համար։ Մինչդեռ բետոնե հատակով, գրեթե դատարկ տանը տնտեսական ապրանքներ են անհրաժեշտ, որոնք ձեռք բերելու հնարավորություն չունի:

Մարուսյայի մեծ աղջիկը գերազանց է սովորել դպրոցում, հիմա Երևանում Հերացու անվան ԵՊԲՀ քոլեջում է սովորում, իսկ մյուս երեխաները` դպրոցում. «Նարես 2-րդ դասարան է, Նարեկս` 5-րդ, Արենս` 8-րդ, Հերսինես` 9-րդ»,-ասում է նա ու հպարտանում. «Երեխաներս` բոլորը, լավ են սովորում»:

Մարուսյայի մեծ աղջիկը` Լուսինեն, բացի քոլեջում սովորելը, նաև լուսանկարչական գործի մեծ սեր ունի: Մայրն ասում է` աղջիկն է վավերագրել իրենց ընտանիքի գեղեցիկ ակնթարթներն Արցախի հարուստ բնության գրկում, ու հիմա Լուսինեի վավերագրածները նայում են ու վերհիշում իրենց հայրենիքում ապրած պայծառ օրերը:

Լուսինեն մեզ հետ զրույցում պատմեց, որ մանկուց երազել է բժիշկ դառնալ ու հիմա դեղագործական բաժնում է սովորում` կենտրոնացած է իր ուսման վրա, որպեսզի կարողանա աշխատանք գտնի ու օգնի մորը` փոքրերին իրենց նպատակին հասցնելու համար:

«Արցախում շատ ընկերներ ունեի, մինչև հիմա շփումը կա Շուշիի իմ դպրոցի դասընկերների հետ, Երևանում արդեն մի քանի անգամ հանդիպել ենք»,-ասում է Լուսինեն ու ընդգծում, որ շատ քույրեր ու եղբայրներ ունենալն օգնում է հեշտ մտերմանալ մարդկանց հետ. «Դու արդեն հաշվի ես առնում ու հարգում ես նաև մյուսների կարծիքը ու այդպիսով հեշտ ծանոթանում ու ընկերանում ես»:

Լուսինեի ծնողներն իր ծննդյան օրը` ամռանը, խոստացել էին ֆոտոխցիկ գնել, սակայն գրեթե մեկ տարի շրջափակման մեջ գտնվող Արցախի խանութներում փնտրել ու չեն գտել, իսկ սեպտեմբերյան դեպքերից ու հոր զոհվելուց հետո էլ խոստումն անկատար է մնացել. «Արցախում բնությունը շատ սիրուն էր, սիրում էի լուսանկարել: Հիմա եթե հնարավորություն ունենամ, կուզենամ լուսանկարչության դասընթացների մասնակցել»,-իր ցանկությունն է բարձրաձայնում Լուսինեն:

Մարուսյայի մեծ տղան` Արենը, 13 տարեկան է, Արցախում պատմություն ու աշխարհագրություն էր ուսումնասիրում, հիմա էլ` համակարգչի սարքերն ու ծրագրերը, ուզում է ծրագրավորում սովորել, իսկ փոքր տղան`Նարեկը, ինը տարեկանից որսորդությամբ ու ձկնորսությամբ է զբաղվել, Հերսինեն 14 տարեկան է ու մասնագիտության ընտրության երկմտանքի մեջ է, իսկ 7-ամյա Նարեն արդեն որոշել է ` նկարչուհի է ուզում դառնալ:

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829