Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարեկան տնտեսված 20 մլրդ դրամը թույլ է տվել վերջնական սպառողների համար մեղմել էլեկտրաէներգիայի սակագնի ազդեցությունը»․ Արմեն Արշակյան

Փետրվար 14,2024 15:19

Էլեկտրական էներգիայի կորուստի նվազեցումից տարեկան 14 մլրդ դրամի տնտեսում է արվում։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության էկոնոմիկայի եւ ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը։

«Մինչեւ 2015 թվականը, այսինքն՝ մինչեւ այն պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցերն անցել են Տաշիր խմբի կառավարմանը, ներդրումները կրել են ոչ կանոնավոր բնույթ եւ հիմնականում ուղղված են եղել ոչ թե զարգացման ու ընդլայնման խնդիրների լուծմանը, այլ եղած իրավիճակի պահպանմանը, վթարային աշխատանքների իրականացմանը։ Տարեկան միջինը 5-16 մլրդ դրամի ներդրումներ են իրականացվել։ 2016 թվականից ընկերությունն առաջին անգամ կազմեց հնգամյա ներդրումային ծրագիր, այնուհետեւ՝ տասնամյա։ Եվ ծրագրերը կազմվել էին՝ հաշվի առնելով միջազգային փորձը։ 2016 թվականից մեր լայնածավալ ներդրումային ծրագիրը կազմել է 235 մլրդ դրամ, այսինքն՝ տարեկան միջինը 35 մլրդ դրամի չափով՝ առանց ԱԱՀ-ի»,- ասաց նա։

Արշակյանի տեղեկացմամբ՝ 2016-ից մինչեւ 2030 թվականը սպասարկման որոշակի բարձրացման, էլէներգիայի հուսալի եւ անխափան մատակարարման համար հատկացված գումարները կազմում են շուրջ 160 մլրդ դրամ։ Նոր սպառողներին ցանցերին միացնելու, ինչպես նաեւ ցանցերի ընդլայնման ծրագրերի հատկացումները կազմելու են 171 մլրդ դրամ։ «Ընդհանուր առմամբ, մենք պլանավորում ենք, որ կունենանք 461 մլրդ դրամի ներդրում, որն աննախադեպ է ոչ միայն մեր երկրի տնտեսության, այլ նաեւ տարածաշրջանի համար։ Դոլարային ցուցանիշով դա կես միլիարդ դոլարից ավելի ներդրում է կազմում»,- ասաց նա։

Անդրադառնալով կորուստների նվազեցմանը՝ Արմեն Արշակյանն ասաց, որ 2002-2003 թվականներին, երբ ցանցերը մասնավորեցվում էին, համակարգում տեխնիկական եւ առեւտրային կորուստները կազմում էին 21 տոկոս։ 2023 թվականին, նախնական տվյալներով, կորուստները կազմում են 6,6 տոկոս։ Արմեն Արշակյանի խոսքով՝ այսինքն՝ գրեթե երեք անգամից ավելի կորուստները նվազեցվել են, ինչը բավական լուրջ ցուցանիշ է։

«Միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից կատարվել է վերլուծություն, եւ համեմատվել են բաշխման կորուստներն այլ երկրների հետ։ Հայաստանն ունի կայուն միջին եվրոպական ցուցանիշ, որը, հաշվի առնելով այն ժառանգությունը, որն ստացել էինք կորուստների, տեխնիկական զինվածության, տեխնիկական մաշվածության մասով, բավական լուրջ ու կարեւոր ցուցանիշ է»,- ընդգծեց նա։

«Այսպիսով՝ էլեկտրական էներգիայի կորուստի նվազեցումից մենք տարեկան ունենք 14 մլրդ դրամի տնտեսում։ Ընդ որում, առեւտրային կորուստները հասցված են զոր մակարդակի։ Աշխատողների թվաքանակի կրճատման աշխատավարձի ֆոնդի օպտիմիզացման արդյունքում մենք տարեկան ունենք 3,6 մլրդ դրամի տնտեսում։ Եվ շահագործման ծախսերի նվազեցման արդյունքում ունենում ենք շուրջ 2,7 մլրդ դրամի տնտեսում։ Այսինքն՝ այդ բոլոր ցուցանիշները միմյանց գումարելով՝ տարեկան տնտեսումը կազմում է շուրջ 20 մլրդ դրամ, ինչն էլ թույլ է տվել, ունենալով այսպիսի լայնածավալ ներդրումային ծրագիր, վերջնական սպառողների վրա սակագնի ազդեցությունը մեղմել եւ չավելացնել լրացուցիչ բեռ»,- հավելեց Արմեն Արշակյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829