Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարիների ընթացքում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի ծրագիր են իրականացրել Երևան-Գորիս ավտոմայրուղու երկայնքով տեղակայված Արփի գյուղում: Նախ լուսավորվել են կենտրոնական ու երկրորդական փողոցները, ապա՝ գյուղով անցնող Մ2 միջպետական նշանակության մայրուղու՝ 1,7 կմ երկարությամբ հատվածը:
Դեռևս առկա խնդիրները լուծելու և համայնքին աջակցելու նպատակով, տարիների գործընկերները դարձյալ քայլեր են ձեռնարկել՝ գնալով օպտիմալ լուծման. հզորացրել են մայրուղու՝ բնակավայրով անցնող հատվածի լուսարձակները, իսկ փոխարինված՝ 48 լուսադիոդային լուսարձակ տրամադրել են համայնքին: Դրանք նախատեսված են այլ տարածքներում լուսավորության ապահովման, կամ արդիականացման համար:
Մ2 միջպետական նշանակության մայրուղին գյուղը բաժանում է աջ ու ձախ մասերի, երթևեկությունն էլ բավականին ծանրաբեռնված է: 2020 թվականին ամբողջությամբ նոր ստեղծված համակարգի 60 Վտ հզորությամբ 48 լուսադիոդային լուսարձակ, երեք տարի շահագործվելուց հետո, փոխարինվել են 120 Վտ հզորությամբ լուսարձակներով՝ ապահովելով առավել բարձր լուսատվություն: Համակարգն արդեն գործում է, միանում է ավտոմատ ռեժիմով և արդարացնում բոլորի հույսերը: Մայրուղու այդ հատվածը գիշերային ժամերին առավել լուսավոր է դարձել: Արդյունավետ լուծումից գոհ են և´բնակիչները, և´ վարորդները:
«Փոխարինված լուսադիոդային լուսարձակներն արդյունավետն են: Ակնհայտ է դրանց տարբերությունը. ավելի բարձր լուսատվություն են ապահովում: Համակարգը միանում է ավտոմատ ռեժիմով, առանց մարդկային միջամտության: Հանված լուսարձակները պահեստավորվել են: Մի մասն օգտագործվել է մյուս բնակավայրերում՝ ինչ-որ փողոց լուսավորելու կամ փչացած լուսարձակները փոխարինելու համար», – ասել է Արենի համայնքի Արփի բնակավայրի վարչական ղեկավար Ռազմիկ Վարդանյան:
Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործընկերությամբ իրականացվող ծրագրի արդյունքը երկարաժամկետ է և թիրախավորված: Նման հետևողականությունը կարևոր է էներգախնայողության, բնապահպանական, համայնքային միջոցների տնտեսման համար, ինչպես նաև մարդկանց անվտանգության ապահովման տեսանկյունից. Արփին Վայոց ձորի մարզի այն գյուղերից է, որտեղ արջերի անակնկալ այցը վաղուց սովորական է դարձել: Ենթակառուցվածքների զարգացումը, թվարկված բոլոր առավելություններին զուգահեռ՝ քաղաքակիրթ պայմաններ է ապահովում հեռավոր մարզերում ապրողների համար: